Արևապաշտպան ակնոց ընտրելիս


 

Իր իրավունքների մեջ մտնող ամառը ստիպում է արևապաշտպան ակնոց կրել: Մասնագետները վաղուց ի վեր նախազգուշացրել են ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցության մասին, որը մեղմվում կամ իսպառ վերանում է արևային ակնոցների շնորհիվ:

Իհարկե, նախընտրելին մասնագիտացված ցանցերից հատուկ արտադրողների առաջարկած տեսականին է` և´ որակի, և´ նորաձև տեսքի առումով: Սակայն դրանց գները ոչ բոլորին են մատչելի: Ուրեմն բավարարվենք միայն այնպիսի խորհուրդներով, որոնք կապ չունեն ակնոցների գների հետ:

1. Մուգ տեսապակիներով էժան ակնոցները կարող են վնասել առողջությունը: Դրանք առաջացնում են բիբերի լայնացում, ինչի արդյունքում աչքերը արևի ճառագայթների բարձր չափաքանակ են ընդունում: Ուշադիր ընտրեք տեսապակիների գույնը. ավելի լավ է` առավելագույնս բնական գույներ ընտրեք:

2. Նախընտրելի են քերծվածքներից պաշտպանված պլաստիկ տեսաոսպնյակները. ապակյաները շուտ են փշրվում ու վտանգավոր են հատկապես շարժուն մարդկանց համար:

3. Մեծ շրջանակներով ակնոցներն ավելի հուսալիորեն են աչքերը պաշտպանում ճառագայթներից: Մանավանդ սպիտակ մաշկ ու բաց գույնի աչքեր ունեցողներին խորհուրդ է տրվում այնպիսի ակնոցներ, որոնք կծածկեն աչքերի ամբողջ շրջանակը:

4. Ընտրեք որակյալ շրջանակներ` ամուր և ճկուն ունկերով, որոնք չեն ձևափոխվում ու չեն կոտրվում:

5. Արևապաշտպան (նաև օպտիկական) ակնոցների կշիռը չպետք է գերազանցի 70 գրամը: Ակնոցը չպետք է ամուր գրկի ու ճնշի գլուխը:

6. Նորաձև է համարվում դեմքի ուրվագծի և ակնոցի շրջանակների հակադրությունը: Դիցուք` կլոր շրջանակ ու քառակուսի դեմք, ձվաձև շրջանակ` երկարավուն դեմքի համար և այլն:

Ցանկալի են ամառային արտահայտիչ գույները` վարդագույն, սպիտակ, բաց շագանակագույն, երկնագույն, նուրբ մանուշակագույն, բաց կանաչ և այլն: