ՄԵԿ ՕՐՈՒՄ` ԵՐԿՈՒ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ


 

Երկուսն էլ` Երևանում: Կիևյան կամուրջը, որը դարձել է ինքնասպանների նախընտրած վայրը, այս անգամ երկու երիտասարդի է անդունդ տարել: Առաջինը 20-ամյա մի աղջիկ է ինքնասպան եղել: Հարազատներից մեկը կասկած է հայտնել, թե նրան դրդել են այդ քայլին, կամ էլ սպանել, ապա բերել են այստեղ: Իսկ ահա մյուսը 33-ամյա երիտասարդ է, ով, ըստ որոշ տեղեկությունների, աշխատելիս է եղել Ֆինանսների նախարարությունում: Մեր խնդիրը չէ ստանձնել նախաքննություն իրականացնող մարմնի գործառույթները, քանի որ մենք մտահոգված ենք առավելապես երևույթների բարոյական կողմով:

Ինչո՞ւ են մարդիկ ինքնասպանություն գործում, ինչո՞ւ են դիմում ծայրահեղ որոշումների: Ամեն մեկն, իհարկե, իր պատճառներն ու բացատրություններն ունի, սակայն կյանքին վերջ տալն, ըստ էության, թուլության նշան է, երբ մարդը չի կարողանում տիրապետել իր զգացմունքներին ու կրքերին, հիասթափությանն ու անզորությանը: Բժիշկները տարբեր կերպ են բացատրում ինքնասպանությունների շարժառիթներն ու հոգեվիճակները, ճակատագրական քայլի պահը համարում են անկանխատեսելի:

Շատ վաղուց առաջավոր երկրներում յուրաքանչյուր քաղաքացու համար պարտադիր է դարձել հոգեվերլուծողի հետ զրույցներ վարելը: Երևի մեր ազգային նկարագիրն ու դաստիարակությունն են խանգարում, որ մենք տակավին չենք ուզում օգտվել հոգեվերլուծողների ծառայությունից: Թերևս անհարմար ենք զգում կամ էլ չենք գիտակցում, որ մասնագետի ցանկացած զրույց կարող է փոխել մեզ, բեռնաթափել ավելորդ հույզերից, կրքերից, բացասական զգացումներից:

Քիչ չեն դեպքերը, երբ հոգեվերլուծողի հետ զրույցները մարդկանց հեռու են պահել ամենաողբերգական քայլերից ու որոշումներից, կյանք վերադարձրել:

Մեր օրերում հատկապես, երբ հոգեբանական դեպրեսիաները դարձել են հաճախակի, երբ սոցիալական պայմանները, տարբեր վախերն ու անհանգստությունները մարդկանց հանել են հավասարակշռությունից, անհրաժեշտ է դառնում հոգեբանական դաստիարակությունը, որի համար մեզանում պայմաններ չեն ստեղծվել` չնայած տարբեր բուհեր ամեն տարի հարյուրավոր շրջանավարտներ են կյանք ճանապարհում` հոգեբանի որակավորմամբ: Դիպլոմավոր շատ մասնագետներ ատամնաբուժարաններ են բացում, սնկի նման ավելացող դեղատներ, մինչդեռ այսօր չկան հոգեվերլուծական ծառայություններ մատուցող կենտրոններ, կլինիկաներ ու կաբինետներ: Երկրիս Առողջապահության նախարարությունը բազմաձև արտոնագրեր է տրամադրում տարբեր մասնագիտությունների բժիշկների, սակայն մինչև օրս հոգ չի տարել, որ բոլորիս համար այնքան անհրաժեշտ հոգեվերլուծությունը ևս մտնի մեր կենցաղ ու գիտակցության մեջ: Այդ դեպքում միայն հնարավոր կլինի խուսափել ողբերգական դեպքերից, փրկել շատերի կյանքը, մարդկանց հեռու պահել ճակատագրական վճիռներից:

Լ. Մ.