ՆԻԿՈԼՆ ԸՆԴԴԵՄ «ԼՖԻԿԻ»


 

Թիվ 7 ընտրատարածքում կրքերը գնալով թեժանում են: Հիմա էլ այստեղ գրանցված թեկնածու Նիկոլ Փաշինյանն ու նրա վստահված անձ Վահագն Հովնանյանն են դիմել ընտրական հանձնաժողովին` չեղյալ համարելու Սամվել Ալեքսանյանի գրանցումը: Ինչպես նշում են բողոքողները` «2012 թ. ապրիլի 19-ին թիվ 7 ընտրատարածքի ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանը 7-րդ ընտրատարածքում գտնվող Երևանի թիվ 190 դպրոցում անցկացրել է նախընտրական հանդիպում, որի ընթացքում ընտրողներին է բաժանել դրամ, և տվել է վերջին զանգի արարողությունն իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում անվճար կազմակերպելու խոստում»:

Այս փաստը հաստատել են շատերը, ուստի Փաշինյանը վկայակոչել է ՀՀ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 7-րդ կետը, որը հաստատում է. «Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից« կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ: Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ նրանց առաջադրած թեկնածուները»:

Թե ինչպիսի պատասխան կլինի` կարելի է ակնկալել. Սամվել Ալեքսանյանը կմնա թեկնածուների ցուցակում: