Սոցհարցումներն այս կամ այն քաղաքական նախընտրությունն են


 

Քարոզարշավի կեսից ավելին արդեն անցել է: Ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերը հասցրել են նախընտրական ծրագրերը ներկայացնել տարբեր մարզերի բնակիչներին և ստուգել նրանց շրջանում իրենց վարկանիշը: Նրանցից շատերը նաև հասցրել են բախվել մեզանում արմատացած` քարոզարշավի խոչընդոտներին: Ընտրական գործընթացներից իր տպավորությունների մասին է հարցազրույցը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:

- Այս ընթացքում «Ժառանգությունն» այցելել է հանրապետության տարբեր բնակավայրեր: Մեզ համար յուրաքանչյուր հանդիպում արժեքավոր է, որովհետև այդտեղ է Հայաստանի քաղաքացիական ներուժը: Ընթացքում նկատում ենք փաստացի ընտրախախտումներ. կան շտաբներ, գրասենյակներ պետական սեփականություն հանդիսացող շենքերում, կան նաև այլ խախտումների մասին լուրեր, որոնց ապացուցման դեպքում, դրանք կներկայացնենք իրավապահներին, ինչպես նաև գործող բոլոր շտաբներին:

- «Ժառանգության» անդամներն արդեն խոսել են միասնական շտաբին կուսակցության չմիանալու մասին: Այնուհանդերձ, ցանկալի է անձամբ Ձեզանից իմանալ դրա պատճառները :

- Մեզ համար անհրաժեշտ է, որ Սահմանադրության, ազատ ընտրությունների, ժողովրդի առջև հաշվետու լինելու հարցում անհատական կարծիքներ չլինեն: Սա պատասխանատվություն է, որ յուրաքանչյուրն արդեն կրում է` ըստ Սահմանադրության: Եվ եթե լինելու են քաղաքական զորակցող հուշագրեր, կարծում եմ` այդ պատասխանատվությունը պետք է կրեն ոչ թե անձնական կարծիքի, այլ յուրաքանչյուր ցուցակի առաջատարի միջոցով: Մենք պատրաստ ենք թե´ ութ այլ մրցակիցների առաջատարների, թե´ երեք այլ մրցակիցների առաջատարների հետ ստորագրել հենց հիմա: Բայց արդեն 12 օր է մնացել քարոզարշավին, և մենք արդեն ասել ենք, որ ոչ ժամավաճառության խնդիր ունենք, ոչ էլ սեփական մոտեցումների: Մենք կհամագործակցենք բոլոր շտաբների հետ և զուգահեռ բոլորին կուղարկենք մեր տեղեկատվությունը:

Քարոզարշավի ընթացքում կուսակցություններից յուրաքանչյուրը գրավիչ խոստումներ է շաղ տալիս` հաճախ չասելով, թե ինչպե՞ս պետք է իրականացնի, կամ մինչև հիմա ինչո՞ւ չի իրականացրել դրանք: «Ժառանգությունը» խոստա-նում է կրկնապատկել բյուջեն և կազմակերպել արտագաղթածների մեծ վերադարձ` տարեկան 100 հազար մարդ: Ինչպե՞ս եք այդ ամենն իրականացնելու:

- Դա համազգային հրամայական է, ու «Ժառանգությունը», որ մաս է կազմելու նոր մեծամասնության և ունենալու է կառավարական գործադիր լծակներ, առաջին հերթին ասելու է, որ մեր պատգամավորները, նախարարները և հանրային այլ պատվիրակներն իրենց հանրային ծառայությունը չեն օգտագործելու առանձին զուգահեռ բիզնես, եկամուտ, թե որևէ այլ` մասնավոր շահ հետապնդելու համար: Եթե այսօր բոլոր ստվերային, զուգահեռ միջոցները, այդ «ձախ» եկամուտները բյուջե մտնեն, և ավելորդ ծախսերը` թիկնապահներ, ջիպեր և այլն, չլինեն, եթե 5 տարվա ընթացքում մի փոքր համեստ ապրեն շարքային պատգամավորը, նախարարը, վարչապետը և նախագահը, այնպիսի օրինականության, կանխատեսելիության և վստահության դաշտ կստեղծվի, որ ոչ միայն բյուջեն կկրկնապատկվի, այլև ներդրումներ կլինեն Սփյուռքից: Սա որևէ կախարդական գաղտնիք չի պարունակում: Այս պարզ, պարկեշտ ու լավ կառավարման արդյունքում մենք կիրականացնենք ծրագրային դրույթները: Եթե 5 տարիների ընթացքում այդ արտագաղթը չվերածվի գոնե ներգաղթի մեկնարկի, կարծում եմ` «Ժառանգությունն» իր ծրագիրը տապալած կլինի: Եթե այսպես շարունակվի, մեր դրոշը կմնա ՄԱԿ-ի շենքի առջև, բայց պետական որակ չենք ունենալու: Եթե 97 տարի առաջ կորցրեցինք մեր պատմական հայրենիքի մեծ մասը և 1,5 մլն մեր նախնիներից, մեր 20 տարիների ընթացքում նույնպես մենք միլիոնից ավել զիջել ենք. և դա արդեն մեր և ոչ թե թշնամու մեղքն է:

- Ինչպե՞ս եք վերաբերվում սոցիոլոգիական կանխատեսումներին, որոնք այնքան էլ բարենպաստ չեն «Ժառանգության» համար:

- Արդյունքները կամփոփենք մայիսի 7-ին: 5 տարի առաջ, երբ մենք հաղթեցինք Երևանում և առաջատարներից մեկն էինք ողջ Հայաստանի տարածքում, այն ժամանակ ևս մեծ հանրահավաքներով չէինք տարված, դա մեր մոտեցումը չէր: Մենք կարևորում ենք յուրաքանչյուր հանդիպում յուրաքանչյուր խաչմերուկում կամ հրապարակում: Ազատության հրապարակում կլինի մեր հաղթահավաքը, և այնտեղ կտեսնեք, թե մեր շարքային ընտրողն ինչպես է գիտակցում և կարևորում իր ներկայությունը: Իսկ սոցիոլոգիական հարցումներ կատարողներից շատերն ուղղակի ներկայացնում են այս կամ այն քաղաքական նախընտրությունը:

- Ստեփան Սաֆարյանը հայտարարել է, որ միասնական շտաբն, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանի շտաբն է: Դուք կիսո՞ւմ եք նրա կարծիքը:

-Ես Սաֆարյանի այդ ձևակերպման հետ համաձայն չեմ:

Ա. Դ.