ՏԱՐՕՐԻՆԱԿ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ


 

Շատ քիչ ժամանակ է մնացել ընտրություններին, բայց «տարօրինակությունները» շարունակում են ի հայտ գալ` մեկ անգամ ևս համոզելով, որ այս ընտրությունները կտարբերվեն ոչ միայն կանխատեսելիությամբ, այլև ոմանց զարմանալի պահվածքով: Այսպես, թիվ 25 ընտրատարածքում ինքնաբացարկ է ներկայացրել տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ում համար օրուգիշեր աշխատում էին մարզի հարկայինի պետը, այլ պաշտոնյաներ: ՕԵԿ թեկնածուն, սակայն, հանեց իր թեկնածությունը: Մենք տեղեկություններ ունեինք, որ Մանուկ Վարդանյանն արտաքուստ «պաշտպանելով» հարազատ կուսակցությանը, «ներքուստ» խաղեր էր տալիս` շատ ընտրողների հորդորելով ձայն տալ ԲՀ կուսակցությանը: Ու հիմա նա հանեց թեկնածությունը: Հանեց` հօգուտ ԲՀԿ թեկնածուի, քանզի հազիվ թե նա կամենար աջակցել ՀԱԿ-ի թեկնածու Սասուն Միքայելյանին, ում հնարավորությունները բավական մեծ են այստեղ: Ուրեմն, կան ներքին պայմանավորվածություններ և այնպիսի համաձայնություններ, որոնք արդեն հուշում են ընտրությունների ելքը: Հավանաբար, ԲՀԿ-ն Մանուկ Վարդանյանին խոստացել է պահպանել նրա պաշտոնը, ինչի դիմաց էլ այս պաշտոնյան «Օրինաց երկրից» թռիչք կկատարի դեպի «Բարգավաճ»: Կարևորն այն է, որ կպաշտպանի ամենաշահութաբեր պաշտոններից մեկը մեր երկրում: