Նախկին փեսաների պերճանքն ու թշվառությունը


 

«Նախկին փեսա» բառակապակցությունն ինքնին ամեն ինչ ասում է: Օրինակ, ըստ նախկին փեսաների կանանց և վերջիններիս ծնողների բնորոշման` նախկին փեսան դատարկապորտ, անբան, ձրիակեր, անինքնասեր, անհավասարակշիռ, և այլն, և այլն, անձնավորություն է: Իսկ թե ինչ կարծիքի են նախկին փեսաներն իրենք իրենց մասին` ծանոթանանք ոստիկանության օպերատիվ ամփոփագրերում տեղ գտած վերջին հաղորդագրություններից երկուսին, քանի որ, ինչպես ասվում է նաև Սուրբ գրքում, յուրաքանչյուր մարդու մասին դատում են ըստ իրենց գործած արարքների:

Օրերս, ուշ երեկոյան, Երևան քաղաքի Մարգարյան փողոցի մի բնակչուհի ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ իրենց բնակարանը գող է մտել, հայրը նրան բռնել է և դրսում միմյանց քաշքշում ու վիճաբանում են:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողներին տանտերը հայտնել է, որ ժամը 18.30-ից մինչև 21.50-ն ընկած ժամանակահատվածում, երբ իրենք բացակայել են տնից, նախկին փեսան` 1984 թ. ծնված Սիրեկան Հ.-ն, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է առաջին հարկում գտնվող բնակարանի պատուհանը« մտել է ներս և գողացել ոսկյա զարդեր ու գումար:

Գողությունը կատարելուց հետո Սիրեկան Հ.-ն բռնվել է նախկին աներոջ կողմից, այնուհետև ոստիկանները նրան բերման են ենթարկել բաժին:

Գրեթե նույն ժամանակահատվածում նախկին փեսայի «կատարմամբ» մի դեպք էլ արձանագրվել է հեռավոր Տաշիրում:

61-ամյա Տանյա Ա.-ից ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ նախկին փեսան` 1982 թ. ծնված Գևորգ Պ.-ն, Վանաձոր քաղաքից եկել է իրենց տուն և վիճաբանում, անպատվում ու հայհոյում է տնեցիներին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ առավոտյան, ժամը 11.00-ի սահմաններում, Գևորգ Պ.-ն այցելել է իր երկու երեխաներին` տեսակցության, այնուհետև վիճաբանել է Տանյա Ա.-ի դստեր` իր նախկին կնոջ հետ, որի ընթացքում գրպանից դանակ է հանել, հայհոյել և հաշվեհարդարի սպառնալիքներ տվել նախկին կնոջն ու տան անդամներին:

Գևորգ Պ.-ի ձեռքից դանակը վերցնելու ժամանակ նախկին զոքանչը ձեռքի մասում վնասվածքներ է ստացել: Նրան դատաբժշկի ուղեգիր են տվել, իսկ խուլիգանական արարքների հեղինակի հարցով ոստիկաններն արդեն քննություն են սկսել: