Վերածնունդ.

Հայի առեղծվածը

 


 

«Կուզենայի այս աշխարհում տեսնել մի ուժ, որ կարողանար բնաջնջել ցեղն այս:… Առանց հացի ու ջրի աքսորեցեք նրանց դեպի անապատ: Հրկիզեցեք նրանց տներն ու եկեղեցիները: Ապա` տեսեք` ինչպես պիտի խնդան, երգեն, աղոթեն կրկին: Զի նրանցից երկուսը մի որևէ տեղ այս աշխարհում երբ հանդիպեն իրարու, տեսեք` ինչպես պիտի կերտեն մի նոր Հայաստան»:

Վիլյամ ՍԱՐՈՅԱՆ

Մեր ժողովրդի ողջ պատմությունը շարունակական անկումների, թռիչքների, վայրէջքների ու վերելքների, հալածանքների ու փառահեղ հաղթանակների մի զարմանալի շղթա է: Իսկ հայը մաքառող, փլատակների վրա նորը կառուցող, թաց աչքերով մոխիրներից հառնող, վերածնվող տեսակ է: Մի ժողովուրդ, որ ապրեց, արարեց, հավատաց և հաղթեց:

Օրեր առաջ Հայ ավետարանչական ընկերակցության և Հայաստանյայց ավետարանական եկեղեցու «Հայասա» թատերախումբը ներկայացրեց «Վերածնունդ» պիեսը` Բարձրյալի հրաշափառ հարության և հայ ազգի վերածնունդի գաղափարների ինքնատիպ զուգորդմամբ: Հատկանշական էին Հայ ավետարանչական ընկերակցության մամուլի բաժնի պատասխանատու Անդրանիկ Մարդոյանի խոսքերը.

- Եվրոպական երկրների համար 14-16-րդ դարերը բնութագրվեցին որպես Վերածննդի ժամանակաշրջան, որն արվեստի և մշակույթի պատմության մեծագույն հեղաշրջումն էր: Սակայն մինչ այդ մարդկության պատմության մեջ տեղի էր ունեցել մի արտասովոր, գերբնական իրադարձություն` Հիսուս Քրիստոսի հարությունը, որը մարդկության պատմությունը նույնպես բաժանեց 2 մասի` Քրիստոսից առաջ և Քրիստոսից հետո: Մեր ժողովրդի պատմությունը նույնպես արմատական փոփոխությունների և շարունակական վերածննդի պատմություն է: Հայի վերածնունդը տոկունության, վեհ նպատակների ձգտման և համառ պայքարի մեջ է: Այսպես ապրել ենք դարեր:

«Վերածնունդ» ներկայացման հիմքն ազգությամբ հույն` ամերիկացի դրամատուրգ Ռիչարդ Կալինովսկու «Հրեշը լուսնի վրա» պիեսն է, որտեղ այլազգի հեղինակն ընդվզում է ու դատապարտում հայության և առհասարակ մարդկության դեմ իրագործված սարսափելի ոճիրը: Ցեղասպանությունից մազապուրծ հայ երիտասարդները հանդիպում են ԱՄՆ-ում և ընտանիք կազմում: Երկուսն էլ զոհ են, երկուսն էլ սեփական աչքերով են տեսել գազանաբարո նախճիրը. Արամը` ընտանիքի գլխատված անդամներին, Սեդան` խաչված մորը: Նրանք կորցրել են ամեն ինչ, նաև իրենց վերագտնելու, ապրելու հույսը` տրվելով միայն դառը հիշողություններին: Սակայն կյանքը վերածվում է ապրելու պայքարի: Ապրելու, արարելու կամքը դառնում է գերնպատակ: Գլխավոր հերոսի շուրթերով հնչում է հայ ժողովրդի վերածնվելու խորհուրդը` «Յուրաքանչյուր զոհի դիմաց պահանջվում է մի նոր ծնունդ ու նոր կյանք»:

- Հայ ազգի հարության առեղծվածի վրա է հինված ներկայացումը: Այն նվիրված է Հարության տոնին և, իհարկե` Հայոց եղեռնի զոհերի հիշատակին: Մեր թատերախումբը գործում է արդեն 11 տարի: Այս ժամանակահատվածում մի անխախտ ավանդույթ ենք որդեգրել` հոգևորի և ազգայինի միաձուլումը: Երիտասարդ սերնդի` ազգային արժեքներով դաստիարակությունը չափազանց կարևոր է: Մեր առաքելությունը հենց դա է,- ասում է «Հայասա» թատերախմբի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Նունե Աբրահամյանը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ