Հա՞ որ...


Մինչ հերթական քառօրյային մեր խորհրդարանի երևելիները քափ ու քրտինքի մեջ մտած նորից էին Ընտրական օրենսգիրքը քննարկում, Արմավիրում տեղի ունեցած կիրակնօրյա ընտրություններն այդպես էլ չավարտվեցին: Շաբաթավերջին հայտնի դարձավ, որ այստեղ միայն քվեարկությունն է ավարտվել, իսկ հետընտրական գործընթացները նույնքան կատաղի ու անզիջում են, ինչպես ընտրություններից առաջ էր: Այնպես էր ստացվել, որ շուրջ 1000 քվեի տարբերությունը հունից հանել էր երկրորդ տեղն զբաղեցրած թեկնածուին, ու նա կողմնակիցների աջակցությամբ նախ Արմավիր¬Երևան մայրուղին էր փակել: Դրան հաջորդել էր տեղի ոստիկանների և օգնության հասած նրանց ծառայակիցների հետ տեսարժան բախումը: Անկառավարելի դարձած թեկնածուի գործողություններն, իհարկե, դժվար է արդարացնել, բայց ուշագրավն այն է, որ վերջինս պնդում ու հավատացնում էր, թե ընտրակեղծարարություն կոչվածի բոլոր տարատեսակների վերաբերյալ տեսաձայնագրություններ ունի: Այնուամենայնիվ, արմավիրյան մինի-ընտրությունները վկայում են, որ առաջիկա համապետական քվեարկություններում արժե մշտապես բարեփոխվող ու այդպես էլ կատարյալ չդարձող Ընտրական օրենսգրքում ժամանակակից տեխնիկայի հնարավորությունները կիրառելու պահանջ էլ ներառել: Գուցե հաջողի՞…