Որպեսզի վերականգնվի վստահությունը


Այս օրերին Հայաստանի խորհրդարանում ընթացքի մեջ են նոր ընտրական օրենսգրքի քննարկումները: Ինչպես վերականգնել հասարակության խաթարված վստահությունը ընտրությունների նկատմամբ, ինչպես անել, որպեսզի վերանան ընտրախախտումներ կատարելու հնարավորությունները` բազմակի քվեարկությունները, ընտրացուցակներում մեռած հոգիների առկայությունը, որպեսզի գալիք ընտրությունները մեզանում նոր մարտիմեկեր չստեղծեն… Եվ ահա խորհրդարանականների դատին է ներկայացված ընտրական նոր օրենսգրքի երկու տարբերակ: Մեկը հեղինակել է քաղաքական մեծամասնությունը, մյուսը ՀՅԴ-ի նախագիծն է: Բոլորը գրեթե համոզված են, որ խորհրդարանը քվեարկության մեխանիզմին հնազանդ` կքվեարկի մեծամասնության նախագծի օգտին, սակայն նաև չի բացառվում, որ տարրեր օգտագործվեն: Այս խնդիրների շուրջ է զրույցը ԱԺ-ում Հանրապետական կուսակցության պատգամավորական խմբակցության ղեկավար Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ: -Դուք համարում եք, որ երկու նախագծերն իրականում իրարամերժ տարբերակնե՞ր են: -Նախ, ողջունելի է, որ այլընտրանքային նախագիծ էլ կա: Կարծում եմ, որ քաղաքական դաշտը հենց էդպիսին պետք է լինի. հասարակական հնչեղություն և ռազմավարական կարևորություն ունեցող օրենքներին պետք է արձագանքեն բոլոր կուսակցությունները: Բնականաբար, ընդդիմությունից որոշակի դրույթներ արդեն ընդգրկվել են մեր նախագծում: Դեռևս կան նաև մոտեցումներ, որոնց շուրջ հնարավոր է որոշակի կոնսենսուսի գալ` քննարկումների արդյունքում: Բնական է, և ՀՅԴ ներկայացուցիչներն էլ ասացին, որ նախաձեռնությունը կոալիցիայինն է, և մենք վստահ ենք մեր նախագծի հարցում, բայց այն ՀՅԴ կողմից ավելի խորությամբ է քննարկվում: Սպասում ենք նաև Վենետիկի հանձնաժողովի փորձագետների պատասխանին: Տարիների ընթացքում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում որոշ չափով լուծվել է ՀՅԴ-ի առջարկած կարևորագույն խնդիրներից մեկը` մեծամասնական ընտրատարածքների թիվը քչացել, 41 է դարձել: Բայց մենք մեր բանաձևումն ունենք այդ հարցում, որը, թերևս, համատեղելի չէ իրենց հետ: Քննարկումները շատ տպավորիչ են, և չեմ կարծում, որ այստեղ խնդիրը միայն այն է, թե ո՞ր նախագծին առավելություն կտրվի: Որովհետև ամենակարևորը քննարկումների դաշտի առկայությունն է և արդյունքում ավելի լավ նախագիծ ունենալը: Աշխարհում չկա որևէ մոդել, որ կատարյալ ընտրական օրենսգիրք առաջարկի: Առավել ևս այն առումով, որ ընտրախախտումներն ինքնին հանցագործություն են: Չկա որևէ երկիր, որ կարողանա մոդել հնարել ընդհանուր հանցագործությունները կանխելու համար: Ես առավելություն եմ տալիս ՀՅԴ շարժմանը, որ ավելի շատ հասարակական երևույթ է, և ընտրությունների դրական ընթացքը նաև դրանից է կախված լինելու: Ցավում եմ, որ ընդդիմադիր ուժերը չեն միանում ՀՅԴ-ի այս` ընտրական իրավունքի շարժմանը: Պարզապես, էստեղ էլ քաղաքական դաշտի խանդը կա, որ եթե հեղինակը մեկն է լինում, մյուսը չի ուզում միանալ: Ես կարծում եմ` ընտրական իրավունքի հարցում իշխանությունները ևս խնդիր ունեն և պետք է իրենց գործելակերպն ավելի ակտիվացնեն, և հենց այդ շարժման հեղինակները: Սա հենց քաղաքական կամքի ամբողջական արտահայտությունը կլինի հասարակության մեջ: -Ձեր ասածից կարելի է եզրակացնել, որ Հանրապետական կուսակցությունը կարող է միանալ ՀՅԴ-ի այդ շարժմանը: - Իշխանական կուսակցություններն այդ խնդիրն ավելի են կարևորում, որովհետև այսպես, թե այնպես` ընտրությունների ամբողջ ընթացքի համար նրանք են պատասխանատվություն կրում: Հասարակական կազմակերպություններն` առանձին, ընդդիմությունն` առանձին, պետք է այդ շարժումը կարողանան առաջ տանել: Այդ շարժմանը միանալը ես չեմ դիտարկում որպես մեկ գաղափարախոսություն, որ բոլորը պարտավորված լինեն միևնույն գործողոթյունները կատարել: Պարզապես, բոլորի ցանկությունը պետք է առկա լինի: Առավել ևս. մեզ համար շատ կարևոր է, թե վերջում ով է պատասխան տալու ընտրությունների ամբողջ ընթացքի համար: ՀՅԴ-ն գտնում է, որ ընտրական հանձնաժողովները կուսակցական սկզբունքով կազմավորելն ավելի դրական է, քան այն, ինչը մենք ենք առաջարկում: Տարիների փորձը ցույց է տալիս, որ հանձնաժողովներում մեկ-երկուսը սուրբ ձևանալով չեն ստորագրում արձանագրությունները, ասելով, թե ընտրախախտումներ են տեղի ունեցել, բայց չմտածելով, որ այդ պատասխանատվությունը հենց իրենց վրա է դրված: Մեր առաջարկած մոդելով ԿԸՀ-ը լիարժեք պատասխանատվություն է կրելու ընտրական ամբողջ գործընթացների համար: -Այս հարցը բոլոր խորհրդարաններում, բոլոր ընտրությունների նախաշեմին միշտ քննարկվել է, բայց միշտ էլ ընտրություններից հետո հետընտրական քաղաքական գործընթացները բուռն են եղել: Ո՞րն է երաշխիքը, որ այս անգամ էլ չենք հայտնվի կոտրած տաշտակի առջև: -Ցանկացած պետությունում ընտրությունների նախօրյակին կա´մ Ընտրական օրենսգրքում է փոփոխություններ կատարվում, կա´մ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներում, որովհետև կյանքը զարգացման ընթացքում է: Կարևորն այն է, որ հնարավորն արվի, որպեսզի նախ` ընտրախախտումներ չլինեն և ապա արդյունքները որոշակիորեն հավատ ներշնչեն ազգաբնակչությանը: Դա էր պատճառը, որ քաղաքական կոալիցիան հայտարարությամբ հանդես եկավ հուսալով, որ մյուս կուսակցություններն էլ իրենց տեսակետն ու դիրքորոշումը կհայտնեն: Այդպիսով` ժողովուրդը քննարկումների համար ավելի շատ ժամանակ է ունենում: Մենք ասում ենք` բոլորիս դիրքորոշումները թող պարզ լինեն ժողովրդին, և ժողովուրդը կարողանա կողմնորոշվել: Դա կնպաստի արդար ընտրությունների կայացմանը: Իսկ ընդհանուր առմամբ, Ճիշտ են ասում, որ քաղաքական կամքի անհրաժեշտությունը կա, և անհրաժեշտ է հասարակությանը պատրաստել, որ ինքը պաշտպան դառնա իր ընտրական իրավունքին: -Բոլոր դեպքերում, տեսակետ է շրջանառվում, թե ընտրախախտումներ կարող է կատարել իշխանական կուսակցությունը, որովհետև նա է տիրապետում անհարաժեշտ բոլոր լծակներին: -Տարիների փորձը թույլ է տալիս նաև եզրակացնել, որ ընտրախախտումներ կատարում են բոլոր քաղաքական ուժերը: Բայց իշխանական կուսակցություններին պետք է առանձնացնել, որովհետև այսպես, թե այնպես, հասարակությունը որպես պատասխանատու է համարում իշխանական կուսակցություններին: Բազմաթիվ են նաև ընդդիմության կողմից ընտրախախտումների դեպքերը. արշավներ տեղամասերի վրա, ծեծկռտուքների հրահրում. հետո շահարկում են իբր ժողովրդավարության հարցը` «ողբալով» ժողովրդավարության խնդիրը, թե մենք փոքր ենք, մենք թույլ ենք, մեզ վրա հարձակվեցին… Էլ չեմ ասում, որ ընդդիմությունն ըստ էության չի էլ կարողանում այնպիսի արժանապատիվ մարդկանց առաջադրել որպես ընտրական տեղամասերի անդամ, որոնք հաճախորդ չորոնեն` իրենց ձայնը ծախելու համար: Սա ընդհանուր հոգս է մեր ամբողջ ընտրություններում: Տեղամասային համձնաժողովներում ընդդիմության ներկայացուցիչներն անմիջապես տրվում են այս կամ այն կուսակցությանը: Այնպես որ, եթե խախտումներ կան, ապա դրանք ընդհանուր երևույթ են: Բայց պատասխանատվությունը, բնականաբար, հասարակության մեղադրանքը, բնականաբար, ուղղվում է իշխանություններին և իշխանական կուսակցություններին:

Զրույցը վարեց Արթուր ԴՈԽՈԼՅԱՆԸ