Ազատությունը պաշտպանելու փաթեթավորմամբ


Համաշխարհային պատմության մեջ, վաղնջական ժամանակներից մինչև հիմա, դեռ չի եղել դեպք, որ որևէ պետություն (կամ պետությունների դաշինք) անշահախն դիր կերպով տնտեսական կամ քաղաքական օգնություն տրամադրած լինի մեկ այլ պետության: Մանավանդ, եթե այդպիսի խնդրանքով դիմո´ղ անգամ չկա, ինչպես այդ այսօր տեսնում ենք Լիբիայի ժողովրդին իբրև թե բռնակալ Քադաֆիից ազատագրելու առաքելություն ստանձնած Արևմտյան նոր կոալիցիայի գործողությունների օրինակով: Հիշենք մե´ր իսկ պատմությունը: 4-րդ դարում, երկիրը պարսկական լծից ազատագրելու համար, Պապ թագավորն օգնություն խնդրեց Բյուզանդիայից: Բավական խոշոր զորաբանակով եկան, ներկա եղան Ձիրավի ճակատամարտին (որին, ի դեպ, անմիջական մասնակցություն չունեցան), բայց արդեն հաղթանակից հետո ծանրումեծ նստեցին հայկական գավառներում: Իբր` դա Ձիրավում հայերին իրենց ցույց տված օգնության «վարձն» էր: Արդեն մեր երիտասարդ թագավորին սպանելուց հետո, որի քսու կազմակերպիչը Հայաստանում Բյուզանդիայի դեսպան Տերենտիանոս կոմսն էր, սպարապետ Բաթ Սահառունին հարկադրված եղավ հայոց բերդամրոցներում նստած հունական կայազորներից ուղղակի մաքրե˜լ երկիրը: Բայց ինչո՞ւ այդքան հեռու գնալ: 1920-ի նոյեմբերին բոլշևիկյան Ռուսաստանի 11-րդ «ազատարար» Կարմիր բանակի զորամասերը «բուրժուա-նացիոնալիստական կառավարողներից եղբայրական հայ ժողովրդին ազատագրելու» բարեհունչ պատրվակով… չոչնչացրի՞ն մեր անկախ պետականությունը: Օտարի «օգնութունից» դառնորեն զղջալու անթիվ օրինակներ կան նաև այլ պետությունների պատմության մեջ: Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո, Եվրոպայի ավերված տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար, ԱՄՆ-ը «Մարշալլի պլանով» բավական խոշոր նյութական օգնություններ տրամադրեց Արևմտյան Եվրոպայի բազմաթիվ պետությունների: Դրա գինն էլ այն եղավ, որ քաղաքական տեսակետից ամբողջ Եվրոպան կախման մեջ ընկավ Վաշինգտոնից: Ահա 60 տարի է` եվրոպացիները ձգտում են ազատագրվել իրենց համար նվաստացուցիչ այդ գերիշխանությունից: Անդրօվկիանոսյան թելադրանքին դիմակայելու համար նրանք նույնիսկ ստեղծեցին Եվրամիությունը, միավորվեցին Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության մեջ: Միևնույն է` այլևս անկարող են անգամ համատե´ղ ուժերով Վաշինգտոնին հարկադրելու, որ այդքան անթաքույց չխառնվի եվրոպական գործերին: Ինչո՞ւ միայն եվրոպական: Այս մոլորակի վրա կա՞ որևէ տարածաշրջան, որը Վաշինգտոնը հայտարարած չլինի իր «կենսական շահերի ոլորտ»: Որպեսզի «ժողովր դավարության և ազատության պաշտպանության» բարեհունչ կարգախոսներով միջամտի այլոց ներքին գործերին, տիրանա նրանց ազգային հարստություններին: Նվազագույնը` ապահովի սեփական կապիտալի մասնակցությունը այդ հարստությունների շահագործմանը: Այս տարեսկզբին մեծ խառնակություններ սկսվեցին Հյուսիսային Աֆրիկայի պետություններում: Հեղափոխությունների համաճարակը տարածվեց Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում, Եմենում, Բահրեյնում… Այժմ այդ ալիքը հասել է Սիրիա, սպառնում է թափանցել Իրան, Սաուդյան Արաբիա, Հորդանան, միգուցե նույնիսկ` Ադրբեջան: Հատկանշական է, որ որտեղ նավթ կա` այնտեղ հերթական հեղափոխության հավանականությունն ամենից ավելի մեծն է: Նավթ ունեցող պետությունների ժողովուրդներն այդպես միանգամի՞ց հասունացան, այդպես համաժամանակյա՞ գիտակցեցին, որ տասնյակ տարիներով ապրել են սեփական բռնակալների կրնկի տակ, հարկավոր է նրանցից ազատվել: Ավելի հավանական չէ՞ ենթադրել, որ նրանց դրսից «գլխի գցեցին» ապստամբել սեփական բռնակալների դեմ: Ի դեպ, Թունիսն ու Եգիպտոսն արդեն «ազատվե˜լ» են իրենց բռնակալներից: Ի՞նչ են շահել: Հազարավոր թունիսցիներ ուղղակի փախչում են «ազատագրված» հայրենիքից, որտեղ ոչ աշխատանք կա, ոչ ապահովություն: Գալիս են Եվրոպա, առավելաբար` Իտալիա, ուր պատուհաս են դարձել ոչ միայն իտալական պետության, այլև` շարքային քաղաքացիների համար: Իտալացի ձկնորսները չեն համարձակվում անգամ ծով դուրս գալ, որովհետև վախենում են իրենց ընտանիքները մենակ թողնել թունիսցի քաղցած ու գազազած փախստականների միջավայրում: Մուբարաքի երկարամյա բռնակալությունից ազատագրված եգիպտացինե՞րն ինչ շահեցին: 40 տոկոսի հասնող գործազրկությունը պակասե՞ց, ժողովրդի կենսամակարդակի դրական տեղաշարժ արձանագրվե՞ց: Գոնե այդպիսի հույս կա՞: Ո´չ: Ընդամենը սահմանադրական հանրաքվե անելու հնարավորություն ստացան, որով ապագա նախագահների կառավարման ժամկետը 6 տարուց իջեցվեց 4-ի: Մեկ անձի համար սահմանվեց անընդմեջ 2 ընտրաշրջանից ավելի չվերընտրվելու կարգ, մի քանի մանր-մունր ժողովրդավարական լուսանցաքանշումներ արվեցին:: Այդքա´նը, ուրիշ…ոչինչ: Եմենում, Բահրեյնում, Սիրիայում և այլուր քաղաքացիական բախումներ են, հարյուրավոր մարդիկ ամեն օր զոհվում են կամ վիրավորվում: Լիբիայում ամենաիսկական քաղաքացիական պատերազմ է` հազարավոր զոհերով: Հանուն… ժողովրդավարության և ազատությա՞ն: Լիբիայում արյունահեղությունը դադարեցնելու համար ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը 10 կողմ և 5 ձեռնպահ ձայներով ընդունեց այդ երկրի օդային տարածքը թռիչքազերծ գոտի հայտարարելու, քաղաքացիական բնակչությանը բռնակալ Մուամմար Քադաֆիի ռազմական ինքնաթիռների հարձակումներից պաշտպանելու մասին բանաձև: Ի կատարումն այդ բանաձևի` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կանադայի և Իտալիայի ռազմաօդային ուժերը ձեռնամուխ են եղել Լիբիայի տարածքի ռմբակոծումներին: Փոխանակ Քադաֆիի ռազմական ինքնաթիռները վայր գցելու և այդպիսով Լիբիայի երկինքը թռիչքազերծ գոտի դարձնելու` երկի´րն են ավերում: Մայրաքաղաք Տրիպոլին Արևմտյան կոալիցիայի օդային ուժերի հարձակումներին ենթարկվեց նույնիսկ այն բանից հետո, երբ Քադաֆին դադարեցրեց իրեն ենթարկվող բոլոր զորքերի հարձակումները ապստամբական ուժերի վրա: Իբր Քադաֆիի անկեղծությանը չեն հավատում` շարունակում են բացահայտ ինտերվենցիան: Եվ դեռ անամոթաբար հայտարարում են, թե իրենց օդային ռմբահարումներից քաղաքացիական անձանց զոհվելու մասին անկախ աղբյուրներից ստացված հավաստի տվյալներ, իբր, չկան: Արևմտյան կոալիցիայի ռումբերն ու հրթիռները «մարդասե՞ր» են: Նրանք քաղաքացիական անձանց զանազանու՞մ են Քադաֆիին հավատարիմ զինյալներից: Նրանց ավերած շենքերի փլատակների տակ անմեղ մարդիկ չե՞ն զոհվում: Իհա´րկե զոհվում են և դեռ կզոհվեն, քանզի Լիբիայի դեմ սկսված պատժիչ գործողությունը ձեռք է բերում տևական և ակնհայտորեն անբարո պատերազմի ուրվագծեր: Այնքա´ն անբարո, որ կոալիցիայի անդամներից ոչ մեկը չի ցանկանում ստանձնել պատժիչ գործողության համակարգողի կամ հրամանատարի պատասխանատվությունը: Բանակցություններ են ընթանում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, որ ՆԱՏՕ-ի´ գեներալներն ստանձնեն ողջ գործողության ղեկավարումը: Բայց ՄԱԿ-ի ԱԽ բանաձևում ՆԱՏՕ-ին այդպիսի լիազորություն տալու մասին ո´չ մի խոսք չկա: Աշխարհի բազմաթիվ երկրներում հակապատերազմական ալիք է բարձրանում, անգամ հակաքադաֆիական կոալիցիայի պետությունների հազարավոր քաղաքացիներ ցույցեր են անում` սեփական կառավարություններից պահանջելով վերջ տալ այս նոր «նավթային» պատերազմին: Եվ ցավալին այն է, որ Լիբիայի ապստամբները դա չեն հասկանում: Երբ մայրաքաղաքն ավերվում էր, Բենգազիի ապստամբները երջանկությունից պարում էին: Այն էլ` սեփական երկրի դրոշի վրա, որն անարգելով` ոտքների տակ էին գցել: Պետության արժանապատվության գնո՞վ էին երազում ազատվել բռնակալից: Երբ մի ժողովուրդ այնքան է տրվում հեղափոխական խելահեղության, որ իմաստություն չի ունենում սեփական իշխանությունների հետ քաղաքակիրթ երկխոսության միջոցով կարգավորել իր բոլոր վիճելի հարցերը` դրսի ուժերն անպայման միջամտում են: Իբր «հանուն այդ ժողովրդի ազատության ու անվտանգության»` օտարները գալիս, սպանում են նրա զավակներին, ավերում են նրա հայրենիքը: Հետո իրենց ավերածը վերաշինելու համար բազմամիլիարդանոց վարկեր են տրամադրում տվյալ պետությանը, որոնք դեռ հարկ կլինի տասնամյակների տքնանքով ետ վերադարձնել: Այդ վարկերի հաշվին արդեն իրե´նց սվինների վրա իշխանության եկած խամաճիկային նոր կառավարությունները պատվերնե˜ր են իջեցնում երկրին իբրև թե «օգնած» պետությունների խոշոր կորպորացիաներին: Այդպես եղավ Սերբիայում, Իրաքում, այդպես է Աֆղանստանում, այդպես կլինի նաև Լիբիայում: Այնուհետև հերթը, երևի, հասնի Եմենին… Ա´յս է արդի հեղափոխությունների և իբրև թե հանուն նրանց մասնակիցների անվտանգության մղվող պատերազմների ներքին զսպանակը: Այս կերպ միջազգային կապիտալն իր համար զենք-զինամթերքի արտադրության ու սպառման շուկա, ինչպես նաև հանուն իր իսկ շահի ավերված այս կամ այն պետության տնտեսությունների վերականգնմանը մասնակցելու հնարավորություն է ապահովում` համաշխարհային հանրությանը դա հրամցնելով…այլոց ազատությունը պաշտպանելու փաթեթավոր մամբ…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ