ԱՇԽԱՐՀ ԳՆԱ, ՏՆԻՑ ԼԱՎ ՏԵՂ ՉԿԱ


Երբ շինարար վարպետ Մակեդոն Ավետիսյանի ընտանիքում ծնվեց փոքրիկ Ավետիսը, հայրն ու Մանիկ մայրը վստահ էին, որ հրաշք երեխա լույս աշխարհ եկավ: Ավետիս Ավետիսյանը ծնվել է 1960 թվականի սեպտեմբերի 8-ին Երևանում: Դեռ մանկուց ապշեցնում էր իր բացառիկ ունակություններով` հիանալի գիտեր քարտեզը: Ընդամենը հինգ տարեկան էր, որ նրա մասին գրվեց թերթում` «Աշխարհի ամենափոքր աշխարհագետը» խորագրով: Մինչև խորհրդային բանակում ծառայելը, Ավետիսն ու Գայանեն միմյանց լավ գիտեին: Մի հաշտ մտերմություն հաստատվեց սիրող սրտերի անխախտ լռությամբ: Ի՞նչ է սերը... տառապանք, թե՞ ապրելու ցանկություն: Այն ապրեցնող զարկերակն է, որ թրթռում է անհուսության պահերին: - Մինչև Ավոյի բանակ գնալը մենք ճանաչում էինք միմյանց: Նա լավ մարդ էր, տաղանդավոր դերասան, տիրապետում էր օտար լեզուների, հրաշալի գիտեր հայոց անցյալը, ինքնատիպ անձնավորություն էր: Նվիրված էր հայրենիքին, սիրով էր աշխատում երեխաների հետ` նրանց սովորեցնելով հայրենասիրական ու ազգագրական երգեր: Նա հաճախ էր իր սաների հետ խոսում հայրենիքի մասին: Բանակից վերադառնալուց հետո նոր հետաքրքրությամբ շարունակվեց կյանքը: Ծնվեցին Վահագնն ու Անին: Նրանց օրերը լի էին անակնկալներով: Ամեն տարի` ապրիլի 22-ին, նշում էին իրենց հանդիպման օրը: Դեռ այնքա˜ն ծրագրեր ունեին միասին իրագործելու: Ավետիս Ավետիսյան դերասանն ու ռեժիսորը տասը տարի շարունակ ապրեց Նոր Արեշի մշակույթի տանը գործող Վ. Սարոյանի անվան ժողովրդական թատրոնի կյանքով: Նա նաև ժողթատրոնին կից գործող մանկական թատերախմբի գեղարվեստական ղեկավարն էր: Աշխատեց նաև Դրամատիկական թատրոնում: Նա գերվել էր Յուրի Էլոյանի թատրոնով: Մի առիթով Յու. Էլոյանն ասել է. - Նա թատրոնի ոգին էր… իսկ ինչպե˜ս էր Սարոյան սիրում: Սիրում էր նրա որոշ ասույթներ կրկնել. «Աշխարհ գնա, տնից լավ տեղ չկա…»: Մինչև ուղն ու ծուծը մշակույթով կլանված Ավետիսը մի վայրկյան անգամ չտատանվեց, երբ Արցախ աշխարհի բախտն էր որոշվում: Իր պաշտպանական կռիվն սկսեց Եղեգնաձորի դիրքերում: 1989-ին Ավետիսն ընդգրկվեց «Գարեգին Նժդեհի» անվան կամավորական ջոկատ` մասնակցելով ՀՀ սահմանների պաշտպանությանը: 91-ից «Արաբո» ջոկատում դասակի հրամանատար էր: Մինչև 1992 թվականը «Արաբո» ջոկատի կազմում մասնակցեց Հայաստանի սահմանամերձ ու Արցախի մի շարք վայրերի պաշտպանությանն ու ազատագրմանը: Նոյեմբերյանի ինքնապաշտպանական գործողություններից մեկի ժամանակ չորս հոգով ընկան շրջափակման մեջ, որտեղից դուրս եկան` մինչև ուշ երեկո մարտնչելով: Ավոյի մասին խոսելիս` անբացատրելի կսկիծ էր նշմարվում Գայանեի աչքերում, խոսքն արվեստագետ մարդու, հայի մասին էր, ում անմնացորդ սիրել էր: Նրանք մի ողջ կյանք էին անցել` տառապանքով լի, հույսով ու սպասումով առլեցուն: Եվ այդ տառապանքը տարիների հեռվից անհագ կարոտ ու սեր էր պարուրում: - Նա այնքան համեստ էր, որ իր գործերի մասին խոսել չէր սիրում. խուսափում էր ամպագոռգոռ բառերից: Ճանաչելով նրա տեսակը` հստակ գիտեի, որ մեկ անգամ գնալով Արցախ` նա «կհիվանդանար» երկրի հանդեպ ունեցած սիրո ցավով: Այդպես էլ եղավ… Եվ իսկապես, Լավ մարդն այդ օրերին չէր կարող մնալ այստեղ, չնետվել կրակի հնոցը… Երբ ծնողները նեղվում էին, ասում էր. «Գայանե, դու պիտի ինձ թիկունք լինես, չեմ կարող մնալ, մերոնց դու հուսադրիր, որ լավ է լինելու»: Բայց չէ՞ որ հետո ծանրությունն իմ վրա ընկավ: Հիշում եմ` որդիս առաջին դասարան էր գնալու, Ավոն մարտադաշտում էր, հուզված էի. կյանքում ուրախությունն ու տխրությունը համաքայլ են: Այսօրվա պես հիշում եմ` 92 թ. մայիսի 22-ին Ավոն գնացել էր, և մեկ ամիս լուր չունեինք: Հունիսի վերջերին եկավ, բայց դեպքերի աննախադեպ ընթացքն ամեն ինչ իրար խառնեց ու շտապ վերադարձավ Արցախ: Շատ զրուցեցինք, երբեք այդքան տխուր չէի եղել, որքան այդ օրը: Նա կարողանում էր մարդկանց հետ ճիշտ խոսել, հուսադրել: 1992 թ. հունիսի 29-ին Մարտակերտի Հասան Ղայա գյուղի ազատագրման ջոկատի հրամանատարն էր: Բոլորը հերոսաբար մարտնչեցին մինչև վերջին փամփուշտը և անհետ կորան… Սպասումի ու կարոտի դառը տարիներ գլորվեցին: Մահացավ շինարար վարպետ Մակեդոնը` անհույս կարոտը սրտում, իսկ Մանիկ մայրը խիզախորեն պայքարում է կյանքի ալեբախումների դեմ, անհագ կարոտով դեռ սպասում է, որ մի օր որդին կգա` ջերմ ժպիտը դեմքին, թևերը լայնատարած, ու կգրկախառնվեն: Անցան տարիներ, մշակութասեր-արվեստագետ, հայրենանվեր Ավետիս Ավետիսյան մարդու մասին կրկին գրվեցին թերթերում, իսկ հարազատները անխախտ հավատարմությամբ դեռ սպասում են նրա վերադարձին:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ