ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՈԲԵԼՅԱՆԻՑ ԱՌԱՋ


Մի քանի օրից Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կնշվի աշխարհահռչակ տենոր, Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Գեղամ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ծննդյան 60-ամյակը: Հոբելյանն էլ առիթ դարձավ, որպեսզի նրան հրավիրենք մեր հյուրասենյակ: - Սիրելի Գեղամ, հե՞շտ է լինել վաթսուն տարեկան: - Երբ փոքր էի, ինձ թվում էր, թե վաթսունից բարձր տարիք ունեցողները զառամյալ ծերունիներ են: Կարծրատիպ կար մշակված, որ հենց այդ տարիքից սկսվում է խորին ծերությունը: Հիմա, երբ ինքս եմ արդեն 60, հասկանում եմ, որ դա այնքան էլ մեծ տարիք չէ: Մի քիչ հոգնածություն կա, նախկին եռանդն այլևս բացակայում է, սակայն ինձ ծեր համարելու որևէ մտադրություն չունեմ: Ինչ վերաբերում է հեշտ լինելուն, ապա ասեմ, որ` չէ, հեշտ չէ, որովհետև անցած տարիներ կան, կենսագրություն կա… Ես մոտ քառասուն տարի երգել եմ, ստեղծել եմ իմ կենսագրությունը: Ուրեմն, կենսագրության բեռն արդեն դժվար է տանել: Շա˜տ պատասխանատու է այդ բեռը: - Դու հիմա հեռացել ես ակտիվ ստեղծագործական աշխատանքից. չես երգում, բեմադրություններ չես անում… Արդյո՞ք շուտ չէր «կենսաթոշակի» անցնելը: - Կենսաթոշակ բառը չեմ սիրում: Ես հիմա պարզապես հանգստանում եմ: Իհարկե, մի փոքր հեռացել եմ ակտիվ ստեղծագործական գործունեությունից, սակայն դա չի նշանակում, թե ես արվեստի հետ փակել եմ հաշիվներս: Մի քիչ դադար էր պետք, չնայած` այդ դադարը նաև հարկադրվեց ինձ: Ես ազատվեցի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: Կարող էի, անշուշտ, մնալ և ստեղծագործել, բայց, հավանաբար մեզ մոտ հիմա կառավարման այլ սկզբունքներ են մշակվում… Անպայմանորեն ուզում եմ նոր բեմադրություններով հանդես գալ: Եվ, հավատա, հանդես կգամ, որովհետև ես սիրում եմ օպերային ռեժիսուրան, ունեմ սեփական մոտեցումներ և դիտումներ, ունեմ իմ հայեցակարգը: Ի վերջո, մեր թատրոնը չի կարող ապրել միայն հրավիրված ռեժիսորներով և կամ պատահականորեն բեմադրությունների իրավունքներ ստացած մարդկանցով: Պրոֆեսիոնալ մոտեցումներ են պետք: Ես կիսատ գործեր ունեմ, շարունակում եմ մտորել «Արշակ Երկրորդի» և «Դավիթ Բեկի» շուրջ: Եվ մի օր անպայման կանեմ այն, ինչի մասին երազում եմ: - Դու հանդես ես եկել աշխարհի հեղինակավոր օպերային շատ թատրոններում և բեմերում, երգել ես աշխարհահռչակ երգիչների հետ` ինքդ էլ հավասարվելով նրանց: Համադրելով մեր ազգային օպերային արվեստը համաշխարհայինին` ի՞նչ դիտարկումներ ունես: - Այո, ես Երևանի կոնսերվատորիան ավարտելուց հետո մի շատ կարճ շրջան աշխատեցի մեր օպերային թատրոնում, ապա հրավեր ստացա Վիլնյուսից: Այնտեղից սկսվեց իմ ընթացքը դեպի համաշխարհային բեմ: Երգեցի շատ նշանավոր թատրոններում, մտերմացա հիանալի երգիչների հետ` անընդհատ ուսումնասիրելով համաշխար հային օպերային արվեստի զարգացումները: Եվ երբ սկսեցի համեմատել մեր օպերային արվեստի և նրա ավանդույթների հետ, համոզվեցի, որ հայկական օպերային երգեցողության դպրոցը լավագույններից մեկն է աշխարհում: Մեր կոնսերվատորիայում ձևավորվել էին դասավանդման ինքնատիպ մեթոդներ, կային հրաշալի մանկավարժ ներ: Բայց մենք այնպիսի ձայներ ունեինք, որ աշխարհի ցանկացած օպերային թատրոնի բեմ կարող էին զարդարել: Մեր երգեցողությունն ավելի զգացմունքային է, ջերմ, բացի այդ` մեր երգիչները տիրապետում էին նաև դերասանական արվեստին, իսկ օպերան նաև թատրոն է: - Իսկ այսօր վիճակն ինչպե՞ս է: - Վերջին տարիների վայրիվերումներն իրենց ազդեցությունները թողեցին: Հեռացան մի շարք շնորհալի երգիչներ, կոնսերվատորիայում պակասեցին լավ դասախոսները, սակայն արդեն գոյություն ունեցող ավանդույթներն օգնում են նրանց` պատրաստելու լավ երգիչ-երգչուհիներ: Այսօր էլ հրաշալի ձայներ ունենք, ունենք լավ երիտասարդություն, որը մասնակցելով միջազգային մրցույթների` ուղղակի զարմացնում է: Այսօր խնդիրը հանդիսատեսի և օպերայի կապին է: Մեր հանդիսատեսը փոքր-ինչ հեռացել է օպերայից, մինչդեռ օպերան իսկապես էլիտար արվեստ է, ազնվացնող, վեհացնող: Ազգի քաղաքակրթության մակարդակը որոշվում է նաև օպերայի առկայությամբ: Օպրերայի հանդեպ անտարբերությունն էլ պատճառ է դարձել, որ մեր կոմպոզիտորները քիչ գրեն օպերաներ, քիչ մտածեն նորարարության մասին: Անշուշտ, պետք է բեմադրվեն Մոցարտի, Վերդիի, Լեոնկավալլոյի, Պուչինիի, Դոնիցետիի, մյուսների դասական օպերաները, սակայն պետք է ստեղծվի նաև այսօրվա մեր ազգայինը: Դա հրամայական պահանջ է: - Հիմա հանգստանում ես, իսկ ինչո՞վ ես զբաղվում հանգստի ժամանակ: - Հանգիստ ասվածը հարաբերական հասկացություն է: Երազում եմ կառուցել կամերային օպերային թատրոն: Այդ նախագծի շուրջ եմ մտորում, ինչ-որ քայլեր եմ անում: Օրվա մեծ մասն անց եմ կացնում ընտանիքիս հետ, քանի որ տարիներ շարունակ այդ հնարավորությունը չեմ ունեցել: Նաև հողով եմ զբաղվում: Զարմանալի կախարդական, դեպի իրեն ձգող ուժ ունի հողը. դրա հետ շփվելիս` փոխվում ես, կարծես այլ մարդ դառնում: Հողի փիլիսոփայությունն անցնում է քեզ, ու դու դառնում ես նրա մի մասնիկը: - Կա՞ն դերերգեր, որոնք կուզենայիր հիմա կատարել: - Երբ արվեստագետն ասում է, թե ինքն ամեն ինչ արել է և իր համար այլևս չնվաճված ոլորտներ չկան, ուրեմն, նա դադարել է ապրել: Ես երկու տասնյակից ավելի դերերգեր եմ ներկայացրել, բայց դա շատ քիչ է: Բազմաթիվ անավարտ ծրագրեր կան, շատ դերերգեր կան, որոնք հիմա արդեն չեմ կարողանա կատարել, բայց ժամանակին շատ էի ուզում: Ես ինքնաբավարարվածություն դեռ չեմ զգում: Չէ, սա ագահություն չէ, պարզապես ամեն մի արվեստագետ կամենում է հասնել իր հնարավորությունների բարձրակետին, անընդհատ խիզախման գնալ: Արվեստն առանց խիզախման` արվեստ չէ: Կյանքն էլ է խիզախում պահանջում: Երբ մարդը վարժվում է համահարթեցմանը, երբ հեռանում է խիզախումից` կորցնում է շատ բան: Երբ երիտասարդ էի, ուշադրությամբ հետևում էի իմ ավագ գործընկերներին, մեր օպերայի ճշմարիտ վարպետներին: Նրանց ամեն մի բեմելը խիզախում էր, համարձակ վճիռ: Հետո ինքս սկսեցի ապրել նրանց նման, խիզախումն ինձ համար սկզբունք դարձրեցի: Այս ամենի մասին խոսում եմ, որպեսզի հատկապես մեր երիտասարդությունը չվախենա խիզախումից, համարձակ քայլեր կատարելուց: - Ուզում եմ մեր բոլոր ընթերցողների անունից շնորհավորել քեզ` ծննդյանդ 60-ամյակի առթիվ և մաղթել հաջողություններ ու նոր հորիզոններ` քո վաստակած ճանապարհին, որը նաև մի մասն է մեր ազգային երաժշտական մշակույթի: - Շնորհակալություն: Ուրախ եմ, որ շնորհավորանք եմ ստանում «Ավանգարդ» թերթի ու նրա ընթերցողների անունից: Պատիվ բերող շնորհավորանք է: Ես էլ իմ հերթին շնորհավորում եմ խմբագրությանն ու ընթերցողներին այն բանի համար, որ թերթը շարունակում է լույս տեսնել, խիզախել: Տեսա՞ր, թե խիզախում բառը է´լ որտեղ պետք եկավ: Եթե «Ավանգարդը» չխիզախեր, այլևս չէր լինի: Բայց կա ու ներկայանում է ընթերցողին: Որպես երախտագիտություն` խոստանում եմ երգել թերթի հոբելայանական արարողությանը…

Զրույցը վարեց` Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆԸ