Առողջ ընդդիմությունն այլընտրանք է


Դժվար է ասել` արագ թե դանդաղ, բայց արդեն մեկ տարի է անցել Նախագահի վերջին ընտրություններից: 366 օրը որքան քիչ, նույնքան էլ բավարար ժամանակահատված է իշխանության գործունեությունը գնահատելու համար: Բայց նախքան այդ հարկ է երկու կարևորագույն հանգամանք հաշվի առնել. տնտեսական ճգնաժամն ու Մարտի 1-ը: Նշված գործոններից առաջինն, ինչպես տեսնում ենք, դեռ մի քանի ամիս է իր ներկայությունն զգացնել տալիս, ու դեռ հայտնի չէ, թե նոր իշխանության նախընտրական ծրագրերին այն որքանով է խանգարելու: Ինչ վերաբերում է մարտի 1-ին, ապա միայն այն փաստը, որ Երևանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով պետությանը, իրավաբանական ու ֆիզիկական անձանց 561 միլիոն 428 հազար դրամի վնաս է հասցվել, և անցնող տարվա ընթացքում ընդամենը 179 միլիոն 149 հազար դրամն է վերականգն վել, արդեն իսկ խոսուն իրողություն է: Այդ օրը տեղի ունեցածն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել ՆԻԿՈՅԱՆՆ օրերս մեզ տեղեկացրեց, թե այնպես է ստացվել, որ իր ղեկավարած աշխատանքային խումբը որոշում է կայացրել ձեռնպահ մնալ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու առաջարկությունից` այդ նախաձեռնությունը թողնելով Ազգային ժողովի հայեցողությանը: Եվ ընդհանրապես Ս. Նիկոյանը նպատակահարմար չի գտնում կանխատեսումներ անել տարելիցի օրը մեկնարկող ընդդիմադիրների նոր շարժման գործողությունների ու ծրագրերի վերաբերյալ. - Կարծում եմ, որ ամեն մի երկրում քաղաքական ընդդիմության գոյությունը, ինչու չէ նաև հզորությունը, կարևորագույն անհրաժեշտություն է,- նշում է ՀՀԿ խմբակցությունը ներկայացնող պատգամավորը,- բայց իհարկե մի կարևոր վերապահմամբ. եթե նման ընդդիմության գործառույթները նպատակաուղղված են պետության առջև ծառացած խնդիրների լուծմանը, դրանց վերաբերյալ այլընտրանքային առաջարկներին: Դիցուք, մեր զրուցակիցը հումորով փաստում է, որ տնտեսական ճգնաժամը քաղաքական ուժերի ընդդիմադիր կամ իշխանամետ լինելը բնավ էլ միմյանցից չի տարանջատում: Ուստիև, նա գնահատում է` երբ ՀԱԿ-ը կոնկրետ խնդրի վերաբերյալ կոնկրետ հայտարարությամբ, առաջարկով է հանդես գալիս: Հակառակ սրան` պատգամավորի համար բացարձակապես անընդունելի են ջարդել-փշրելու` մեր տպավորությամբ մոնղոլ-թաթարական ժամանակների կոչերն գործողութ յունները, քանի որ այդպիսիք իսկապես ոչ մի լավ արդյունքի չեն կարող հանգեցնել: Ասվածի հետ իհարկե դժվար է չհամաձայնել, բայց այս առումով ոչ այնքան «հասկանալի» իրավիճակ է ստեղծվել նաև այս պահին: Դեռ մի քանի շաբաթ առաջ ընդդիմությունը հայտարարեց, որ մարտի 1-ին Մատենադարանի մերձակայքում հանրահավաք է կազմակերպելու: Ինչպես բոլոր նախորդ դեպքերում, Քաղաքապետարանի և ոչ մի առաջարկի մասին արմատականների առաջնորդները լսել անգամ չցանկացան: Ավելին, նրանք հանրահավաքին առնչվող ցանկացած հայտարարության ավարտին չգիտես թե ում սպառնում են, թե միտինգն, անկախ ամեն ինչից, կայանալու է: Իր հերթին Սամվել Նիկոյանը նկատում է, որ այս պարագայում ամբողջ գործընթացն այլ հարթություն է արդեն տեղափոխվում, և անկախ նրանից, թե ինչ ընթացք կունենա այս միջոցառումը, արմատականներն ամեն ինչ անում են` այն կանխավ անօրինական հիմքերի վրա դնելու ուղղությամբ: Այս առումով, ըստ մեր զրուցակցի, խիստ տրամաբանական է նաև մյուս կողմի համարժեք վերաբերմունքը, ինչի արդյունքում էլ ՀՀԿ-ական պատգամավորի գնահատմամբ առավելապես ժողովուրդն է տուժում: Առանձին սոցիալական խմբերի ընդվզման փորձերի վերջին շաբաթներին մենք արդեն ականատես եղել ենք: Եվ դա այն ժամանակ էր, երբ քաղաքական ակտիվությունը ձմեռային եղանակի նման սառն էր… Մի դեպքում դժգոհում էին տաքսիսիտները, մյուս պարագայում` տոնավաճառների աշխատակիցները: Ս. Նիկոյանը ընդհանուր առմամբ այս ամենը «մեծ աղմուկ ոչնչից» գործելաոճի արդյունք է համարում` հիշեցնելով, որ ժամանակին, երբ էլեկտրահաշիվները բնակարաններից դուրս բերվեցին և արդյունքում սպառողի անձնանպաստ միջամտության գործոնը բացառվեց, դարձյալ դժգոհության լուրջ ալիք բարձրացավ: - Կյանքը ցույց տվեց,- նշում է նա,- որ այս որոշումը երաշխիք էր` շուրջօրյա էլեկտրամատակարարում ունենալուն հասնելու գործում: Հիմա ի՞նչ է, վա՞տ կլինի, եթե տաքսիներն էլ օրինական դաշտում գործեն: Ինչո՞ւ փոքր կրպակը, որն օրական հազիվ մի քանի հազար դրամի առևտուր է կարողանում կազմակերպել, լիարժեքորեն պետք է հարկերը վճարի, իսկ կայացած համարվող տաքսի ծառայության համակարգն ամեն կերպ պետք է ջանա խուսափել կամ ձգձգել օրենքի տարրական պահանջներին ենթարկվելը: Եվ իրոք, մարդիկ իշխանության վերին օղակներից կոռուպցիայի դեմ մղվելիք լրջագույն պայքար են ակնկալում, բայց յուրաքանչյուրն իր հերթին փաստորեն պատրաստ չէ ենթարկվել օրենքի տարրական պահանջներին: Այս առումով Ս. Նիկոյանը իշխանության ներկայիս գործառույթները դժվարին ու բարդ է համարում. - Իսկ ովքե՞ր են կաշառակերները. մարդիկ, ովքեր հենց իշխանության ներսում են: Ստացվում է, որ պայքար պետք է ծավալվի մի համակարգի դեմ, որի վրա այս կամ այն չափով իշխանությունն ինքն է հենված… Միևնույն ժամանակ նոր տնտեսական քաղաքականություն պետք է իրականացնես, որն իշխանության այս կամ այն թևը կարող է նաև միանշանակ չընդունել: Այսուհանդերձ, վերջին 1 տարվա ընթացքին Ս. Նիկոյանը լավատեսորեն է վերաբերվում. - Կարևորում եմ հատկապես կադրային քաղաքականության նոր սկզբունքների որդեգրումը, որն էապես տարբերվում է նախորդներից, - ընդգծում է նա,- ուզում եմ շեշտել, որ այս պարագայում հաշվի է առնվել առավելապես հասարակական կարծիքը: Եվ հիմա ինչքան էլ կառավարությանը քննադատենք (մի բան, որ միշտ էլ կարելի է անել), ամեն դեպքում մերօրյա պաշտոնյաները հասարակության կողմից դատապարտելի վարքագիծ չունեն: Ժողովուրդը հիմա այլևս չի ատում նոր կառավարության պաշտոնյաներին: Եվ եթե ամփոփենք անցնող մեկ տարին, ապա հարկ է արձանագրել, որ սկզբից ևեթ ներդրվեց կառավարման նոր մշակույթը, ինչի պարագայում ոչ թե բռունցքը սեղանին խփելով են հարցեր լուծում, այլ շատ ավելի քաղաքակիրթ, գիտական մեթոդներով: Մի պարզ օրինակ բերեմ. իշխանությունը երկար ժամանակ փորձում էր ՀԴՄ-ներ կիրառել… Եթե չհաշվենք առանձին բացառությունները, կարելի է ասել, որ ոչինչ էլ չէր ստացվում: Բայց այսօր տեսնում ենք, որ իշխանությունը հասարակության հետ միասին լծվել է ստվերային տնտեսության դեմ պայքարին: Այսօր քաղաքացին բոլորին հայտնի թեժ գծով զանգահարում ու տեղյակ է պահում, թե ո՞ր տնտեսվարողն է հրաժարվում կտրոն տրամադրել: Սա նաև հասարակական մտածելակերպի փոփոխության արտահայտություն է: Այսինքն, մինչև վերջերս, եթե ինչ-որ մեկը պատկան մարմիններին ահազանգեր տնտեսվարող ների անօրինությունների մասին, վատ մարդ, «ծախող» կհամարվեր: Եվ եթե դարձյալ խոսվում է իշխանություն-ժողովուրդ անջրպետի մասին, այլևս դժվար է դառնում պատկերացնել, թե նման պնդումների հեղինակներն ի՞նչ նկատի ունեն… Ո՞ւր է այդ անջրպետը… Ինչ խոսք, պատգամավորի մատնանշած օրինակը թեպետ բացառիկ, բայց հաջողված դեպք է: Եվ իշխանություն-ժողովուրդ համագործակցության հաջողության գաղտնիքն էլ այն է, որ մարդիկ տեսել են` թեժ գծին ուղղված իրենց զանգերով կոնկրետ խնդիրներ են լուծվել: Այնուամենայնիվ, նույնքան պարզ, հետևաբար նաև անվիճելի է հանրության համանման ակնկալիքը նաև խոշոր բիզնեսի նկատմամբ: Այստեղ էլ Ս. Նիկոյանը մեկ այլ իրողություն է մատնանշում. - Հարկային վարչարարության խստացումն, անշուշտ, կարող է փոքր բիզնեսին փոքր կորուստներ պատճառել: Սակայն խոշոր բիզնեսը, մեծածախ առևտուրը, արտադրութ յունը անմիջականորեն, ուղղակիորեն հասարակության աչքից հեռու են: Հետևաբար, այս առումով կառավարության մոտեցումները հատկապես վերջիններիս հետ հարաբերութ յուններում ընդգծված հրապարակային բնույթ պետք է ունենան: Վերջին հաշվով, տվյալ ապրանքը մեծածախ ներկրողից ստանալիս, տնտեսվարողը հիմա արդեն հաշիվ-ապրանքագիր է նաև պահանջում, այլապես այն վաճառելով և ՀԴՄ կտրոն տրամադրելով` ինքն է ստիպված լինելու բավական մեծ ծախսեր արձանագրել: Ասել է թե` ստեղծվել է մի այնպիսի համակարգ, երբ մանր ու միջին բիզնեսը խոշորին ինքնաբերաբար մղում է օրինական դաշտում գործել: Կարճ ասած` ներքևից վերև մեխանիզմն է գործում: Սա` ընդհանուր առմամբ: Մինչդեռ քիչ չեն ահազանգերը ներմուծող-մատակարարների հաշիվ-ապրանքագրեր տրամադրելուց հրաժարվելու մասին, ինչն էլ տնտեսվարող ներին ստիպում է կամ տվյալ ապրանքատեսակն առանց ՀԴՄ կտրոն տրամադրելու վաճառել, կամ խոշոր ֆինանսական կորուստներ ունենալ, կամ էլ ուղղակիորեն հրաժարվել այն ընդունել-իրացնելուց: Հավանական է, որ այստեղ նույնպես ծանոթ սցենարն է գործում, և ասենք նախորդ տարեվերջին կիսատ-պռատ հայտարարագրումներով ներկրված ապրանքները դրանց տերերը ձգտում են նույն եղանակով սպառել, ազատվել դրանից և հետո նոր միայն լիարժեքորեն օրինական դաշտում գործել: Ի դեպ, այս գործընթացի ավարտին, այսինքն այն ժամանակ, երբ տարբեր ներկրող ընկերությունների պահեստներում այլևս չհայտարարագրված ապրանք չի մնա, չի բացառվում, որ հիմա էլ գնաճն ավելի տեսանելի դառնա: Ի վերջո, գործող գներին այս շրջանում աստիճանաբար հավելվում են նաև տնտեսվարողների հարկային պարտավորությունները կատարելուց առաջացող նորանոր ծախսերը: Մեր այս պնդման հետ Ս. Նիկոյանն ընդհանուր առմամբ համամիտ է, բայց ընդգծում է, որ այսպես թե այնպես` սպառողը նաև հարկատու է. - Չէ՞ որ այդ գումարները բյուջե են գնում, ինչով էլ սնվում է ողջ պետական համակարգը, թոշակառուները, անապահով խավերը: Այսինքն, ժողովրդից ստացված գումարը վերաբաշխվում է: Իսկ մինչև հիմա, երբ այդ գումարները վատ էին հավաքագրվում, դրանք մտնում էին այս կամ այն տնտեսվարողի գրպանը: Այս կարևոր վերափոխումը հաշվի առնել է պետք: Մի կարծեք, թե հարկային դաշտում գործելն էապես ազդում է գների վրա… Ի վերջո ցանկացած ապրանքի գին որոշում է շուկան: Վատ չէր լինի, եթե պետությունը հատկապես խոշոր ձեռնարկություններում բաժնեմաս ունենար: Այս առումով միշտ էլ այն կարծիքին եմ եղել, թե պետությունը վատ տնտեսվարող է: Բայց այնպես է ստացվել, որ պետության խնդիրն ամենից շատ տվյալ կազմակերպությանը հարկային դաշտում պահելն ու իրեն հասանելիք հարկերը լիարժեքորեն գանձելն է: Արդյունքում` պետությունը բացարձակապես ի զորու չի լինում գների վրա ազդել, եթե իհարկե խոսքը առանձին սուբսիդիաների մասին չէ. իհարկե. նման պարագաներում կառավարությունը նման հնարավորություն կարող է ունենալ: Նույն գազի պարագայում. ինչո՞ւ պետք է մեծահարուստին ու աղքատին այն նույն գնով վաճառվի: Առավել ևս, որ գազ սպառում են հատկապես խոշոր արտադրողները: Եթե այդպես է, ուրեմն պետությունն էլ իր հերթին պետք է ոչ էժան գնով վաճառվող երկնագույն վառելիքից ստացված գումարներով նպաստների ու թոշակների դրույքաչափերը բարձրացնի, որպեսզի անապահով խավերն էլ կարողանան վճարել նույն այդ գազի ու մյուս ծառայությունների վարձավճարները: Որքանո՞վ պետությանը կհաջողվի այս ամենը նորմալ հիմքերի վրա դնել` ցույց կտա ժամանակը:

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ