Հա՞ որ...


ՀԱՅՐԵՆԻ խորհրդարանականների նորահայտ օգնականներին չվճարված աշխատավարձերի շուրջ բորբոքված կրքերը թեժանում են: «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներից մեկը, ով նախորդ տարեվերջին հեղինակել է այդ օրինագիծը, օրերս խոստովանեց, թե. «Փաստորեն մենք օգնեցինք մեծամասնությանը` բյուջեն ավելի լավ գռփելու համար»: Թե ինչով կավարտվի սույն խառնաշփոթը, ներկայումս դժվար է ասել, բայց անցնող մեկ-երկու ամիսն էլ բավական է եղել` հայրենի խորհրդարանի իրական դեմքը օգնականների շուրջ ծագած խնդրի շրջանակներում ևս մեկ անգամ բացահայտելու համար: Այսպես, վերջիններիս հատկացվելիք հարյուր հազարական դրամ աշխատավարձերի մասին լսելուն պես պատգամավորների մեծ մասը շտապել է` այդ հաստիքը ծանոթ-բարեկամների անուններով ձևակերպել: Ընդ որում պայմանով, որ վերջիններս աշխատանքի չներկայանան, իսկ Ազգային ժողովի աշխատավարձերի հաստիքացուցակում ստորագրելուց հետո հօգուտ տվյալ պատգամավորի հրաժարվեն պետական միջոցներից իրենց հատկացվելիք գումարից: Թերևս պատգամավորների վերաբացված ախորժակն էր պատճառը, որ ԱԺ կանոնակարգում նշված փոփոխությունը կատարելիս, խորհրդարանը բացառիկ համերաշխութ յուն ցուցաբերեց, ու քվեարկության ավարտին պարզվեց, որ միայն մեկ երեսփոխան է այս չկայացող նորարարությանը դեմ քվեարկել: Ըստ երևույթին ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը դեռևս այս պատմության ամենասկզբում է նախատեսած եղել պատգամավորների օգնականների հաստիքը այդպես էլ օդում կախված թողնել, քանի որ նախագծի նախնական տարբերակում ներառված է եղել նաև ԱԺ նոր աշխատակիցներին տեխնիկայով ու աշխատասենյակներով ապահովելու առաջարկը: Չի բացառվում նաև, որ Աբրահամյանը գլխի է ընկել, թե խորհրդարանը «բեզռազմեր» չէ ու ևս 131 մարդ չի կարող տեղավորել: Համենայն դեպս փաստը մնում է փաստ, որ խոստացված աշխատավարձերը վճարելու փոխարեն նախապատվությունը շքեղ ավտոմեքենային է տրվել: ԳԼԽԱՎՈՐդատախազության կոլեգիայի ընդհանուր նիստն էլ հաստատելով, որ նախորդ տարվա ընթացքում մեր հանրապետությունում կատարված հանցագործությունների թիվը նշանակալիորեն աճել է, բավական ուշագրավ եզրահանգումներ է արել: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի` անգամ առկա մտահոգիչ վիճակագրությունն իրական պատկերը ցույց չի տալիս: Այսպես, դատախազության պաշտոնյան փաստել է, որ նախորդ ողջ տարվա ընթացքում, ասենք, Աջափնյակ և Դավիթաշեն համայնքներում խուլիգանության 3 դեպք է արձանագրվել: Եվ սա այն դեպքում, երբ Լոռու և Արարատի մարզերում այդ թիվը համապատասխանաբար 54 և 53 է եղել: Ինչ արած, խոսքը միայն «արձանագրվածի» մասին է. մնում է հավատա՞լ ՀՀ ոստիկանապետին, թե համակարգում բոլոր հանցագործությունները արձանագրվում են: Անշուշտ` որևէ մեկն այնքան միամիտ չէ, որ այս ամենը պատահականությանը վերագրի… Ոչ էլ նշված մարզերում այս հանցատեսակի ընդգծված դրսևորումների համար անցյալ տարվա ընթացքում առանձնակի նախապայմաններ են ստեղծված եղել: Պարզ է, որ ոստիկանությունում ամեն ինչ չի արձանագրվում: Իսկ թե ինչու է այդպես ստացվում` բոլորիս է հայտնի: Համենայն դեպս` դատախազությունը խոստացել է իրավիճակն ավելի խորությամբ վերլուծել ու կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել: Իսկ այս խոստումը սովորական հերթապահ վերջաբան է, թե՞ անհանգստությունից առաջ եկած մտավախություն` առաջիկայում միայն պարզորոշ կդառնա: ԴԵ ինչ, որքան էլ անհնարին լինի որևէ հանցագործության համար արդարացում գտնելը, այդուհանդերձ դրանց շեշտակի աճը կարող է ինքնապաշտպանական անտեսանելի վահան դառնալ` հանցագործությունները կոծկելում արհեստավարժ մեր ոստիկանների համար: Դիցուք, հայտնի է դարձել, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը միայն այս տարվա ընթացքում ավելի քան 53 միլիոն մարդու ծայրահեղ աղքատանալու պատճառ կարող է դառնալ: Բայց ազատությունը հանցագործությունների պատճառ դառնալ չի կարող` ոչ անդեմ իրավապահ համակարգ ունենալու դեպքում: