ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ


Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է «ՄԻԱՍԻՆ» երիտասարդական շարժման ստեղծման առաջին տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը: Ինչպես նշել են միջոցառման մասնակիցներն, իրենց համախմբել է Հանրապետությունում ընթացող բարեփոխումներին, եվրոպական արժեքների արմատավորմանը, ժամանակակից, քաղաքակիրթ երկիր կառուցելու գործընթացին մասնակից լինելու մեծ ցանկությունը: Գոհունակություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Նախագահ Սարգսյանը ցանկություն է հայտնել միասնական ուժերով կառուցել մի այնպիսի երկիր ու հասարակություն, որտեղ հարգի է տաղանդը, գնահատվում են մարդու մտավոր ընդունակություններն ու կարողությունները: -Կարող, մտածող մարդը մշտապես պետք է պահանջարկ ունենա,- ընդգծել է երկրի ղեկավարը եւ հավելել. - Ես ինձ դասում եմ այն մարդկանց շարքին, ովքեր կարծում են մեր այսօրվա երիտասարդությունն ավելի մեծ հնարավորությունների տեր է, եւ շատ ավելի մեծ հաջողությունների է հասնելու: Նրանք մեր հասարակության մեջ մշտապես ունենալու են իրենց արժանի տեղ, լինելու են ակտիվ եւ նախաձեռնող: