Խոսքը բուժում է, բայց նաև...


Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը կիսում է վերջերս մամուլում հրապարակված այն մտահոգությունը, որ հայաստանյան եթերից սփյուռքահայի կերպարը երբեմն ներկայացվում է ոչ պատշաճ` ձևավորելով ոչ դրական կարծիք: Սա կարող է անջրպետ դառնալ հայաստանցու և սփյուռքահայի միջև: Նման մոտեցումն առաջացնում է ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռաքահայ հանդիսատեսի դժգոհությունը: Գաղթօջախներում բնակվող յուրաքանչյուր հայի համար Հայրենիքի հետ անմիջական կապն ու կարոտի սփոփանքն այսօր հիմնականում հայկական հեռուստատեսիլի հաղորդումներն են: Եթերի ուժն անժխտելի է և յուրաքանչյուր անհարկի արտահայտություն կարող է անդառնալի վնաս հասցնել Հայրենիք-Սփյուռք գործակցությանը, մեր ազգի համախմբվածությանն ու միասնությանը: Հաշվի առնելով սփյուռքում եղած դժգոհությունները և ի հարգանս գաղթօջախներում բնակվող բոլոր սփյուռքահայերի` նախարարությունը դիմում է հայկական հեռուստաա լիքներին` լինել աչալուրջ: Ցանկալի է, որ հեռուստաեթերից հնչեցվող յուրաքանչյուր տեսակետ նպաստի հայրենասիրության, ազգահավաքի և հայոց անկախ պետականության շուրջ հայերի համախմբմանը, օգնի հաղթահարելու մեր միջև եղած հոգեբանական բարդույթները: Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը նախաձեռնել է «Կայացած սփյուռքահայերը» հեռուստահաղորդումների շարք և առաջինը նվիրված էր հայտնի բարերար Ռալֆ Յիրիկյանին, որն արդեն սփռվել է Հանրային հեռուստաալիքով, կան դրական արձագանքներ: Այսուհետ ևս շարունակվելու է Հանրային հեռուստաալիքի հետ սփյուռքահայերի մասին նյութերի ցուցադրումը: ՀՀ սփյուռքի նախարարություն