Անվճռականության արգասիքը


Սահմանակից երկրների հետ բարի դրացիական հարաբերություններ ունենալը նույնիսկ անհրաժեշտ է: Սակայն, երբ հարևանդ դրա քողի ներքո հետևողաբար ստորածածկ ված հակահայկական գործունեություն է ծավալում, կասկածելի է դառնում, թե արժե՞ արդյոք այդ գնով ապավինել բարեկամության ծխաքողին: Բոլորովին վերջերս Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կյանքի վերջին տարիների բնակարանի մի մասը Թբիլիսիի քաղաքապետարանը պարտքի դիմաց բաշխեց վրացի գործարարին: Ու Տարիել կոչված սքեմավոր բարբարոսի տխրահռչակ «սխրանքներն» էլ պատմական անցյալում չեն եղել: Իսկ Վրաստանի արտգործնախարարը Հայաստան պետական այցի ժամանակ չքմեղանքով հայտարարում է, թե Վրաստանում` Ջավախքում, քաղաքական չէ խնդիրը, այլ տնտեսական` մոռանալով, որ ջավախահայեր Գրիգոր Մինասյանը, Վահագն Չախալյանը, Սերգեյ Հակոբջանյանը և Գրիշա Ավագյանը ձերբակալվել են անհիմն մեղադրանքներով (զինված խմբավորման ձևավորում, հանցագործության պատրաստում և լրտեսություն): Ավելին, չորս անձանց քաղբանտարկյալ դարձնելուց առաջ` ծիծաղ հարուցող մեղադրականով դատապարտվել է նաև Գուրգեն Շիրինյանը: Վրաստանը չգիտե՞ արդյոք, որ եվրոպական համամարդկային չափանիշներին դեմ է երկրում քաղբանտարկյալներ ունենալը: Կտրուկ քայլերի դիմելու պահը իրոք հասունացել է, քանի որ Վրաստանում սկիզբ առած արդեն բացահայտ հակահայկական հիսթերիան չի տեղավորվում դրացիություն կոչվածի տրամաբանության շրջանակներում: «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ Էդուարդ Աբրահամյանի տեսակետն էլ հիմնավոր է. - Ամեն կերպ այդ ուղղությամբ աշխատանքներ պետք է տարվեն. հիմնախնդրի սառեցումը մեծ դժվարություններ է բերելու: Անշուշտ, այսօր կան ճանաչում ունեցող ձերբակալված մարդիկ, ովքեր ազգային մշակութային կենտրոնների նախագահներ են, և փաստորեն, ձերբակալման ընթացքում ահաբեկման է ենթարկվում ողջ բնակչությունը: Վստահությունը, որ հայկական կողմը հակաքայլ չի անելու, թույլ է տալիս վրաց իշխանություններին` գնալ ավելի ռադիկալ քայլերի: Իսկ «Երկիր» միության նախագահ Սևակ Արծրունին կարծում է. - Ոչինչ չի խանգարում ջավախահայությանը: Պետք է հասկանալ մի երևույթ` այսօր ջավախահայությունը` որպես քաղաքական կառուցվածք, բավական թուլացած է: Այնտեղ կային գործող կազմակերպություններ, որոնք բոլորն էլ այսօր ձերբակալությունների ու քաղաքական հալածանքների պատճառով ավելի զգույշ և պասիվ են: Վերջիվերջո, մարդու իրավունքները պետությունը ներսից քանդելու համար չեն, այլ փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելով` երկրի ներսում առկա ճգնաժամը մեղմելու: Բայց հակառակ բոլոր մեր արձագանքներին` այսօր միջազգային հանրությունը անտարբերությամբ է վերաբերվում Ջավախքում կատարվող իրադարձություններին: Իհարկե, այստեղ Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերի ստվերների հատումն է նաև առկա, և բնականաբար, Վրաստանը ծայրաստիճան շահարկում է այն հանգամանքը, որ դեպի ծով մեր տարանցիկ, դեռևս միակ ճանապարհը իր տարածքով է անցնում: Սակայն նրանց արարքներին պետական մակարդակով չարձագանքելը վնասում է նաև մեր ազգի հեղինակությանը միջազգային հանրությունում, քանի որ` կան 1609, 1620 և 1643 բանաձևերը: Բացի այդ հարկ է լավ գիտակցել, որ քաղաքականության մեջ աստվածաշնչյան` ապտակի համար մյուս այտն էլ պարզելու պատգամը հակադարձ արդյունքն է տալիս: Ի դեպ` ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան մոտ այսօր տեղի կունենա բողոքի ցույց ջավախահայությանը և վիրահայությանը հուզող խնդիրների լուծման ակնկալիքով:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ