Արդի հայ մշակույթի առաջին երախտավորները


«Վերջին ժամանակաշրջանում չափանիշների տեղաշարժի պատճառով էր երևի, որ հասունացավ այս հանդիպումը,- նորաստեղծ տիտղոսի յուրատիպ շնորհանդեսը բացում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:- Ղեկավարվելով մեր նախարարության կանոնադրության 9-րդ կետի 31-րդ ենթակետով` հայ արվեստի ու գրականության բնագավառներում մատուցած բազմամյա ծառայությունների, ինչպես նաև ստեղծագործության ակնառու արժեքավորության համար սահմանվեց «Արվեստների երախտավոր» բարձրագույն տիտղոսը` արվեստագետի վաստակած ժողովրդականության այսուհետ ամենահստակ չափորոշիչը: Շնորհելով այն 8 արվեստագետների` այսօր հրապարակում ենք առաջին երկուսի շատ սիրելի անունները` ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ և ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ»: Ստանալով Անահիտի հուշանվեր-արձանիկով զարդարուն իրենց կառավարական նոր պարգևների վկայագրերը, ինչպես նաև «Հոգևոր ժառանգության հարստացման մեջ ունեցած մեծ ավանդի համար» «Կարոտ» II փառատոնի Մեծ մրցանակները` Մուսայի խորհրդանիշ տավղահարուհու արձանիկով, գործընկերների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչ ների բազմամարդ հավաքի ջերմությամբ շոյված, անվանի արվեստագետներն անկարող են լինում զսպել պաշտոնական գնահատության ուրախությունը ստվերած մշտարթուն տխրության պատճառների մասին արտահայտվելու ինքնաբուխ պահանջը: «Հետևելով հեռուստատեսային ծրագրերին` ցավով նկատեցի, որ հատկապես հայ ազգը գերի է ընկել հեռուստատեսությանը,- ասում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստը:- Եվ այդ գերու հետ ինչ ասես անում են: Հարցնում եմ հեռուստասերիալներում զբաղված դերասաններին` ինչ որ խաղում ես, նմա՞ն է հորդ, մորդ, քրոջդ կամ քեզ, նմա՞ն է մեր կյանքի ներկայիս տիպերին: Եթե նման է` արածդ ներում եմ: Հեռւստատեսությունը դարձել է մեծ չարիք, որովհետև մեզ կտրում է մեր արմատներից: Իսկ կտրվել չի կարելի, կչորանա ազգի կենաց ծառը: Ամենամեծ վտանգն է սա մեզ սպառնացող: Ահա թե ինչու` երախտապարտ եմ, շնորհակալ եմ, բայց նաև` շատ տխուր»: Նրան համամիտ լինելով` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բազում մրցանակների դափնեկիր Պերճ Զեյթունցյանը այնուամենայնիվ փորձում է լավատեսություն ներշնչել. «Ազգային ավանդները կամաց-կամաց նահանջում են: Բայց երևի ժամանակն է այդպիսին: Մենք մեր ստեղծագործություններով պետք է պայքարենք»: "ՂՏվՊ ՐՈջՉՌՑՌÿ ՈՐՎÿվրՍՏռ ՍցսՖՑցՐօ" հիմնադրամի նախագահ Մեցո Իգիթյանը «Կարոտ»-ի Ոսկե մեդալն է հանձնում տիկին Հասմիկ Պողոսյանին` Հայաստան-Սփյուռք մշակութանպաստ գործունեության համար: Անհարմարության անակնկալ զգացողություն արթնացնելով բարձրաստիճան պաշտոնյայի մոտ, ում մշակութային ակտիվությունը ներկաների անունից հաստատում է ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանը: Հուսանք, որ փոխնախարար Դավիթ Մուրադյանի տված «Օսկար»-ային արժևորումը նորահնար այս տիտղոսը կհավաստի գործնականում: Առաջինների պարագայում դա միանգամայն ակնհայտ է:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ