ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ - 140


Հենց Թումանյանի ազնվաբյուրեղ օրինակով, ում քաղաքացիական օրինակելի նկարագրի մասին տեղին հիշատակեց ՀՀ նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԸ` գրողի տուն-թանգարանի մոտ հավաքված հոբելյանակատարության մասնակիցներին ուղղված խոսքում. «Իմ համոզմունքն է, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր սերունդ պարտավոր է ոչ միայն կարդալ Թումանյանին և գեղագիտական հաճույք ստանալ, այլև` դասեր քաղել մի մարդուց, ում կենսագրությունը սեփական երկրին ու ժողովրդին ամբողջական նվիրման օրինակ է: Իր երկրի ու ժողովրդի ցավերով ապրելու, ցավերին դարման գտնելու օրինակ: Այսպիսի օրինակները վարակիչ են, և յուրաքանչյուր սերունդ, մասնավորապես այսօր Հայաստանում և Սփյուռքում մեծացող հայ մանուկները, նման պատվաստման կարիք ունեն: Զարմանալի զուգադիպությամբ` այսօր նաև Վարդանանց տոնն է: Վարդանանք ու նրանց հետնորդները, Հովհաննես Թումանյանն ու նրա հետնորդները ներկայի և վաղվա Հայաստանի հոգևոր-բարոյական և, ինչու չէ, նաև քաղաքական չափորոշիչներն են: Ավելի բարձր չափորոշիչներ պարզապես անհնար է գտնել»: Բնությունը իր արարչական ողջ փայլով հազվադեպ է շողարձակում: Որպեսզի Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծած ամենակատարյալը համարվող մարդկային արարածների բազմասերունդ հոծ հավաքականության մեջ իրենց բացառիկ արժեքավորությամբ առանձնանան, ուժգին փայլատակեն իրենից շռայլորեն բաժին ստացած ընտրյալները: Ինչպես` մեր Թումանյանը, ում համաժողովրդական իմաստնության անսպառ աղբյուրից կում առ կում ըմբոշխնելով` մեր հոգու ու մտքի պապակն ենք հագեցնում մանկությունից մինչև խոր ծերություն: Այս գիտակցությամբ մեր փոքրիկ խումբը ուղևորվում է հայ պոեզիայի սրբավայր դառնալու արժանի նրա ծննդավայրը` Դսեղ: Այս գիտակցությամբ մեր միջև անկեղծանում է խոսակցությունը ներկա մշակութային կյանքում տեղ գտած հակաթումանյանական դրսևորումների շուրջ: Նախօրեին հեռարձակված դիլետանտական հեռուստահարցման ապազգային հանցավոր դիրքորոշումից ամենքս ենք մթագնած: Իբր, տեսեք-տեսեք, այսօր շատերը Թումանյանին չեն էլ ճանաչում: Ամենագետ լրագրողիկների որոմախումբը պիտի ջանար աղբախեղդ հեռուստաեթերը հագեցնել հայ պոեզիայի Արարատի հանրամատչելի գեղարվեստական իմաստնությամբ` հստակ տարանջատելով բարձր արվեստը համատարած, հաճախ մրցանակվող գրամոլության երախայրիքներից: Մինչդեռ… Ոչ թե որակազրկել, այլ դատել է պետք հասարակական թյուրըմբռնում ձևավորող հավակնոտ այս տգետներին: «Դրամբյանիզմի» հետնորդներին: Հրապարակավ: Արևով շռայլորեն օծված օրը, յուրահմա գարնանամուտ փետրվարի 19-ին, Մեծ Լոռեցու անափ լավատեսութ յամբ է ողողում իրատեսական խոցառատ նկատառումների տրտմեցնող թանձրուկը: Թումանյանով հագեցած աշխույժ զրույցում ուրվագծում ճահճացած մթնոլորտն առողջաց նող ուղիները: Ազատ Եղիազարյանը, Կարո Վարդանյանը, Հենրիկ Բախչինյանը, ամենքս լիահույս ենք, որ հոբելյանաշատ տարվա պատկառելի առիթները կարող են նպաստավոր լինել: Մանավանդ` պետությունն էլ տարփողում է նոր ձևաչափերով յուրաքանչյուրի անունն ու վաստակը արժանիորեն վերարժևորելու իր հաստատակամության մասին: Թումանյանի, Կոմիտասի, Շանթի, Աբովյանի, Բակունցի, Վարուժանի… Հաջողության գրավականն, անկասկած, մտավորականների սերուցքի համախոհ ակտիվությունն է: Անձնական փառապսակի դափնիները հյուսելու և սեփական կայուն բարեկեցությունը ամրապնդելու գերնպատակի ստորադասումը համազգային կարևորության անլուծելի մնացող խնդիրների լայնախոհ համակարգմանն ու շրջահայաց հաղթահարմանը: Հարկ է խոստովանել, որ Թումանյանի հայրական տան շեմին հնչեցված խոսքերից ամենաբովանդակալիցը Սերժ Սարգսյանինն էր, ով, իր նախագահական գործունեության տարեդարձի օրվա խորհրդով թումանյանական խորաթափանցությամբ արժևորելով բանաստեղծի հասարակական-քաղաքական անձնվեր հայրենասիրությունը, գնահատեց նաև մեկամյա սեփական դերակատարությունը երիտասարդ պետության հիմքերն ամրապնդելու առումով: Սթափ լայնախոհության խոսուն հավաստիքը նրա ներկայությունն էր, ինչը 140-րդ տարեդարձի նշանավորմանը ներկայացուցչական շուք հաղորդելուց զատ, հույս էր ներշնչում պետության մշակութային քաղաքականության թումանյանամետ լայնախոհությամբ հագեցվելու հանդեպ. անուրանալի է մշակույթի` այդ հզոր գաղափարախոսական զենքի դերը երկրի վարած ընդհանուր քաղաքականության մեջ: Եվ` ոչ միայն մշակութային. Թանգարանի տնօրինուհի տիկին Ռոզայի տպավորիչ բացատրություններով այնուհետև շրջելով բանաստեղծի տանը` կարծում եմ, նա լիովին բացահայտեց իր Թումանյանին` Մամիկոնյաններից սերող Ամենահային: Եվ, հավատարիմ իր արտահայտած վսեմ գաղափարներին, այսուհետ կանի առավելագույնը, որպեսզի Հայաստանը` «հույսի ու լույսի» մեր հայրենիքը, լինի «նոր ու հզոր»: Քանզի զգալի էր Թումանյանի աներևույթ մասնակցությունն իր ծննդյան տոնակատարությանը: Ամենքին էր պարուրել նրա լուսեղեն ոգին: Երգ ու պարով պայծառ օդը թնդացնող զվարթ աղմուկն ընդմիջող ասմունքին ասես ակամա միանալով` բարձրաձայնվում էին համաժողովրդական սեփականություն դարձած նրա բանաստեղծական տողերը, փոխանցվում ինքնագործ վարպետներին, ովքեր իրենց խորհրդանշական, թեմատիկ ստեղծագործություններով զարդարել էին տնամերձ տարածքը:Ինչպես ինքը կասեր. «Հոգիս տանը հաստատվել, տիեզերքն է ողջ պատել»: Բազմաձայն խանդավառությունը պահպանվեց երկար` անարգել ներթափանցելով Թումանյանի երկհարկանի տան վերին փայտաշեն սենյակներից ներս, որտեղ իր առաջին նիստն էր անցկացնում հոբելյանական կառավարական հանձնախումբը` Հասմիկ Պողոսյանի և Արամ Կարապետյանի գլխավորությամբ: Թումանյանի անունը չընդհատվող պարբերականությամբ, նոր սերունդներին վաստակի արժեքավորությունը ներարկելու նպատակամղվածությամբ հնչեցնելու միտված որոշ միջոցառումներ ավանդականի հայտով են հաստատվում մեր մշակութային կյանքում: «Հեքիաթին հյուր», «Թումանյանական հեքիաթի օր» թատերական ծրագրերն, օրինակ: Առանձին կրթօջախներում հեքիաթին, հրապարակախոսությանը նվիրված գիտաժողովները, գրքի նվիրատվության նորահնար տոնը, Կոմիտասի «Անուշ»-ի հանրահռչակումը, «Մշակույթը քաղաքականության մեջ, քաղաքականությունը` մշակույթի» խորագրով 2009-ի Թարգմանչաց տոնը, Հ1-ով հեռարձակվելիք տեսահոլովակը, երևանյան տուն-թանգարանի շարունակական ակտիվությու նը, իհարկե, հնարավորինս մասսայականացմամբ, միմյանց լրացնելով մշտապես կապահովեն անընդմեջ ներկայությունը հանճարեղ Լոռեցու: Մանավանդ` Կամո Արեյանը խոստանում է խստորեն հետևել մայրաքաղաքի 200 հանրակրթարաններում իրարահաջորդ միջոցառումների անցկացմանը: Հրաշալի գաղափար է ծնվում քննարկման ընթացքում` հիմնադրել Դսեղում Ստեղծագործողի տուն, որտեղ ներկա գրական մշակները ոչ միայն արարելու հնարավորություն կունենան, այլև` ընթացիկ խմորումներն ուղղորդելու` մասնագիտական պատասխանատվությամբ, Թումանյանի ժառանգները կոչվելուն արժանի մտավոր-հասարակական գործունեությամբ: Ներկա լինելով քննարկմանը` նախաձեռնվելիք միջոցառումների իրագործմանը զուգահեռ կջանամ իրազեկել դրանց բովանդակային արժեքավորության մասին: Առայժմ ձեռնպահ եմ մնում թվարկված մյուս առաջարկությունները մանրամասնելուց, քանզի մեր սիրուն խոսքերը երբեմն օդում կախված են մնում, երբեմն, գործեր դարձվելիս, այլափոխված կերպարանք ընդունում: Չեմ ուզում վաղաժամ նսեմացնել կամ ուռճացնել դեռևս հստակման կարոտ նորածին ցանկությունները: Օրն այնքան պայծառ էր Թումանյանով, որ միմիայն լավատեսության էր տրամադրում: Յուրատիպ այս ուխտագնացության մասնակիցներիս զվարթաշունչ վերադարձը Դսեղից դեռ երկար կպահպանի հոգեզմայլ տոնականությունը` ժողովրդական վարպետ Սեյրան Աղվանյանի ընծայած գարնան խորհրդանիշ աշխատանքներով, որոնց հավաքականությունը մեզ Երևան տեղափոխող մեքենայում ավետաբեր արագիլների արտասովոր մի երամ էր հիշեցնում, լավ կյանքի առհավատչյայի արժեքով առանձնակի թանկ, ստեղծագործական լիցքերով հարուստ` վաղահաս գարուն, որի համար պարտական ենք Թումանյան երևույթին: Ուրեմն, հյուսենք շյուղ առ շյուղ մեր բույնը, հասունացնենք ծնողական խնամքով վաղվա շինարար ձագուկներին, որպեսզի լիարժեք կյանքով շնչի ու ապրի հայոց աշխարհը` «լցնելով պոետի հաճույքը»:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ