ՊԻՂԱՏՈՍԱԲԱՐ


Հայաստանի գյուղատնտեսության փրկությունը բոլորովին էլ կախված չէ մեկ մարդուց, ու առավել ևս` այդ մարդը նախարար Կարապետյան Սերգոն չէ: Համենայն դեպս, վերջերս այդ պաշտոնն ստանձնած գյուղնախարարը հրապարակավ հայտարարել է, թե բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված ու շահագրգիռ են ոլորտի զարգացմամբ, հույսները ոչ թե իր, այլ Աստծո հետ պետք է կապեն: Կարճ ասած` սույն պաշտոնյան հենց գյուղատնտեսական սեզոնի ու իր պաշտոնավարման մեկնարկից առաջ ձեռքերը պիղատոսաբար լվանում է: Սերգո Կարապետյանը հավանաբար երևի տատիկ¬պապիկներից լսած` Աստծուց կարկուտ կամ երաշտ չաղերսող աղոթքներ... Ինչ¬որ մեկն էլ նրան երևի պատմել է, որ շատ հին ժամանակներում մեր նախնիներն օրհնել ու օծել են սերմը, որպեսզի Աստված ավելի բարեհաճ գտնվի, ու ամիսներ անց հայոց ամբարներն առատ բերքով լցվեն: Վաղնջական ժամանակների Հայաստանում գյուղնախարարություն իհարկե չի եղել, և առաջին իսկ տպավորությամբ` Սերգո Կարապետյանի հիմնական անելիքը, Աստծուն ապավինելուց բացի, նախարարության ծրագրերն արդեն մի քանի շաբաթ հետո սկսելը պետք է լինի: Նույնիսկ իր նախորդը` պաշտոնանկ լինելուց հետո նախարարության հեռուստացույցը տուն տարած Գերասիմ Ալավերդյանն էլ անցյալ տարվա երաշտի օրերին հայտարարում էր, թե մի փոքր ժամանակ ու հնարավորություն տվեք, ու այլևս ոչ մի երաշտ «մտքովն» անգամ չի անցկացնի վնաս հասցնել մեր այգիներին ու դաշտերին: Երաշտի տարին անցավ: Նախարարն էլ անբերրի տարվա հետ միասին պատմություն դարձավ: Ու կարելի էր կարծել, թե Գերասիմ Ալավերդյանի հետ միասին անցյալում էին մնալու նաև ոլորտի աննախադեպ ձախողումների նախապայմանները: Ավաղ, բանջարեղեն պահածոյացնելու մեծ փորձ ունեցող նոր նախարարի ծրագրերն էլ են պահածոյացու` թե´ ուղղվածության, թե´ գործնականության առումով: Աստվածավախության համար Կարապետյան Սերգոյին, իհարկե, միայն կարելի է քաջալերել: Մանավանդ` միայն Աստծուն է հայտնի, թե ինչ է նախատեսել սույն պաշտոնյան օրհասական վիճակում հայտնված ոլորտն առողջացնելու ուղղությամբ: Ըստ երևույթին սա այն դեպքերից է, երբ մարդն անճարությունից է Բարձրյալի բարեշնորհությանն ապավինում: Աստծուն բոլորս ենք ապավինում, բայց մեր չանելիք գործերը նրան չենք վերագրում, չէ՞: Իսկ բոլոր մենատնտեսներն այսօրվանից արդեն գյուղնախարարության հետ հույսեր կապելու ու այս կառույցից սպասելիքներ ակնկալելու հիմքեր չունեն: