Բնազդային ինքնաապահովագրում


ՀԱՅՏՆԻ է, որ երբ կուսակցություններն ակտիվանում են, ուրեմն ընտրություններին քիչ ժամանակ է մնացել: Եթե ընտրություններ են սպասվում, իսկ քաղուժերը հնգամյա թմբիրից դուրս գալու նախանշաններ են սկսում ցույց տալ, հետևաբար մշտապես անկատար (՞) «Ընտրական օրենսգիրքը», Գարեգին Ազարյանով հանդերձ, ակտիվ քննարկումների կիզակետում պետք է հայտնվի: Եվ քանի որ առիթը նորից է եկել, նորից վերհիշենք, որ մեզանում ամենատարբեր մակարդակի քվեարկությունների ընթացքն ապահովող փաստաթուղթը մշակվել ու լրամշակվել է` սկսած անհիշելի ժամանակներից: Ավելին, հազվադեպ հնչող խոստովանությունները, թե օրենսգիրքը թերևս արդեն կատարելության է հասցվել, առանց լուրջ վերապահումների կարելի է ընդունել: Այլ հարց է, որ այն նորից ու կրկին վերամշակելու անհրաժեշտություն կուսակցությունները միշտ են զգում: Ընդ որում, նման պահանջ (երբեմն էլ պայման) առաջ է գալիս հենց քարոզարշավի արշալույսին: Եվ ստացվում է, որ ընտրությունների մասնակցելու տրամադրությունների ի հայտ գալուն պես` հայրենի քաղուժերը սկսում են սևեռվել բազում փորձություններ հաղթահարած փաստաթղթի վրա… Ու եթե ոչ բոլոր, ապա արձանագրվող անհաջողությունների մեծ մասը նրանք ավելի ուշ հենց օրենսգրքի վրա են բարդում: Իհարկե, բազմաչարչար այդ փաստաթուղթը բոլորովին էլ մեղավոր չէ, որ այս կամ այն սափրագլխի կամ հենց տվյալ կուսակցապետի սանձարձակությունը, ասենք, հենց քվեարկության օրը գագաթնակետին է հասնում: Ու խնդիրը նույնիսկ լկտիության ու դրանից բխող հետևանքների շրջանակում չէ: Ակնհայտ է, որ «Ընտրական օրենսգիրքը» հայրենի քաղուժերը քավության նոխազ են դարձնում առավելապես այն շահախնդրությամբ, որպեսզի ցանկացած սայթաքում ու անհաջողություն նրանք օրենքի անկատարությամբ են փորձում պայմանավորել: Այսպես չափազանց ձեռնտու է: Գլխավոր «մեղադրյալը» ոչ միայն չի բողոքի, այլ ծպտուն անգամ չի հանի: Իսկ քվեարկության արդյունքներում արձանագրված անհաջողությունը հնարավոր կդառնա լավագույնս պարտակել` օրենքի անկատարության թեման ավելի ուժգնորեն շահարկելով: Կարելի է ասվածին առարկել, թե քվեարկությունից դեռևս մեկ տարի առաջ քաղուժերն անգամ իրենք չգիտեն, թե ինչ կլինի, ինչ արդյունք կգրանցվի քվեատուփերը բացելուց հետո… Եվ եթե օրենսգրքի շուրջ հայրենի կուսակցությունների աղմուկ¬աղաղակը հենց քվեարկության օրը սկսվի, ապա նրանց ձայնի ուժգնությունն անգամ որևէ մեկին չի կարող համոզել, թե այս մարդիկ անկատար օրենքների զոհը դառնալու արդյունքում են զրկվել խորհրդարանական ճոճաթոռից: Այսինքն, ամեն ինչ նորից ճիշտ ժամանակին է սկսվել, և ուղիղ մեկ տարի «Ընտրական օրենսգիրքը» ծամոն դարձնելով` քաղուժերը վաստակում են «Բա որ ասո˜ւմ էինք» արտահայտությունը լիարժեքորեն որոճալու` իրենց համար ձեռնտու իրավունքը: