ՍԵՎՈՎ` ՍՊԻՏԱԿԻՆ


Ադրբեջանական բանակում ահագնացող ներքին հակասություններն Իլհամ Ալիևը միտումնավոր անտեսում է: Նրան չի անհանգստացրել անգամ մեկ օրում 7 ադրբեջանցի զինվորի սպանության փաստը: «Ազադլիգ»¬ը հաղորդում է, որ դեպքի օրն անգամ Հեյդարօղլին չի հրաժարվել նախապես ծրագրված` ժապավեն մկրատելու վայելքից և լուրն առնելուց հետո անգամ բարձր տրամադրությամբ մասնակցել է կահույքի գործարանի բացման հանդիսավոր արարողությանը: Նույն օրը երեկոյան ադրբեջանական բոլոր հեռուստաալիքները նորությունների թողարկումը սկսել են կարմիր ժապավենը կտրելու պատկերներ ցուցադրելով: Թերթը նշում է, որ նոր ձեռնարկությունը պետք է կահույք արտադրի երկրի բոլոր բնակավայրերում գործող Հեյդար Ալիևի տասնյակ թանգարանների, ինչպես նաև վարչական շենքերի, հյուրանոցների, դպրոցների, թատրոնների և այլ հաստատությունների համար: Ակնհայտորեն հարևան երկրի նախագահն իր դիրքն ու հնարավորություններն օգտագործում է սեփական բիզնեսները զարգացնելու նպատակով: Միաժամանակ և հրապարակավ ցույց տալով, թե ամբողջ երկրում հիմա էլ պետական կառույցների գույքն է թարմացվում: Ինչպես ասում են` օգտակարը հաճոյանալու տեսքով մատուցելով: Ու նրա ժողովուրդն էլ իր տիրոջ ամեն քայլը պաշտամունքի վերածելու ախտով է բռնկված: Սակայն պարզվում է, որ շուրջ 6 մլն դոլար արժեցած գործարանի կառուցման համար արտոնյալ վարկեր Ադրբեջանում մի քանի հոգի միայն կարող են ստանալ: Դե, բնականաբար, դրանցից առաջինը երկրի սուլթանն է: Իսկ առանձնակի խորաթափանցություն պետք չէ (նույնիսկ` ադրբեջանցիներին)` հասկանալու համար, որ նման առիթներն ընդամենը փողեր լվանալու միջոց են ընձեռում Ադրբեջանի հոխորտացող նախագահին: Դե, իսկ բանակը, ինքնակեր ու զոհված զինվորներն ի˜նչ արժեք ունեն փողալվացումը գերագույն նպատակ դարձրած Հեյդարօղլու համար: