«ԵՍ ԿԱՐՈՏԻ ԱՉՔԵՐՈՎ ԵՄ ՆԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»


ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆՆ արդեն ճանաչում ունեցող բանաստեղծ էր, երբ հեռացավ Հայաստանից` բնակություն հաստատելով Իսպանիայում: Այսօր նա տեղի հայ համայնքի ամենանշանավոր դեմքերից մեկն է: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են իսպաներեն, լույս տեսել առանձին գրքով: - Սիրելի Արա, չէի ասի, թե Հայաստանում քեզ մոռացել և կամ չեն հիշում, սակայն կուզենայի, որ պատմեիր քո մասին, այն շրջանի մասին, երբ մուտք գործեցիր գրականություն: - Այո, գիտեմ, որ ինձ չեն մոռացել, չափազանց սերտ են իմ կապերը հայաստանյան գրական ընտանիքի, արվեստագետների հետ: Ես ապրում եմ Հայաստանով` համոզված, որ իմ բաժին տեղն ունեմ հայրենիքում: Ծնվել եմ Վանաձորում, սովորել եմ Թատերական ընկերության դրամատիկական ստուդիայում, անգամ դերեր եմ խաղացել Աբելյանի անվան թատրոնում, ապա ավարտել եմ մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Ուսանող էի, երբ տպագրվեցին իմ բանաստեղ ծությունները «Գարուն» հանդեսում: Իսկ դա երևույթ էր` ցանկացած ստեղծագործողի կյանքում, «Գարունը» չափանիշ էր, մեծ ճանապարհի ուղեցույց: Ասեմ, որ այն երջանիկներից մեկն եմ եղել, ով իր գրական ընթացքի առաջին իսկ օրերից շրջապատված է եղել մեր գրականության մեծերի հոգատարությամբ: Ճակատագիրն ինձ շատերի հետ է հանդիպեցրել, շատերի հետ սեղանակից եմ եղել, դարձել բարեկամ: 1970-80-ականների գրական կյանքը բոհեմական էր, խենթ, ինչ-որ միստիկական բան կար նրա մեջ: Եթե չափազանցություն չի համարվի` կասեմ, որ դա մի նոր վերածնունդ էր, նոր ձևերի ու նոր մտածողության վերածնունդ: Ես Հայաստանում բանաստեղծական երկու ժողովածու տպագրեցի, որոնցում հենց այդ ժամանակների գրգիռներն ու դրսևորումները կային: - Քեզ շատերն ի սկզբանե համարեցին ինքնատիպ, սեփական որոնումների ճանապարհով գնացող բանաստեղծ: Ինչպե՞ս կբնութագրես այդ ինքնատիպությունը: - Ինքնատիպությունը մղում չէ, կեցվածք չէ: Ես որոնում էի իմ ձևը, ինքնարտահայտման իմ սկզբունքները: Բանաստեղծությունը չի կարող պարփակվել միայն ու միայն ավանդական ձևերի ու կաղապարների մեջ: Այն մշտապես պետք է ձգտի ազատության, որովհետև մարդկային հույզերն ու մտածումները, որոնք բանաստեղծության շարժիչ ուժերն են, չեն կարող մշտապես ենթարկվել ինչ-որ կաղապարների: Չգիտեմ, որևէ մեկը փորձե՞լ է տեսական բացատրություն տալ այդ ժամանակների բանաստեղծությանը, բայց ես կասեմ, որ իմ սերունդը ձևավորում էր հայ բանաստեղծության աբստրակտը, սյուռեալիստական սկզբունքը, երբ շրջանակն ու կաղապարը մղվում էին հետին պլան, բանաստեղծական ավանդական կառույցները փոխարինվում էին արտահայտչական նոր հայտնություններով: Ուսումնասիրելով տվյալ ժամանակաշրջանի ողջ խորհրդային գրականությունը, կարող եմ ասել, որ հայ բանաստեղծությունն ամենաառաջավորն էր, ամենաինքնատիպն ու նորարարականը: ԽՍՀՄ-ում ապրող այլ ժողովուրդների բանաստեղծներ թարգմանվում էին ռուսերեն, պետական բարձրագույն պարգևների արժանանում, իսկ հայ բանաստեղծությունը` կարծես «դրսի» կողմից մոռացված` իր նոր ճանապարհով էր գնում` այսպես հիմք դնելով հեղափոխականությանն ու փորձարարությանը: - Դու հեռացար Հայաստանից, որովհետև քեզ չէի՞ն հասկանում, որովհետև քո ստեղծագործությամբ այլախո՞հ էիր: - Պետք չէ նման մեկնաբանություններ տալ: Բանաստեղծությունն ինքնին այլախոհություն է, հաստատված կանոնների և մտածողության ժխտում: Արվեստագետը, գրողը չեն կարող այլախոհ չլինել: Եկ չօգտագործենք հեռանալ բառը, դրա փոխարեն ասենք` գնալ: Գնացի, որովհետև վիճակը ծանր էր, որովհետև ձևավորված սոցիալական հարաբերությունները հնարավորություն չէին տալիս ապրել: Նաև գնացի, որովհետև ուզում էի շփվել եվրոպական արժեքների, մտածողության ու կենցաղի հետ: Եթե հեռանայի, ապա երբևէ չէի մտածի Հայաստանի մասին, իսկ ես Հայաստանին նայում եմ կարոտի և սիրո աչքերով: Այստեղ ես դարձել եմ մեկը նրանցից, ովքեր Հայաստանն են ներկայացնում, մտահոգված են, որպեսզի մեր մշակույթն ու գրականությունը հասանելի լինեն իսպանացիներին, ովքեր իրենց տեմպերամենտով ու աչքերով շատ նման են մեզ` հայերիս: - Ամեն մի հայ իր երկրի դեսպանն է: Դու քո գործունեությամբ նպաստում ես, որ մեր գրականության մասին պատկերացում ձևավորվի: Իսկ կատարու՞մ ես այնպիսի աշխատանքներ, որոնք նպաստեն Ցեղասպանության և Ղարաբաղի ճանաչմանը: - Գիտես, ես քաղաքական գործիչ չեմ, մտավորական եմ, ով ունի իր գործունեության շրջանակները: Հանրահավաքներ չեմ անում, դիվանագիտական գործունեության մեջ ներքաշված չեմ, սակայն իմ բանաստեղծություններով, գրական երեկոներին և ասուլիսներին իմ ունեցած ելույթներով մի փոքր գործ անում եմ, իմ շրջապատում ձևավորում եմ մի նոր գիտակցություն: Արդեն իսկ իմ ու շատ հայերի ներկայությունն այդ երկրում վկայությունն է այն բանի, որ մենք համապատասխան միջավայր ենք ձևավորում, թեկուզև առօրյա խոսակցություններում ծանոթացնում մեր պատմությանն ու մեր ընթացքին, մեր ճակատագրին ու հիմնահարցերին: Մենք, իհարկե, արհեստականորեն ձևավորված սփյուռք ենք, առանց ավանդույթների, ոմանց համար` աշխատանքային միգրանտներ, սակայն մենք մի փոքրիկ Հայաստան ենք, երկրի մի բեկոր, որը ոչ թե բախտ է որոնում, այլ` դառնում այդ երկրի հանրային կյանքի մի մասնիկը: - Լավ է, որ ապրում ես Եվրոպայում և այն էլ նման երկրում, որը մեզ համար առանձնակի հմայք ունի: Իսկ վերադարձ լինելու՞ է: - Ամեն մեկիս համար էլ վերադարձն անխուսափելի է: Տան գաղափարն անպարփակ է: Ես չգիտեմ, թե երբ վերջնականապես կդառնամ իմ տուն, բայց այդ վերադարձը լինելո´ւ է:

Զրուցեց Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆԸ