ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈ´ՒՆ Է


 

Մեր թերթի նախորդ համարում տպագրված «Հերթը հասավ «բանգլադեշցի Համոյին» հրապարակումը ընթերցողների շրջանում մեծ արձագանք է գտել:

Ընթերցողներից մեկը տարակուսել է, որ մեկ-երկու լրատվամիջոցում արդեն սկսվել է շահարկվել ու կուսակցականացվել տարիներ շարունակ անխորտակելիի համարում ունեցող, ինչ-ինչ ուժերի հովանավորյալ հանցագործ, իսկ վերջերս էլ ընդամենը սովորական խուլիգանություն կատարած-ոստիկանության տեսադաշտում հայտնված ու բռնված «բանգլադեշցի Համոյի» թեման: Գրել են, թե իբր «Բաղրամյան 26-ից նոր «զակազ» է ստացվել, «Բարգավաճ Հայաստանի» դեմ գրելու «մատերիալ» կա, և քանի որ Աշոտ Ավետիսյանը ԲՀԿ ակտիվիստներից է, ժամանակին անուրանալի ծառայություններ է մատուցել կուսակցությանը, ուստի այս օրերին քաղաքական շրջանակներում խոսակցություններ են պտտվում, թե Սերժ Սարգսյանի հրահանգով հերթական անգամ փորձ է արվում ԲՀԿ-ն մատուցել որպես քրեական տարրերով հարուստ կուսակցություն` այդպիսով ընտրություններից առաջ վարկաբեկելով կոալիցիոն գործընկերոջը»:

Ընթերցողներից մեկն էլ հիշատակելով սենսացիայի հետ սերտ առնչություն ունեցող մեկ այլ լրատվամիջոցում հայտնված տեղեկատվությունը` այն մեջբերել ու հարց է ուղղել.

- Ճի՞շտ է արդյոք, որ «Բանգլադեշցի Համոյից աբիժնիկ» Վլադիմիր Գասպարյանն իր «մուռն» է հանում Համոյից, քանի որ նախկինում «տակ» է տվել նրա հետ «ռազբորկայում», իսկ հիմա «պեպելնիցայությունը» հնարավորություն է տվել «աբառոտկա» ֆռալ»:

Մի կողմ թողնենք մամուլին ոչ վայել ժարգոնը: Հիշեցնենք, որ 
օրերս մի քաղաքացու ծեծելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեղադրանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է նախկինում բազմիցս հանցանքներ կատարած, բայց արդարադատությունից խույս տված Աշոտ Ավետիսյանը` «բանգլադեշցի Համոն»: Այստեղ որևէ արտառոց բան չկա. եթե ծեծել է` հանցանք է կատարել: Իսկ 2011 թ. նոյեմբերի 1-ից հետո, ով էլ լինի` պետք է օրենքով նախատեսված կարգով պատժվի: Այսինքն, ոստիկանությունը գործել է օրենքի համաձայն և այստեղ թմբկահարման որևէ խնդիր չկա: Ինչ վերաբերում է «բանգլադեշցի Համոյ»-ի դեմ «Բաղրամյան 26-ի կողմից պատվեր իջեցնելուն» և նրան կուսակցականացնելուն, ապա մի բաժակ ջրում փոթորիկ որոնող մեկ-երկու լրատվամիջոցները կարող էին զանգահարել ԲՀԿ գրասենյակ և ճշտել լուրի հավաստիությունը, կամ էլ վարվել այնպես, ինչպես ԶԼՄ-ներից մեկը, որի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն անդրադառնալով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությանը, թե կապ չունի, որ կուսակցությունից ու ինչ հաստությամբ հանցագործների են բերման ենթարկում` ասել է.

- Օրինակի համար ուրիշ կուսակցություններում հաստեր չկա՞ն: Մենակ մեր կուսակցությանը չէ, Հանրապետականներին էլ կպավ:

Նույն պատգամավորի խոսքերով` «Իրավիճակ խառնողները վերջին շրջանում անընդհատ շահարկում են ԲՀԿ-ական հանցագործների ձերբակալությունները, մինչդեռ վիճակագրությամբ` 100 տոկոս ձերբակալվածներից միայն 10 տոկոսն է, որ իբր ԲՀԿ անդամ են: Իրավիճակ խառնողները այն 90 տոկոսի մասին չեն խոսում, խոսում են 10 տոկոսի մասին ու թյուր կարծիք ստեղծում, թե ոստիկանությունն ընկել է ԲՀԿ-ի հետևից: Բոլոր իրավիճակ խառնողները` այդ մանր մունր, զիբիլ քաղաքական ուժերը, երբեք խաղողը մռութին չհասնող ողորմելիներ են»...

Իսկ ինչ մնում է շրջանառվող այն լուրին, թե իբր Վլադիմիր Գասպարյանը «մուռ» է հանում «բանգլադեշցի Համոյից», ասենք, որ ըստ ամենապարզ տրամաբանության` Համոյի խուլիգանությունը հո Վլադիմիր Գասպարյանը չէ՞ր կազմակերպել, որ հետո էլ նրանից մուռ հաներ: Հիշողության և լսողության հետ խնդիրներ ունեցողների համար մեկ անգամ ևս կրկնենք, որ ոստիկանության նորանշանակ պետն իր գրեթե բոլոր հրապարակային ելույթներում շեշտել է.

- Շարունակվելու են բոլոր նմանատիպ ձերբակալությունները: Մենք չենք գնում կուսակցությունների, անձերի հետևից, մենք գնում ենք երևույթի, հանցագործության հետևից: Բացարձակապես նշանակություն չունի, թե ո՞ր կուսակցության, ո՞ր խավի, ի՞նչ հաստության մարդիկ են:

Այնպես որ, ոստիկանությունը հենց այնպես Համո կամ Պողոս չի ձերբակալում, ոստիկանությունը վրեժխնդրությամբ և այլ ճղճիմություններով չի առաջնորդվում: Ոստիկանութ յունը ծառայում է օրենքին, հանցագործություն է բացահայտում, հանցագործ է բռնում, իսկ Ոստիկանության պետի կոնֆլիկտը կրիմինալի հետ սկզբունքային է, պրոֆեսիոնալ և` զուտ քրեական օրենսգրքի շրջանակներում: Ավելին` վրեժխնդրությունը հակառակ է գեներալ-լեյտենանտ Վլադիրմիր Գասպարյանի կերպարին, հավատին ու սկզբունքներին: Այնպես որ, ոմանք թող երևույթները չչափեն իրենց իսկ մանրախնդրությամբ. խոսքը միանգամայն հակադիր աշխարհընկալումների, չափումների ու բարոյական բևեռների մասին է:

Հասկանալի է, որ երբեմն լրատվամիջոցը հրապուրիչ դարձնելու, սուտ սենսացիայով ընթերցող գրավելու խնդիր կա, բայց մոռացվում է մի պարզ ճշմարտություն` անհեռանկար է այդ ճանապարհը:

Վլադիմիր Գասպարյանի պաշտոնավարման առաջին իսկ օրվանից փորձ է արվում այս կարգի անհեթեթ տեղեկատվությամբ նրան և ոստիկանությունը ներքաշել քաղաքականության մեջ, առնչել ինչ-ինչ գործընթացների, որոնց հետ ոստիկանության պետն ու իր ղեկավարած կառույցը կապ չունեն և ունենալ չեն կարող` թե´ օրենքով, թե´ սկզբունքորեն: Եվ, ի վերջո, բարոյական չէ հանցագործին մեկուսացնելն ու հասարակական կարգի պահպանման գործառույթը վրեժխնդրություն կոչելը:

Նման անհեթեթ տեղեկատվությամբ ու վերլուծություններով չարժե մոլորեցնել ընթերցողներին, նենգափոխել իրողությունները և խանգարել ոստիկանությանը` լիարժեք իրականացնելու օրենքով վերապահված իր խնդիրները, անձի և անձնական վիրավորանքների դաշտ բերել օրենքի պահպանման գործառույթը: Այդօրինակ նպատակների իրականացումից, վստահեցնում ենք, ոչ ոք չի շահի: