ՈՉԻՆՉ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ
Ա. Սարգսյանի («ՍԱՍ»-ի Արտակի) պատգամավոր դառնալու հավակնությունները հավանական է, որ առաջիկա մայիսին նույնպես չիրականանան: Թեև հայտնի գործարարն արդեն հայտարարել է Արաբկիրն ընդգրկող ընտրատարածքից առաջադրվելու իր մտադրության մասին, սակայն այստեղ վերստին պատգամավոր է պատրաստվում դառնալ Զոհրաբ Զոհրաբյանը, ում, ամենայն հավանականությամբ, պաշտպանելու է նաև իշխող կուսակցությունը: Չի բացառվում, որ ԱԺ գործող պատգամավորին ձեռնոց նետի նախորդ ընտրություններում նրա հիմնական մրցակից Հայրապետ Հայրապետյանը ևս:
«ՍԱՍ»-ի Արտակն, իհարկե, ոչինչ չի խնայի հաջողության հասնելու համար, սակայն վերջինիս շատ է խանգարելու իր կուսակցական անցյալը: Գործարարը նախկինում ՕԵԿ անդամ է եղել, իսկ վերջին ընտրություններում փորձեց Ժողովրդական կուսակցության ցուցակով խորհրդարան անցնել, բայց ձախողվեց Կարապետիչի հետ միասին: Ասում են` գործարարն սկսել է ընդդիմության հետ բանակցություններ վարել` գոնե ՀԱԿ-ի աջակցությունն ստանալու համար: Բայց մինչ պայմանավորվածությունները կկայանային, նրա երկակի խաղը բացահայտվել է: Հավելումն` պնդողներ կան, որ նա ֆինանսավորում է որոշ ընդդիմադիր էլեկտրոնային լրատվամիջոցների: