Մահվան ելքով դեպքերի նվազում


 

Ցավով պետք է փաստել, որ անցած տարում հաջողություններին զուգահեռ ՀՀ Զինված ուժերում բացթողումներ ևս գրանցեցին: Արձանագրվեցին դժբախտ պատահարներ, հայ զինվորներ զոհվեցին, մայրեր որդեկորույս դարձան: Կորուստներ, որոնք մեծ վիշտ պատճառեցին բոլորիս: Ու թեև ոչ մի թվային տվյալ ու վիճակագրություն չեն կարող սփոփել կորստի ցավը, այնուամենայնիվ պետք է ուրախությամբ փաստել, որ անցած 2011-ին Զինված ուժերում գրանցվել է մահվան ելքով դեպքերի կտրուկ նվազում:

Տարվա հանցավորության ընդհանուր պատկերն ու աշխատանքների ամփոփումը փաստում են, որ արձանագրվել է զինվորական ծառայության անցնելու հետ կապված մահվան 36 դեպք, որից 30-ը հանցագործության հետևանքով, այդ թվում` 10- ը` հակառակորդի կողմից կատարված:

Նախորդ տարվա ընթացքում կատարվել է ծառայության անցնելու հետ կապված սպանության 2 դեպք (2010-ին գրանցվել էր 17-ը):

Անվիճարկելի է, որ յուրաքանչյուր զինվորի կյանքը թանկ է, և նշված արդյունքները դեռ գոհացուցիչ չեն կարող լինել: Ինչպես ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանն էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստեց.

- Մեզ համար էլ անցանկալի է խոսել մարդկային կյանքի և հատկապես հայ զինվորի մահվան կապակցությամբ ինչ-որ թվային կամ տոկոսային դրսևորումներով և գնահատականներով: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ մենք ստիպված էինք այս համեմատությունն ու համադրությունը անցկացնել` հասարակական ընկալումը ճիշտ ուղղորդելու տեսանկյունից: Մեզ համար ամեն մի հայ զինվորի մահը մեծ ցավ է և մեծ դժբախտություն, այնուամենայնիվ կարող ենք փաստել, որ մենք ունենք 33.3 տոկոս նվազում ընդհանրապես մահվան ելքով և առնվազն 80 տոկոսի նվազում սպանության դեպքերի:

Արձանագրվել են նաև հիվանդության պատճառով մահեր: Ինչպես հավաստիացնում է Գ. Կոստանյանը` մշակված են ծրագրեր, որոնք եթե չվերացնեն, գոնե էականորեն կնվազեցնեն հանցավորությունն ընդհանրապես:

Թեև փաստերը խոսում են հանցավորության և հատկապես մահվան ելքով դեպքերի նվազման մասին, սակայն հասարակական ընկալման մեջ կարծես թե ոչինչ չի փոխվում: Յուրաքանչյուր հինգշաբթի Կառավարության դիմաց շարունակվում են զոհվածների հարազատների (և ոչ միայն) բողոքի ցույցերը, և ցուցարարների իսկ հավաստմամբ` տարբեր գործերի կապակցությամբ բազմաթիվ հարցեր դեռևս մնում են անպատասխան: Զինվորական դատախազն այս առումով մեկ անգամ չէ, որ հավաստիացրել էր, և հանդիպման ընթացքում էլ վերստին հիշեցրեց, որ պատրաստ է քննարկել ցանկացած գործ` ցանկացած ֆորմատով` մասնագիտական դաշտում:

Հանրապետության զինվորական դատախազն ընդունում է, որ կան այնպիսի գործեր, որոնց նախաքննության ընթացքում տեղ են գտել թերացումներ` հատկապես 2010-ին և դրան նախորդող ժամանակահատվածում կատարված սպանություններին առնչվող դեպքերում:

Ի պատասխան հասարակական որոշ շերտերի կողմից տարածվող կասկածներին, թե սպանության դեպքերը որակվում են որպես ինքնասպանություն, Գևորգ Կոստանյանի պատասխանն առավել քան ինքնավստահ է.

- Փնտրեք մեր երկրում և երկրից դուրս ցանկացած իրավաբանի, եկեք քննարկենք ցանկացած որակում. եթե որևէ սպանություն ինքնասպանություն է որակվել, ես այդ պահին հրաժարական կտամ, այդ վայրկյանին: Չի կարող լինել այդպիսի դեպք:

Երիցս ճիշտ է նա, երբ հաստատում է.

- Ես եկել եմ այն համոզման, երբ շատ դեպքերում մարդն արդեն ունի ընկալում, հաստատված իր կարծիքը, թե տեղի է ունեցել որևէ իրադրություն` այդ իրադրությունը հերքելու կամ կասկածի տակ դնելու ցանկացած փաստ և հանգամանք մեխանիկորեն դիտվում է որպես կեղծ փաստ, կեղծ ապացույց, կեղծարարություն:

Իսկ այդ ընկալումը ձևավորվում է նաև խեղաթյուրված փաստերի, ապատեղեկատվության, խուճապահարույց հայտարարությունների մթնոլորտում: Չկամների պակաս մեզանում չկա:

- Ինչպե՞ս է ներգործում չարախոսությունը իրավապահ մարմինների գործունեության վրա հարցին, զինդատախազը պատասխանեց «Ավանգարդի» խնդրանքով:

- Ցանկացած հայտարարություն, լուսաբանում, քննադատություն եթե կառուցողական է, կարող է օգտակար լինել: Իսկ եթե պարունակում է ապատեղեկատ վություն, դա ոչ միայն մեր բանակի հեղինակությունն է նսեմացնում (ընդ որում, շատ դեպքերում և հիմնականում` բացարձակ անտեղի), այլև ընդհանրապես ազդում է բանակի նկատմամբ հասարակության վերաբերմունքի վրա: Դա մեզ համար կործանարար է: Խնդրում եմ բոլորին. պատասխանատվությամբ մոտեցեք: Ես ինքս` որպես երկրի քաղաքացի, շատ վատ եմ զգում, երբ նման տեղեկատվություն եմ տեսնում: Անկեղծ լինեմ` ինձ համար այդ առումով բացարձակ նշանակություն չունի, ես կատարում եմ իմ աշխատանքը, և դրա համար պատասխանատու եմ ինքս իմ ու ամենակարևորը` հասարակության առաջ: Իսկ դատաքննության ընթացքում արված հայտարարությունները նաև միջազգային պրակտիկայում դիտվում են որպես ճնշում դատարանի վրա:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ