ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ


 

(Սկիզբը` նախորդ համարում)
«2012 թվական» արտահայտությունը շատերին անհանգստություն է պատճառում. աշխարհի վերջ ասվածը նրանք բառացի են ընկալում: Ասում են` որոշ մեծահարուստներ ստորգետնյա կացարաններ են կառուցում` մոլորակի կործանումից փրկվելու հույսով: Միամի˜տ մարդիկ. եթե խոսքը «աշխարհի վախճանի» մասին է, ստորգետնյա թաքստոցները մի՞թե դուրս են Երկիր մոլորակից: Աստծո գործերն անքննելի են և անիմանալի` մահկանացուներիս համար: Բայց այս առնչությամբ, բարեբախտաբար, աստղագետները գուժկան չեն: Ըստ նրանց` գալիք տարի, հավանաբար, մարդկությունը «կանցնի և´ կրակի, և´ ջրի, և´ պատերազմի ու խաղաղության միջով»: Ու ինչպես բոլոր ժամանակներում` ոմանք բարիքներ կճաշակեն, ոմանք` դառնություն:
Ճշմարիտ հավատքին դավանողներն, իհարկե, լուրջ չեն վերաբերվում գուշակություններին: Եվ, ինչպես ընդունված է կարծել` աստղերն էլ չեն պարտավորեցնում, այլ հուշում են միայն: Ուրեմն, թեկուզ որպես ժամանց` ինչո՞ւ չլսել այդ հուշումները:
Հրեշի ամանորը
Ընթացիկ շաբաթասկիզբն արևելյան օրացույցով նաև Հրեշի տարվա սկիզբն էր: Չինաստանում դրա մուտքը կտոնակատարեն մինչև հունվարի 28-ը: Ժողովուրդն այս ընթացքն անվանում է «ոսկյա»:
Չինական 12 կենդանակերպերի խորհրդանիշերից Հրեշը միակ առասպելական էակն է: Միայն հեքիաթներից մարդկությանը հայտնի հրեշին անհավանական հատկանիշներ են վերագրում: Սակայն չինական դիցաբանության մեջ այն ավելի շատ բարի է, քան` չար. ուրեմն նոր տարում հարկ է ավելի շատ միայն լավն ակնկալել:
ԿՇԵՌՔՆԵՐ-ին դրական փոփոխություններ են սպասվում: Գործերը վերընթաց կարձանագրեն, տրամադրությունը կբարձրանա, նոր ծրագրեր կուրվագծվեն:
Հունվար-ապրիլ ժամանակահատվածը կարող է նշանավորվել երկար սպասված գույքի ձեռքբերմամբ, որը կարող է և նվեր լինել: Չի բացառվում, որ ժառանգություն ձևակերպվի կամ անշարժ գույքի իրավունք ձեռք բերեք: Ժամանակը առավել բարեհաջող է ռիելտորների, բանկային աշխատողների համար: Հաջողությունը կժպտա նաև նրանց, ովքեր աշխատում են ուրիշների փողերի և ունեցվածքի հետ: Անշարժ գույքի գործակալները հաջող գործարքներ կկնքեն: Շահավետ ու եկամտաբեր կլինեն և բնակարանների վաճառքը, դատական գործերը: Մի´ հետաձգեք նմանատիպ գործերն ու գործարքները:
Հիփոթեքային վարկեր ձևակերպելու և գույքային հարցերով զբաղվելու լավագույն շրջանը հունվարից մինչև մայիսն է: Դրանից հետո` մինչև սեպտեմբեր, ձեզ հավանաբար այլ խնդիրներ կմտահոգեն: Ընտանեկան և զուգընկերոջ հետ լարված հարաբերությունները կարող են ձեզ հունից հանել: Ամռանը չարժե ընտանեկան հանդիսություն ծրագրել, որովհետև չեն բացառվում տհաճ անակնկալները. օրինակ` հարսանիքի հետաձգում, գժտություններ: Հարկավոր է համբերատար լինել, վեճեր չստեղծել, խնդիրները չբարդացնել: Ձգտեք չափավորել ձեր խոսքերը, վարվելակերպն ու արարքները` տհաճ վիճակներում չհայտնվելու համար:
Աշնանը բնակարան գնելը և անշարժ գույքի գործարքները հազիվ թե բավականություն պատճառեն` թե որակի, թե´ գների առումով: Աշնանը ստիպված կլինեք խնայել սովորել և ճիշտ բաշխել ձեր բյուջեն: Ինչ խոսք, ավելորդ խնայողությունը ձեզ բավականություն չի պատճառի, բայց փոխարենը` նոր գումարներ պահանջող ծրագրեր կծագեն:
ԿԱՐԻՃՆԵՐ-ը 2012-ը կարող են անվանել ընտանիքի և ամուսնության տարի: Սիրո միության պահպանումն ու ամրապնդումը, ընտանեկան հարաբերությունների վերակառուցու մը, մերձավորների հանդեպ հոգատարությունը Կարիճների գլխավոր խնդիրն է:
Հունվարից մինչև ապրիլը հաջող շրջան է ամուսնության համար, եթե իհարկե ձեր հարաբերությունները ստուգված են ժամանակով և ճիշտ ընտրության առումով կասկածներ չեն հարուցում:
Չեն բացառվում նոր ծանոթությունները, որոնք ապագայում ձեզ ուրախություն կպարգևեն: Ավելի շատ շփումների, ժամանակը մտերիմների ու հոգեմոտ մարդկանց շրջապատում անցկացնելու ցանկություն կունենաք: Հնարավոր է ծանոթանաք պաշտոնատար անձանց հետ` ոչ պաշտոնական միջավայրում:
Ձգտեք օգտվել մինչև մայիս ձեր առջև բացվելիք հեռանկարից, որովհետև ամառը` մինչև սեպտեմբեր, անբարենպաստ ժամանակ է ձեզ համար: Նոր մարդկանց ձեր շրջապատ տանելով` առանձնապես խելացի չեք գտնվի. նրանք որևէ լավ բան չեն բերի ձեր կյանք: Առավել ևս` ուրիշ հայացքների տեր անձանց հետ կապեր հաստատելը քաոսային ու կարճատև լարումներից բացի` ուրիշ ոչինչ չեն ավելացնի ձեր կյանքում: Հոկտեմբերից մինչև տարեվերջ ավելի լավ է` զբաղվեք ձեր առողջությամբ, մի այցելեք նոր ծանոթներին, ուշադիր եղեք ճանապարհներին, փոխադրամիջոցներում և ղեկին: Կենցաղային վնասվածքներ ստանալու վտանգ կա: Ձգտեք ավելի շատ ժամանակ հատկացնել հենց ձեզ. հնարավորութ յան դեպքում` հանգստացեք, իսկ եթե որոշեք բուժվել` չանտեսեք բժշկի խորհուրդները և աշխատանքով մի´ ծանրաբեռնվեք:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ-ին կզբաղեցնեն առողջական խնդիրները, ինչի շնորհիվ կբարելավվի ինքնազգացողությունը, և կկարողանաք աշխատել արդյունավետ: Չեն բացառվում աշխատանքային առաջընթացը, մասնագիտական հաջողությունները: Սակայն պետք չէ գայթակղվել. ամեն ինչ միանգամից ու առանց ջանքերի չի տրվում:
Ստիպված եք լինելու անձնական ոչ դյուրին խնդիրներ լուծել. դիցուք` ինչպե՞ս հաղթահարել սիրելի մարդկանց ու ընկերների հետ լարված հարաբերությունները, կամ` մտերիմների վեճերի ժամանակ ո՞ր կողմին պաշտպանել: Բայց հիշեք, որ հունվար-ապրիլ ժամանակահատվածը բարեհաջող է ձեզ համար: Դուք կակտիվանաք. կբացվի ձեր «երկրորդ շնչառությունը», և պատրաստ կլինեք միաժամանակ մի քանի գործ ստանձնել: Աշխատանքին հատկացված ժամանակը կարդարացվի` ֆինանսական հատուցմամբ: Այսուհանդերձ` չանտեսեք սեփական առողջությունը. մանավանդ` եթե նախկինում խնդիրներ ունեցել եք:
Գարնան վերջից մինչ սեպտեմբեր հնարավոր են հուզումներ` սիրային հարաբերություններում. ձգտեք կանխել կամ հարթել հնարավոր բախումները, չհասկացությունը, փոխադարձ մեղադրանքներն ու վիրավորանքները: Լավագույն տարբերակը «ոսկե միջինը» գտնելն ու պահպանելն է: Եթե երեխաներ ունեք` ավելի շատ ուշադրություն հատկացրեք նրանց, այլապես նրանք կօտարանան ձեզանից:
Ամռան սկիզբը բարդություններ կառաջացնի ամուսնական հարաբերություններում, բայց դա անցողիկ է` եթե երկուստեք ջանաք հարթել հիմնախնդիրները:
Աշնանը հնարավոր է նյութական վիճակի բարելավում:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. 2012-ի հաջողակ սկիզբը ծրագրերն իրականացնելու հույսեր կներշնչի: Սիրային հարաբերությունները կամրապնդվեն, ստեղծագործական ծրագրերը իրագործում կստանան: Չնայած բոլոր ձեռնարկումները հաջող իրականացնելու հնարավորությանը` հարկ է մտահոգվել հարաբերությունների կայունությամբ: Հնարավոր է, որ ստիպված լինեք զգացմունքների փորձություն հաղթահարել:
Հունվարից-ապրիլ հավանաբար սիրահարված կլինեք` «սարեր շուռ տալու» պատրաստ, ամեն ինչի հանդեպ լավատեսությամբ զինված: Հաճախակի տոներ ու երեկույթներ կկազմակերպեք, մշակութային օջախներ կայցելեք, հոգեմոտ զրույցներ կունենաք մտերիմների հետ: Բայց չափը չանցնեք. ժամանցները կարող են ձեզ շեղել ավելի կարևոր խնդիրներից:
Մայիսից սեպտեմբեր ճիշտ կլինի ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին, ծնողներին, տան վերանորոգմանը, տնային տնտեսությանը: Բայց փորձեք չափավորել ձեր ակտիվությունը. ձեր կատարած վերանորոգումը կարող է բոլորին դուր չգալ, ու դա գուցե բախումների առիթ դառնա: Չհուսահատվեք. հիշեք, որ հունիս ամիսը բարեպատեհ չէ` հարազատների հետ լավ հարաբերությունների համար:
Հոկտեմբերին ձեր ծրագրերի իրագործմանը նպաստելու պատրաստ ընկերներ ի հայտ կգան, որոնց հետ կարելի կլինի նաև ավելի հեռահար ձեռնարկումներ սկսել:
ՋՐՀՈՍՆԵՐ-ին հնարավորություն կընձեռվի բարելավել հարաբերությունները մտերիմների հետ, ինչպես նաև` հաջողությամբ լուծել անշարժ գույքի հետ կապված խնդիրներ, վերանորոգել բնակարանը կամ նոր տուն ձեռք բերել:
Բարդություններ կարող են հարուցել նոր ծանոթությունները, գործուղումներն ու մոտ հեռավորության ճամփորդությունները:
Ձեր բոլոր ձեռնարկումներում օգնողներ կունենաք, բայց աշխատեք հույսը ձեզ վրա դնել. մասամբ էլ` ժամանակի ընթացքում իրենց արդարացրած մտերիմների:
Մայիսից սեպտեմբերի ընթացքում ձեր կյանքում հայտնված նոր ծանոթներից լավ ոչինչ մի սպասեք: Նրանց հետ ընկերությունը երկարատև չի լինի: Չարժե նշանակություն տալ նրանց կարծիքներին ու բամբասանքներին:
Նշված ժամանակահատվածում դուք ավելի նեղացկոտ կդառնաք` ենթակա ընկճվածության (դեպրեսիա): Ճիշտ կլինի, որ նախապես մտահոգվեք ձեր հուզական վիճակով և կանխեք ճնշվածության խորացումը: Հոգեբանական բարդութավորումը վատ կանդրադառնա` բոլոր հարցերում: Ավելի շատ ժամանակ հատկացրեք աշխատանքին: Եթե հնուց կիսատ թողնված գործեր ունեք, ապա հիմա աստղերը հնարավորություն են տալիս հաջողությամբ ավարտել դրանք` հատկապես հոկտեմբերից մինչև տարեվերջ:
Այդ նույն ընթացքում կհարթվեն նաև նախկին տարաձայնությունները. ձեր կյանքը կայուն հուն կմտնի, և կնվազեն գործնական ու ֆինանսական դժվարությունները:
ՁԿՆԵՐ-ին անձնական ու գործնական կապերի ընդլայնում է սպասվում և հեղինակության բարձրացում: Դուք կարող եք անփոխարինելի դառնալ` բոլոր առումներով: Ավելի հաճախակի կմասնակցեք տոնախմբությունների, ուրախ հավաքների, գործնական հանդիպումների: Հնարավոր է` կարճ ճամփորդություն: Հատկապես հունվարից մինչև ապրիլ ձեր կյանքը հագեցած կլինի հաճելի տպավորություններով: Բայց տարին կառանձնանա ֆինանսական անկայունությամբ: Ուրեմն պետք է ավելի ուշադիր լինեք փողին առնչվող գործերի հանդեպ, ավելի խնամքով բաշխեք եկամուտներն ու ծախսերը:
Կարևոր է, որ չծուլանաք, չառաջնորդվեք «Ամեն ինչի թանկն է լավ» սկզբունքով, որովհետև հնարավոր են չնախատեսված կենցաղային ծախսեր: Ձեր կյանքը կարող են բարդացնել ոչ կայուն եկամուտները: Ահա թե ինչու` աստղերը խորհուրդ են տալիս ավելի խնայող լինել ու խնամքով վերաբերվել ունեցվածքին:
Գալիք տարին նպաստավոր է գիտելիքներ ձեռք բերելու համար, և պետք է օգտվել դրանից: Եթե որոշել եք ճամփորդել` ստիպված եք հետաձգել: Խորհուրդ չի տրվում հատկապես հոկտեմբերից (մինչև տարեվերջ) հեռավոր ճամփորդության մեկնել. դա կքայքայի ձեր ֆինանսական վիճակը, և հանգիստ վայելել չեք կարողանա: