ԿԱՍԿԱԾԵԼԻՆ` ԱԿՆՀԱՅՏ


Շռնդալից, ոգևորությամբ ու նոր սպասումներով հագեցած տարեմուտը, ինչ-որ տեղ հաշվի չառնելով մոլորակի բնակիչներիս երազանքներն ու ցանկությունը, արդեն հասցրեց հաստատել, որ անկախ մեր երազների բազմազանությունից` աշխարհում վաղուց կայացած օրինաչափությունները դժվար է շրջանցել: Տվյալ դեպքում` նախընտրական բազմազբաղ և լարված տարեմուտին ևս հայրենի քաղգործիչները տոնական ավելի քան ծանրաբեռնված սեղանների վայելքներին տրվեցին ընդամենը մի տասն օր: Նրանք վաղուց արդեն կուսակցական գրասենյակների շրջակայքում են, որտեղ սեղանները երբեմն-երբեմն «կլոր» տեսք են ստանում: Այո, անդառնալիորեն ավարտվել են կանխատեսումների և կռահումների ժամանակները, քանի որ ընդամենը մի հարյուր ու մի քանի օր է մնացել խորհրդարանական ընտրություններին: Ասել է թե` եկել է երբեմնի թաքուն համակրանքների մասին անկեղծորեն բարձրաձայնելու ժամանակը: Բայց արի ու տես, որ այն, ինչի մասին հայրենի քաղգործիչները երազել ու չեն խոսել տարիներ ու ամիսներ, միանգամից դժվար է հանուրի սեփականությունը դարձնել: Պակաս կարևոր չէ, որ նախընտրական կիսաեզրափակիչում հայտնված կուսակցական շրջանակները իրենց երբեմնի նախասիրությունների մասին հայտարարում են ավելի շատ անցյալ ժամանակով: Ինչը հուշում կամ փաստում է, որ առավելապես դաշինքներով ընտրություններին մասնակցելու նախնական փորձարկում-քննարկումներն այդպես էլ հաջողություն չեն ունեցել: Եվ մի՞թե հնարավոր է կուսակցական ներկապնակի գոնե մի մասին մեկտեղված պատկերացնել, երբ արդեն անհնարին է թվում անգամ առանձին ցուցակներ պատրաստելու գործառույթը: Թե ի՞նչ սկզբունքով են ընդհանրապես և այս դեպքում առաջնորդվում հայրենի կուսակցապետերը` քննարկման այլ թեմա է: Փաստն այն է, որ իրական և պայմանական առաջատարների ողջ շրջանակին գոհացնելու և հարմար դասավորությամբ ներկայացնելու հարցն անգամ չափազանց դժվարալուծելի է դարձել: Այսուհանդերձ, կարելի է հուսալ, որ հայրենի քաղգործիչներին նշված խնդիրը նույնպես առաջիկայում կհաջողվի լուծել: Այլ հարց է` թե ո՞ր ծրագրերի ու գաղափարների: Ներկայացման համար այլևս էներգիա ու տրամադրվածություն հազիվ թե մնա: Մեր շատ սիրելի քաղգործիչներն, իհարկե, ասվածի հետ չեն համաձայնի` առարկելով, թե գաղափարախոսության ու ծրագրերի մասին պատկերացումները հանրության շրջանում տարբեր են ու հակասական: Եվ ինչպե՞ս կարող են չայլակերպվել ակնարկվող պատկերացումները, երբ ծրագիր ասելով` մեկը բարեգործություն, իսկ ավելի կոնկրետ` ճոխ ընտրակաշառքն է պատկերացնում, երկրորդը` հայհոյանքը, իսկ երրորդը` ազատ և արդար ընտրությունների մասին բարձրաձայն երազելը: Իսկ պատճառներն այնքան թափանցիկ են, որ մանրամասնելու կարիքն անգամ չկա... Այդ ե՞րբ են քաղաքական ուժերը կոնկրետ ծրագրեր հրամցրել հանրությանը, որ մերժվել են: Ինչևէ, վաղուց սկսված ոչ պաշտոնական քարոզարշավն անգամ անշեղորեն հաստատում է, որ առաջիկայում նույնպես ընտրազանգվածին մատուցվելու է այն, ինչի մասին ակնարկվեց վերևում: Այնպես որ` գոնե առայժմ չձևավորվող ցուցակներից ու դաշինքներից մեծ սպասելիքներ ունենալը հիմնավորված չէ: Մառախուղը ոչ թե ցրվում է, այլ խտանում Տեղապտո՞ւյտ, թե՞ հետընթաց Ինչպես և սպասվում էր` այս տարվա հունվարը քաղաքական աշխուժությամբ աչքի չընկավ: Պատճառը միայն հետտոնական «խումհարը» չէր: Արդեն բավական երկար ժամանակահատված է, ինչ Հայաստանի քաղաքական կյանքում գործընթացները կամ շատ դանդաղ են զարգանում, կամ էլ քիչ թե շատ նորություն պարունակող յուրաքանչյուր տեղաշարժ ու նախաձեռնություն, դեռ չամբողջացած, թափ չհավաքած, անմիջապես մտնում է փակուղի: Եվ կրկին ստիպված ենք ամբողջ մեղքը բարդել հայաստանյան ընդդիմության վրա, քանզի քաղաքական կյանքի աշխուժացման առաքելությունն ավանդաբար ընկնում է վերջինիս ուսերին: Այն իրավիճակը, ինչն առկա է այսօր, ավելի շատ քաղաքական հոգեվարք է հիշեցնում, քան քաղաքական կյանք: Դա անուղղակիորեն խոստովանում է նաև փորձառու քաղաքական ընդդիմադիր գործիչ Վազգեն Մանուկյանը` արձանագրելով. - 2007-ի քաղաքական ընդդիմադիր դաշտը, կարելի է ասել, բավականին տարօրինակ պատկեր ունի: Ոչ թե ընդդիմություն չունենք, այլ ընդդիմությունը չափից ավելի է, այսինքն` չափից ավելի է ընդդիմադիր կուսակցությունների թիվը, և նրանց համախմբումը որպես միասնական ճակատ դեռևս չի ուրվագծվում: Լավ, իսկ ե՞րբ պետք է այդ միասնական ճակատը ուրվագծվի: Քաղաքական մեկնաբաններն արդեն քանի տարի է` «մեռան» կանխատեսումներ անելով, թե ահա ուր որ է ընդդիմությունը կհամախմբվի և կզորեղանա: Բայց մի քանի իմիտացիոն, անհեռանկար նախաձեռնություններից բացի, արմատականները ոչ մի լուրջ գործունեություն չծավալեցին: Եվ հիմա էլ, երբ խորհրդարանական ընտրություններին ընդամենը մի քանի ամիս է մնացել, իրավիճակը շարունակում է մնալ անփոփոխ: Համախմբման մեխանիկան` աբսուրդի ժանրից Առանց բացառության, բոլոր մեծ ու փոքր ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները հաճախակի հայտարարում են, որ եթե ԱԺ ընտրություններում դաշինքով են հանդես գալու, ապա միավորումը պետք է լինի ոչ թե ինքնանպատակ, այլ միայն ու միայն գաղափարական հենքի վրա: Սակայն առավել քան ակնհայտ է, որ քաղաքական ուժերի միավորման ցանկության հիմքում ոչ թե գաղափարախոսության նմանություններն են, այլ պարզ ու պրագմատիկ հաշվարկները, թե որ ձևաչափի պարագայում ավելի շատ քվեներ «հավաքելու» հնարավորություն կստեղծվի: Որպես կանոն, քաղաքական կողմնորոշումների հարցը «գրողի ծոցն» է ուղարկվում: Զորօրինակ` ՍԻՄ-ը և ՕԵԿ-ը, ի տարբերություն այլ կուսակցությունների, գրեթե հստակեցրել են միավորվելու և դաշինքով հանդես գալու խնդիրը: Բայց ինչ գաղափարական մոտիկություն կարող է լինել ցայտուն արևմտամետ ՕԵԿ-ի և Հրանտ Խաչատրյանի հեռանալուց հետո «խելահեղ» ռուսամետ կեցվածքով հանդես եկող ՍԻՄ -ի միջև: Կատարյալ աբսուրդ: Ոչ մի տրամաբանություն չպարունակող հաջորդ անհեթեթ սենսացիան ԱՄ առաջնորդ Արտաշես Գեղամյանի հայտարարությունն էր, թե իր կուսակցությունը պատրաստվում է հանդես գալ ԱԺ ընտրություններում` դաշինքով: Միամիտ կլինի կարծել, թե Գեղամյանը պատրաստվում է ցածր վարկանիշով մի քանի մանր կուսակցությունների դնել սեփական ուսերին: Այդ ավելորդ բեռը, բնականաբար, նրան պետք չէ: Խոսքը վերաբերում է ՀԺԿ-ի հետ միավորվելուն: Կարո՞ղ է արդյոք գեթ մեկ վերլուծաբանի մտքով անցնել, որ Գեղամյանը ի զորու է համամասնական ցուցակի առաջին տեղը զիջել Ստեփան Դեմիրճյանին: Այսինքն դաշինքի լիդեր ընդունել ՀԺԿ ղեկավարին: Ավելի շատ Դանուբը կհոսի հակառակ ուղղությամբ, քան այդպիսի բան տեղի կունենա: Իսկ Ստեփան Դեմիրճյանն էլ բոլորովին չի կորցրել իր պատվախնդրությունը, որ համաձայնի «առաջին ջութակի» դերը հանձնել ԱՄ առաջնորդին: Ձևաչափային փնտրտուքների հորձանուտից լուրեր «դուրս սպրդեցին», թե Սամվել Բաբայանի «դաշինքի» համամասնական ցուցակի երկրորդ տեղում «հայտնվելու» է ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը: Կրկին զավեշտ: Ախր ինչ «գործ ունի» 15-ամյա փորձառու կուսակցության լիդերը նորելուկ քաղաքական ուժի համամասնական ցուցակում: Ի վերջո արժանապատվության զգացում գոյություն ունի, որից համոզված ենք, զերծ չէ ԱԺՄ լիդերը: Այլ հարց է, եթե այս ուժերի միջև դաշինք կնքվի, և առաջնորդի դերը ստանձնի Վ. Մանուկյանը : Ովքե՞ր են պոտենցիալ «ծախվողները» Ժամանակ առ ժամանակ, իսկ վերջերս ավելի հաճախակի, ընդդիմադիր ճամբարից բացահայտ կամ ենթատեքստերով կարծիքներ են հնչում, թե մի շարք ընդդիմադիր կուսակցություններ գաղտնի կապի մեջ են իշխանությունների հետ: Այսինքն պատրաստ են ականի դեր կատարել, եթե ապահովվի իրենց քիչ թե շատ պատշաճ ներկայությունը ապագա խորհրդարանում: Որոշ վերլուծաբաններ էլ այն կարծիքին են, որ ընդդիմադիր ճամբարում գրեթե բոլոր կուսակցությունները, չնչին բացառություններով, պատրաստ են գործարքի մեջ մտնել իշխանությունների հետ: Եվ եթե գործարքը տեղի չի ունենում, ապա պատճառն այն է, որ հնարավոր չի լինում գալ ընդհանուր հայտարարի, այսինքն «բազարի» վերջնական արդյունքում իշխանությունները չեն համաձայնում տալ այն «գինը», ինչ պահանջում են պոտենցիալ ծախվողները: Եթե նախկինում իշխանությունների հետ գաղտնի համագործակցության «շառը» գցվում էր հիմնականում Արտաշես Գեղամյանի վրա, ապա այսօր «թեթև ձեռքով» կասկածի «դաշտ» են ներքաշվել ինչպես «Արդարություն» դաշինքից դուրս եկած Վիկտոր Դալլաքյանը և Թաթուլ Մանասերյանը, այնպես էլ խիստ արմատական դիրքերից հանդես եկող կուսակցությունների լիդերներ Արամ Կարապետյանը, Շավարշ Քոչարյանը, նույնիսկ ՀԺԿ լիդեր Ստեփան Դեմիրճյանը և ընդդիմության մի շարք այլ ներկայացուցիչներ: Իհարկե, հնարավոր է, որ կասկածի մթնոլորտի ստեղծումը ընդդիմադիր ճամբարում իշխանությունների մարտավարական ծրագրի մասն է կազմում, բայց նաև չի կարելի միանշանակ մերժել այն տեսակետը, որ իրոք կան քաղաքական ուժեր, որոնք ընդդիմադիր ձևանալով, ինչ-որ խոստումների դիմաց պատրաստ են «ականի» դերակատարում ստանձնել: Առայժմ չարժե, առանց լուրջ փաստերի, դավաճանության մեղադրանք ներկայացնել այս կամ այն քաղաքական ուժին կամ գործչին: ԱԺ ընտրություններից հետո ինքնըստինքյան թացն ու չորը կսահմանազատվի, և կպարզվի, թե որոնք են իսկական ու կեղծ ընդդիմադիրները: ...Իսկ իշխանություններն արտաքուստ անվրդով են Եթե մի կողմ դնենք ՀՀ նախագահի և Պաշտպանության նախարարի միջև իբր, լուրջ հակասությունների` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև թշնամանքի բազմիցս ծեծվելուց «հալումաշ» եղած թեմաները, ապա կարելի է արձանագրել, որ իշխանական ճամբարում «արշալույսները» համեմատաբար խաղաղ են: Կարելի է միայն ենթադրել, որ իշխանությունների ներքին խոհանոցում կարող են և լինել թե° տարաձայնություններ, թե° խարդավանքներ: Բայց այդ բոլորը, ինչպես ասում են, օրինաչափության շրջանակներից այն կողմ չի անցնում: Հետևաբար կտրուկ շրջադարձերը, անակնկալ զարգացումները, խոշոր սենսացիաները, որոնց անհամբերությամբ սպասում են «ցնցող» իրադարձությունների սիրահարները, գրեթե բացառվում են: Թեև, «գրեթե» բառով փորձեցինք հուշել, որ սենսացիաների խիստ աննշան հավանականությունը, այնուամենայնիվ, կա: Հստակ ուրվագծվող սցենարների կտրուկ փոփոխություն իշխանական ճամբարում կարող է լինել աշխարհաքաղաքական բեկումնային բնույթի զարգացումների արդյունքում. օրինակ, եթե ԱՄՆ-ն իրագործի իր սպառնալիքը և մայիսին կամ մինչ այդ ռազմական գործողություններ սկսի Իրանի դեմ: Այդ դեպքում «տակնուվրա» կլինի ամբողջ տարածաշրջանը, գլոբալ և անկանխատեսելի փոփոխությունների ալիքը զգալի հետք կթողնի ՀՀ-ի ոչ միայն արտաքին քաղաքական, այլև ներքաղաքական կյանքի վրա: Սակայն նմանատիպ ֆորսմաժո րային զարգացումները միայն տեսական հարթությունում են: Եվ դա է պատճառը, որ ՀՀ իշխանությունները բավական ինքնավստահ են ու անվրդով:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ