«ՎՍՏԱՀԻՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻԴ, ԲԱՅՑ ՀԱՎԱՏԱ ԻՆՔԴ ՔԵԶ»


Վերջին ասուլիսներից մեկում ՀՀ պաշտպանության նախարարը ևս փաստեց, որ բանակում կայուն է հանցագործությունների ու զանցանքների նվազման միտումը. 2005 թ. համեմատությամբ 14-ով նվազել է զոհված ժամկետային զինծառայողների թիվը: Ինչ խոսք` - Չի կարելի ասել, որ 33-ը փոքր թիվ է,- ասաց Սերժ Սարգսյանը,- դա 33 ճակատագիր է, 33 ընտանիքի ողբերգություն: Բայց մենք պետք է նաև հաշվի առնենք, որ մեր բանակում ծառայում են ավելի քան 40 հազար 18-ամյա տղաներ` յուրաքանչյուրն իր խառնվածքով, իր բնավորությամբ: Դրան գումարած` մենք այսօր պաշտպանում ենք կիլոմետրերով ձգվող սահմաններ... Ռազմական ոստիկանությունում նույնպես, հանցածին իրավիճակի կայունացման դրական միտումը արձանագրելով հանդերձ, դա բավարար աշխատանքային հաջողություն չեն համարում: Ավելին` ՌՈ վարչության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԻ համոզմամբ` - Ցանկացած իրավիճակում, երբ մարդն սկսում է գոհանալ ձեռքբերումով և խոսել միայն հաջողություններից, նա բնազդով տվյալ խնդիրը լուծված է համարում: Մինչդեռ, առավել ևս մեր աշխատանքում, դրական որևէ ցուցանիշ չի կարող վերջնական լինել: Այսօր մենք իրավունք ունենք միայն արձանագրել, որ կատարված աշխատանքը դրական արդյունք տվել է: Ընդգծում եմ` կատարված աշխատանքը: Այսինքն` հենց այս պահից մեզ պետք է մտահոգի կատարելիքը: Հենց այս առումով ես կարևորում եմ կադրային քաղաքականությունը. այստեղ ևս, ինչպես և մեր ողջ գործելակերպում, հանդուրժողականությունը չի° կարող հուսալի ուղեկից լինել: Ոչ մի պահի չպետք է մոռանանք, որ լավ աշխատանքի գրավականը պարտականությունները գիտակցելն է: Այո, չընդմիջվող մեր աշխատանքում մենք միայն ու միայն պարտականություններ ունենք: Ես չեմ հավատում և չեմ նախանձում այն սպային, ով կարող է իր իրավունքները կամ իրավասությունները առաջնակարգել: Վերջին հաշվով` յուրաքանչյուրն ավելի լավ է ճանաչում ինքն իրեն ու իր հնարավորությունները և պետք է սթափ լինի այնքան, որ կարողանա բարձր կանգնել անձնական շահերով առաջնորդվելու գայթակղությունից: Վստահիր հանձնակատարիդ, բայց հավատա ինքդ քեզ. այս սկզբունքը պետք է դառնա մեզ առաջնորդ` բանակում կարգուկանոնը ամուր հիմքերի վրա պահելու մեր պարտականությունն իրականացնելիս... Գեներալի այս համոզմունքը կիսելով հանդերձ, այնու` արձանագրենք ՌՈ համակարգում ամրագրված մի քանի ցուցանիշներ` իբրև վկայություն դրական աշխատանքի: Անցած տարում հանցածին իրավիճակի տվյալներով` բանակում արձանագրված դեպք-պատահարների 61,8 %-ը զորամասն ինքնակամ լքելու արատավոր սովորույթի առկայությունն է, 19,4 %-ը` կենցաղային բնույթի մարմնական վնասվածքներն ու հիվանդությունները, մնացյալ 18,8 %-ը` հանցակազմ պարունակող մյուս միջադեպերը, որոնք նախորդ տարվա համեմատությամբ նվազել են 8,03 %-ով: Մասնավորապես, ծեծկռտուքները կազմել են 31, ինքնախեղումները` 15,8, զենքօգտագործման կանոնների խախտումները` 8,1 և մարմնական այլ վնասվածքները` 10,4 տոկոս: Ի դեպ, մահվան ելքով ուղեկցվող դեպքերը, 2005-ի համեմատությամբ նվազել են 29,8 %-ով, իսկ ծանր հանցագործությունները` 36,8 %-ով: Ուրախալի է նաև, որ սահմանային միջադեպերի ժամանակ զոհերի թիվը նվազել է 46,2 %-ով: Դժբախտ պատահարներից զոհվելու դեպքերը նվազել են 40, իսկ հիվանդության պատճառով մահացությունը` 19,2 տոկոսով: Բայց ահա` օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող հանցագործությունների 65,3 տոկոսը քրեորեն հետապնդելի վնասվածքներն են կազմում, 22,4 %-ը` ավտովթարները, գողության դեպքերը և հանցակազմ պարունակող այլ միջադեպերը: Այո, բանակը հասարակության միկրոպատկերն է, և ժամկետային առանձին զինծառայողներ այստեղ էլ ծեծկռտուքներ հրահրելու սովորույթից չեն ձերբազատ վում: Ավելին, ՌՈ օպերատիվ տվյալներով, «ձեռնամարտի» անթույլատրելի «շոուները» 35,6 %-ով տեղի են ունեցել սպաների և ժամկետային զինծառայողների միջև: Ընդ որում, ծեծի ենթարկվածի կարգավիճակում ոչ միայն զինծառայողները, այլ նաև վերջիններիս կողմից ծեծված սպաներն են հայտնվել: Ինչ վերաբերում է գողություններին, ապա, պարզվում է` զորամասի տարածքում այդպիսի արարք իրենց թույլ են տալիս նաև այստեղ սպրդող քաղաքացիական անձինք: Ակնառու է դրական տեղաշարժը հետախուզվողների հայտնաբերման և զորամասն ինքնակամ լքածներին բերման ենթարկելու, ինչպես նաև թաքցված ու քողարկված դեպքերի բացահայտման ուղղությամբ... Աշխատաոճում անհանդուրժողականությունն ուղեկից ընտրած ՌՈ վարչության պետը չի թաքցնում նաև, որ այսուհետ ավելի հետևողական են լինելու տնտեսական չարաշահումների հանդեպ: Իսկ այս օղակում` իր` գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանի 10-ամյա գործունեության ընթացքում տարեցտարի ամրագրվող բացասական երևույթների նվազման միտումը ՌՈ վարչության պետին ոչ թե բավարարում, այլ հուշում է միայն, որ օրվա տևողությամբ ձգվող իրենց աշխատանքում սկզբունքայնությունն ու պատվախնդրությունն էլ պետք է նույնքան շարունակական և անընդհատ լինեն: