Երաժշտական գործիքների ժողովրդական վարպետը


ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հանրապետության և միութենական մրցույթների բազմակի դափնեկիր, դուդուկահար Եղիշե Մարգարյանը` իմ վաղեմի ընկերը, շատ էր պատմել Միխայիլ Սադոև երաժշտի և երաժշտական գործիքների պատրաստման վարպետի մասին: Եվ, ահա, Նոր տարվա նախօրեին վարպետ Եղիշեի հետ Միխայիլ Կոնստանդինի` Սադոևի բնակարանում ենք: Ծանոթացանք. շատ մարդամոտ ու բարեհամբույր անձ է ազգությամբ ասորի Միխայիլը: Ծնվել է 1948 թ. Արտաշատի շրջանի Դիմիտրով գյուղում: Սկզբնական կրթություն ստացել է տեղում, հետո` Երևանի Թումանյանի անվան դպրոցում տեղավորված N 32 երեկոյան միջնակարգն է ավարտել, այնուհետև Էջմիածնի Ակումբա-գրադարանային տեխնիկումը (դուդուկի բաժինը): Հայրը` Կոնստանդին Սադոևը կոլտնտեսական էր, սիրով զբաղվում էր նաև երաժշտությամբ, թմբկահար էր: Ընտանիքի երեխաների սերը երաժշտության հանդեպ հորից է եկել: 1969 թ. Միխայիլն արդեն թմբկահար էր, 1971-ից սկսել է կլարնետ նվագել, հետո` դուդուկ, զուռնա: 1979 թվականից նվագել է Կերամիկական գործարանի ինքնագործ խմբում, էլեկտրատեխնիկական գործարանի «Եղեգ» պարային համույթում, Ղուկաս Ղուկասյանի անվան քաղաքային պիոներպալատում արվեստի վաստակավոր աշխատող Օսիկ Շամամյանի ղեկավարությամբ և այլ խմբերում: ...Պատվոգրեր, դիպլոմներ, մրցանակներ շա՜տ ունի: Մասնավորապես դրանցից մեկի վրա կարդում ենք. «1997 թ. հուլիսի 4-ին Աստվածընկալ եկեղեցու մոտ կայացած «Զուռնա» երաժշտական ֆոլկլորի հանրապետական փառատոնում հաղթող է ճանաչվել Միխայիլ Սադոևը»: Որպես դուդուկահար մասնակցել է տարբեր երկրներում կազմակերպված փառատոների` Անգլիա, Ֆրանսիա, Վիետնամ, Հարավսլավիա, Թուրքիա, Հունաստան, Կիպրոս, Բուլղարիա, Լեհաստան, Իրաք... Նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները, թվով 28 երկիր: Ուշագրավ է 1997-ին ստացած դուդուկահարների հայաստանյան անդրանիկ մրցույթի հաղթողի այն դիպլոմը, որի ետնամասում ժյուրիի պատկառելի կազմն է, անդամների ստորագրություններով: *** Երաժիշտ Միխայիլ Սադոևը տարիների փորձից նկատում է, որ վարպետ նվագողի համար հույժ կարևոր է գործիքի կատարելությունը և ինքնաբերաբար նախաձեռնում է հայկական ժողովրդական ոչ լարային գործիքների պատրաստումը: Տարիների փորձը հաջողություն է բերում ոչ միայն իրեն, այլև նվագող վարպետներին: Հետագայում Մշակույթի նախարարության կողմից Միխայիլ Սադոևը ստանում է ժողգործիքների պատրաստման ժողովրդական վարպետի կոչում (Վկայական N 1102): Այս անգամ էլ նա մասնակցում է ցուցահանդեսների, սկսած 1988-ին երաժշտության մեծ երախտավոր Էմմա Ծատուրյանի կողմից կազմակերպած ցուցահանդեսից: Այսօր ժողովրդական վարպետը իրավունք ունի հպարտանալու, քանի որ պատրաստել և մեծ ընդունելության են արժանացել դուդուկների ութ տարատեսակները, զուռնայի` 5, պկուի` 6, շվիի` 2 և այլն: Նա պատրաստում է նաև դհոլ, նորոգում է կլարնետ: Եղբայրներից Սերգեյը ուդի մասնագետ է, նաև լարային գործիքների պատրաստման վարպետ է, ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Դասավանդել է Էջմիածնի Ակումբա-գրադարանային տեխնիկումում և Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: Ալեքսեյը, որ նույնպես դուդուկահար է, ավարտել է նույն երաժշտական ուսումնարանը, աշխատել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլում: Վասյան ավարտել է Էջմիածնի Ակումբա-գրադարանայինի դուդուկի բաժինը (Խաչիկ Խաչատրյանի դասարան): Այժմ ապրում է Մոսկվայում, զբաղվում է երաժշտությամբ: Գրիշան ինքնուս երաժիշտ է, նվագում է ակորդեոն և սինթեզատոր: Քույրը` Նադյան, երկար տարիներ երգել է ասորական անսամբլում: Մնում է վերջում նշել, որ Միխայիլ Սադոևի երեխաները նույնպես պապի ճանապարհով են գնում. Նիկոլայը թմբկահար է, Գեորգին` բազմակողմանի զարգացած երաժիշտ է, նվագում է ուդ, դուդուկ, զուռնա, սազ, սինթեզատոր, դուստրը` Ելիզավետան, քանոնահար է: Մշակույթի նախարարության ուշադրությունն ենք հրավիրում այս հազվագյուտ տոհմածառը, որը դեռ երաժշտության աշխարհում շատ պտուղներ պիտի տա...

Վալտեր ԱՅԴԻՆՅԱՆ