«Հայացք 2013-ի մշակութային գանձակին»


Այս հանդիպումն իսկապես մեկ այլ վայրում չէր կարելի կազմակերպել. թե´ տարին էր խաչատրյանական, թե´ առիթը: Հայացք 2013-ի մշակութային գանձանակին

Մշակույթի նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Պրոլայթինգ» ընկերության համագործակցությամբ,Հայաստանի հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում պահպանվող 17 հազար ժամ ձայնագրությունների և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տրամադրած նյութերի հիման վրա առաջին անգամ լույս էր տեսել մեծանուն կոմպոզիտորի 720 երկերի թվայնացված անթոլոգիան. 9 ձայնասկավառակ, 1 տեսասկավառակ և «Ինչպես աշխարհը նշեց մեծ մարդու հոբելյանը» ծավալուն բուկլետը: Եվ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի կամարների ներքո` ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի` անցնող տարվա ամփոփ զրույցն էլ առավելապես խաչատրյանական բովանդակությամբ էր հագեցած:

Տուն-թանգարանի տնօրեն, ԵՊԿ պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը հպարտությամբ բարձրաձայնեց, որ իրենց համար աշխարհահռչակ հայի 110-ամյակի նշանավորումը շարունակվելու է մինչև 111-ի օրը` 2014-ի հունիսի 6-ը: Թեթևացած շունչ քաշելով իր տնօրինած հաստատության անհուսալի տանիքի հիմնանորոգման մասին խոստումից, հոբելյանական տարվա թանգարանային միջոցառումների ու իրենց ընծայված 2 նոր ձեռագիր ցուցանմուշների արժևորմամբ առավել թանձրացրեց տարեմուտի ամենամյա լրագրահավաքի խաչատրյանական գույները:

Մեծահամբավ երաժշտի բացառիկ անթոլոգիայի հրատարակմանը նպաստած 5 բանախոսների խանդավառ խոսքով գերիշխող դարձավ շնորհանդեսային տրամադրությունը: Այդուհանդերձ, տիկին Պողոսյանն ընդգրկուն մի հայացքով փորձեց ամբողջացնել տարվա ձեռքբերումների ու դեռևս անլուծելի մնացած հիմնախնդիրների շուրջ իր յուրատիպ հաշվետվությունը` անդրադառնալով կարևորագույն իրադարձություններից խոշորագույններին: Ասենք, մեն-մի ասուլիսի նեղլիկ տարածքում անիրատեսական կլիներ ակնկալել նույնիսկ միջազգային կարևորության նախաձեռնությունների հանգամանալից արժևորումը: Նախ, ապրիլին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից շնորհվող «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսը 12-րդից` Երևանից Բանգկոկին փոխանցվեց: Օրակարգային դարձած` մշակույթի ազգային ինստիտուտի ձևավորման տեսակետից ՀՀ մշակույթի նախարարը հատկապես կարևորեց Ֆոլկմար Գանցհորնի «Քրիստոնեա-արևելյան գորգը. ակունքներից մինչև 18-րդ դարն ընկած պատկերագրական և պատկերագիտական զարգացման ուրվագիծ» հանրագիտարանային բնույթի աշխատության հայերեն թարգմանությունն ու հրատարակումը: (Հիշեցնենք, որ Գանցհորնի հայանպաստ ավանդը «Հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովի օրերին ՀՀ նախագահի կողմից գնահատվեց Մովսես Խորենացու մեդալի պարգևատրումով:)

«Հայաստան-ՅՈՒՆԵՍԿՕ համագործակցություն», «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիա», «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին կոնվենցիա», «2009-2013թթ. ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացված Հայաստանի հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդի» ձայնագրությունների թվայնացման և հրատարակման» կատալոգ, «Գյումրին` 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» օրացույց, Հայ-իտալական միջպետական 2011-2014թթ. համագործակցության կրթական ծրագիր-... մի ամբողջ «գրադարան» նախապես տրամադրված ստվարածավալ տեղեկատվութ յունը տեղում «մարսել» դժվարացող, բայց ոլորտի լուսաբանմամբ շահագրգիռ լրագրողները գերադասեցին սահմանափակել մասնագիտական հարցասիրությունը` բավարարվելով կարծրատիպային մի քանի հարցերի հակիրճ պատասխաններով:

- Տարին մոտեցել է ավարտին, բայց նախապատրաստված միջոցառումների մի ամբողջ շարք ունենք,- թանգարանային շրջայցից առաջ ասաց Հ. Պողոսյանը` մեկ-երկու խոսքով անդրադառնալով 2014-ի առաջնահերթություններին :- Չէ՞ որ օրերս միասին մեծարելու ենք Բարսեղ Թումանյանին ու Հենրիկ Սիրավյանին, մասնակցելու ենք մաեստրո Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական հանդիսաշարի մեկնարկին, ի մի ենք բերելու Սայաթ-Նովայի 300-ամյակը հանրահռ չակող միջոցառումները, չնայած այս առումով դեռևս որոշակի անելիք ունի դրամաշնորհ շահած Թովմաս Պողոսյանը: Բոլորիդ հրավիրում եմ Մատենադա րան` Մարտիրոս Սարյանի աշխատանքների «Երկխոսություն հավերժի հետ» խորագրով ցուցահանդեսի բացմանը: Ինչպես տեսնում եք, դեռ վաղ է 2013-ը ամփոփել, դեռ վաղ է գալիք Ամանորի առթիվ հատուկ բարեմաղթանքներ անել: Կարծում եմ, մինչև տարեվերջ դեռ բազմիցս կհանդիպենք: Ուստի ես բոլորիդ ցանկանում եմ ժպիտով դիմավորել յուրաքանչյուր բացվող օրը, ժպիտով զբաղվել սիրած գործով, գոհ լինել սեփական աշխատանքի արդյունքից և, ամենակարևորը, խաղաղ ու անամպ երկինք: