ԻՄ ԱՎԱՆԳԱՐԴԸ

Ծնունդդ շնորհավոր, իմ պատանեկության 90-ամյա ընկեր


Կարծես երեկ էր: Ավելի ստույգ` անցյալ դարի 70-ականներին: Հանդիպեցինք ես ու դու: Ես` լրագրողական առաջին փորձերն անող Ֆուչիկի անվան պատանի թղթակիցների նորաբաց դպրոցի սանս: Դու` ծննդյանդ օրից` 1923-ի մայիսի 5-ից, հանրային ուշադրության կիզակետում ամրապինդ հաստատված հայրենաշեն խոսքի ու մտքի դարբնոցդ: Գրելու հակումներ ի հայտ բերած նորելուկներիս գրիչն էիր սիրահոժար հղկում, մասնագիտական հմտությունների այբուբենն ուսուցանում: Մենք` քո անդավաճան բաժանորդները, արտասովոր եռանդով ներառվելով ամառային փորձաշրջանում, վազվզում էինք խմբագրության փոստարկղը ափիբերան լցրած հրատապ նամակների հետքերով, ծանոթանում տարբեր մարդկանց հետ, ջանում լիովին վերծանել նրանց հարուցած խնդիրների իրական բովանդակությունը... Այնուհետև ժողովում էինք աշխարհի գրականությունից ամբարած պայծառ մտքերի ընտրանին և, իմաստուն փիլիսոփայի հավակնությամբ, լուսաբանում` մրցակցելով միմյանց հետ ու ցնծություն ապրելով հանրահայտ լրագրողների հարևանությամբ մեր մտքի ու գրչի թոթովանքներն ու ազգանունը տպագրված տեսնելիս: Անմեղ ու ազնիվ, անփորձ ու լուսավոր պատանեկան տվայտանքներ...

Իսկ դու շարունակում էիր հայրենանվեր սերունդ բարեկրթել, աճեցնել և գոտեպնդել: Մշտապես որդեգրածդ դավանանքին հավատարիմ, տարաբնույթ լրատվամիջոց ների հոծ բանակի ավանգարդում: Եվ հավերժության ծիրում մի աննշմար ակնթարթ մենք չհանդիպեցինք: Թվում էր, թե մեր ճամփաներն այլևս չեն խաչվելու, բայց...

...Հիշո՞ւմ ես, իմ վառվռուն պատանեկության ընկեր, 2005-ի աշնանն էր, երբ կրկին հանդիպեցինք ես ու դու: Այս անգամ արդեն ոչ թե Ազիզբեկովի (իմա` Սախարովի) հրապարակում, այլ Երևանյան կրկեսին հանդիպակաց Մամուլի երկնաքերի 4-րդ հարկում: «Արմմոնո» 3-րդ թատերական միջազգային փառատոնի շեքսպիրյան հայտնութ յուններով ներշնչված «Թատրոնի արարչական թովչանքը» վերլուծական անդրադարձով նորամուտս, փաստորեն, համքարական նոր դաշինքի ազդակ դարձավ: Այս անգամ արդեն դու դարձար ի˜մ «Ավանգարդը»: Ինձ անասելի դուր էր գալիս մշակութային վազքս: Սիրտս ուռչում էր գոհունակությունից, երբ զգում էի, թե որքան նպաստավոր էր, համահունչ գերակտիվությունս իմ պատանեկության «Ավանգարդի» բարձր վարկանիշի պահպանման տեսակետից: Ժամ ու պատարագ մոռացած` փորձում էի մասնակից ականատեսը լինել բոլոր-բոլոր միջոցառումների` կարևոր-անկարևոր, մեծ-փոքր, մայրաքաղաքային-մարզային:

Եվ, որ ամենից կարևորն էր, առավելագույն իրազեկմամբ էի միայն գնահատում տեղի ունեցածը, անաչառ ու անկեղծ: Հարաճուն խանդավառությամբ ամեն երեքշաբթի, վաղ առավոտյան բարձրակարգ էջադրող Պետրոսի ու ժրաջան մուտքագրող Անուշիկի հետ հնարավորինս դիտարժան ձևավորում էի 6-րդ էջս, սրբագրում, երեխայի պես ցնծում հերթական բարեհաջող ավարտով: Թերթի թեմատիկ բազմազանության ծանր լուծը պատվով կրող համբերատար խմբագիրը մեծահոգաբար խթանում էր խինդս` ապարդյուն ջանալով մեղմել կենսական էներգիայիս գերածախսի անցանկալի հետև-անքները: Մշակութային ամենատարբեր հաստատություններում շուտով ինձ նույնաց րեցին միս ու արյունս դարձած շաբաթաթերթիս հետ: Ձգտելով գոհացնել գլխավոր խմբագրի արդարացի պահանջը` գործնականում կարողացա խորացնել թատերարվեստի ամբողջական ընկալումս նրա սինթետիկ կարևորագույն տարրերից յուրաքանչյուրի` գրականության, նկարչության, երգի ու պարի, երաժշտության, ճարտարապետության յուրահատկությունների ճանաչողությամբ: Միասին սահմանեցինք մի շարք հեղինակավոր փառատոների հատուկ մրցանակներ` հաղթողին որոշելով դրանց ամբողջ ընթացքի անաչառ ու բարյացակամ վերլուծությամբ: Միասին կանաչ լույս վառեցինք տաղանդավոր երիտասարդների կայացման փշոտ ճանապարհներին` անքթիթ հետևելով նրանց հետագա արարչագործությանը: Զորօրինակ, մեր հոգածությամբ ուշադրության արժանացած քանդակագործ-գեղանկարիչ Արման Համբարձումյանն արժանացավ ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին, նրա «Մեղուների պարը» ընդգրկվեց Մոլդովայի Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության մեջ: Իսկ ԱՊՀ հայտնի երաժշտանոցների ստեղծագործական բաժինների ուսանողների եկատերինբուրգյան մրցույթի Մեծ մրցանակը շահած կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանի արդիաոճ երաժշտական կտավը Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթում հաղթադափնին կիսեց կրտսեր Տիխոն Խրեննիկովի հետ: Հպարտությամբ արձանագրեցինք մեր կողմից նկատված բազմաքանակ շնորհալիների վերելքի ակնառու փաստերը, որոնց թվարկումը միայն մի քանի հատուկ թողարկումների էջեր կլցնի: Լինելով բարձր արվեստի ջատագովներ, վերստին ապրեցրինք ազգային մշակութային գանձանակը իրենց ստեղծագործական ողջակեզերով հարստացրած անհատականությունների անունն ու գործը:

Բեղմնավոր եղավ համագործակցությունը ՀՀ մշակույթի նախարարության հետ` օրվա մշակութային զարկերակը տեղին ու ժամանակին զգալու, գնահատելու և հանրահռչակելու տեսակետից: Եվ ծննդյան 85-ամյակի կապակցությամբ «Ավանգարդի» վաստակած բարձր պարգևների գոբելենն արժանիորեն գունեղացավ ևս մեկով` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: Կամերային երաժշտության տանը կազմակերպվեց շքեղ հանդիսություն, որի տոնական արձագանքները դեռևս չեն մարել ներկայացուցչական հանդիսասրահում ներկաների մտապատկերում: Ավելին, թվում էր, թե կրկին ուժգնանալու են 90-ամյակի նախաշեմին, բայց ժամանակների ահարկու մարտահրավերներով խլացան ակնկալվող ցնծության զվարթ ձայները, և փորձությունների նոր տարերքին դիմակայելը օրվա հրամայական դարձավ:

Հոբելյանական տարվա մայրամուտին, սակայն, տասնամյակների թրծած կորովով, իմ «Ավանգարդը», մի կողմ թողած տոնահանդերձ ձգտումների օրինաչափ կենսագործման առույգացնող հոգսերը, համառորեն շարունակում է տոկալ, անզիջում մաքառել` հանուն արժանապատիվ ներկայի և հավատարիմ մնալով ի ծննդե ստանձնած վսեմ առաքելությանը: Կարճատև անջատումից հետո, վերածնված հավատով, քո դժվար օրերին կրկին քեզ հետ եմ, իմ «Ավանգարդ»: Եվ, ի լուր ամենքի, բարեկամ-չա րակամի, դիմադիր-ընդդիմադիրի, «դեղին-կարմիրի», ասում եմ` ծնունդդ շնորհավոր, իմ 90-ամյա ընկեր, դու արդար տքնանքով ես վաստակել հարատևության քո իրավուն քը: Չընկճվես ծանոթ-անծանոթ հողմերից, մինչ օրս միշտ էլ հաղթող ես եղել:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ