«Նման հարց չի քննարկվում...»


ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ - Ադրբեջանի Նախագահը մյունխենյան հանդիպումից մեկ օր առաջ հանդես եկավ հերթական ռազմատենչ հայտարարությամբ, ըստ էության, սպառնալով պատերազմով: Ի՞նչ կանի Հայաստանը, եթե Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված լարվածությունն իսկապես աճի: - Մենք արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ ինչքան էլ նման հայտարարություններն արվում են ներքին լսարանի համար, միևնույն ժամանակ, դրանք հազիվ թե բարենպաստ մթնոլորտ են ստեղծում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի համար: Ադրբեջանի Նախագահի հայտարարությունները մեկ անգամ ևս վկայում են Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի մասին: Լարվածության աճը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ, իհարկե, ամենաանցանկալի ելքն է: Այն ամենաանցակալի իրողությունը կլինի և° Լեռնային Ղարաբաղի, և° Հայաստանի, և° ողջ տարածաշրջանի համար: Բայց Հայաստանի Հանրապետությունը չի կարող անտարբեր լինել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի հանդեպ, և հենց այդ պատճառով էլ Հայաստանի Հանրապետության Նախագահը, այլ պաշտոնատար անձինք բազմաթիվ անգամ հայտարարել են, որ մենք պատասխանատու ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար: Աշխարհում կան ընդունված ձևեր. նման զարգացումների դեպքում, ենթադրենք, Հայաստանի Հանրապետությունը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը` սրանից բխող հետևանքներով: Երկրորդ` Հայաստանի Հանրապետությունը կարող է փոխօգնության պայմանագիր ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Տարբերակներ կան, և ես վստահ եմ, Հայաստանի Հանրապետությունը կօգտվի այդ մի քանի տարբերակներից կամ առանձին -առանձին կամ միաժամանակ: Եվ պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը մինչ այսօր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը միայն ու միայն մի պատճառով` որպեսզի դա խոչընդոտ չդառնա խաղաղ բանակցությունների համար: Ու եթե խաղաղ բանակցություններն ընդհատվում են, և ռազմական գործողութ յուններ են սկսվում, ապա ոչինչ չի խանգարում Հայաստանի Հանրապետությանը` ճանաչելու ԼՂ անկախությունը: Սակայն, այսօր իրողությունն այն է, որ բանակցային գործընթացը շարունակվում է: Հայաստանը մշտապես հայտարարել է, որ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում: Հայաստանը կարծում է, որ բանակցությունների միջոցով հնարավոր է հասնել խնդրի խաղաղ և համապարփակ հանգուցալուծմանը: - Մյունխենյան հանդիպումից հետո ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն տարածեցին, թե իբր մյունխենյան հանդիպման ժամանակ խոսվել է, որ հայերը մինչև տարեվերջ կարող են ազատել Քելբաջարի շրջանը, ինչը հնարավորություն կտա Թուրքիային վավերացնելու հայ-թուրքական արձանագրությունները, իսկ Ադրբեջանին` մեղմելու իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում: Ինչքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը: - Հայաստանում մենք արդեն վարժվել ենք այն բանին, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների յուրաքանչյուր հանդիպումից հետո, «խիստ իրազեկ» աղբյուրները հայտնում են իրականում գոյություն չունեցող ինչ-որ քննարկումների ու պայմանավորվածությունների մասին: Դա պարզ ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի իրականության հետ: Նման հարց չի քննարկվում, հետևաբար, նման պայմանավորվածություն լինել չի կարող: Բազմիցս ասվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ու քննարկումների առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Մնացյալ հարցերն ածանցյալ են: Նախարարը վստահեցնում է Երբ հայտնի դարձավ, որ 2010 թվականի պետական բյուջեի ծախսային մասը զգալիորեն նվազել է 2009-ի համեմատ, և միջոցների սղության պատճառով նվազելու են ոլորտներին հատկացվող գումարները, հասարակության և քաղաքական շրջանակներում մտահոգության և լուրջ քննարկումների առիթ էր հանդիսացել պաշտպանության համակարգին տրամադրվող գումարների նվազումը: «Ավանգարդ»-ի հարցին, թե պետբյուջեի նվազումը ի՞նչ կերպ կանդրադառնա համակարգի աշխատանքների վրա, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց. - Խորհրդարանական քննարկումների ժամանակ հստակեցվեց, որ 2010 թ. բյուջեում համակարգին տրամադրվող գումարը չի նվազելու. այն կպահպանվի 2009-ի ծախսերի չափով, իսկ համակարգի աշխատանքներն ընթանալու են նորմալ բնականոն հունով: ՀՀ վարչապետը ևս հավաստել էր, որ Պաշտպանության նախարարության ծախսերը 2009 թ. փաստացի կատարվածից ավելի են լինելու 2010 թվին:

Մ. ԾԱՌՈՒԿՅԱՆ