Ստախոսությունը պաթոլոգիա է...


Աշխարհում, հավանաբար, չկա որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ, որն իր նպատակը չհամարի երկրի գործող իշխանությունների վարկաբեկումը: Բայց երբ ուրիշին վարկաբեկելով այդ ուժն իշխանության է գալիս, ապա հենց նույն պահին ծնվում է նաև արդեն ի°ր ընդդիմությունը, որն իշխանություն դարձած երեկվա ընդդիմադիրին հրամցնում է նույն դառը դեղահաբը` սկսում է վարկաբեկել երեկվա վարկաբեկողին: Փոխադարձ վարկաբեկումները կարող են մնալ պատշաճության սահմաններում, չվերաճել անձնական վիրավորանքների, եթե տվյալ հասարակության քաղաքական կուլտուրան բարձր է, եթե ընդդիմությունը զազրախոսությունը քննադատության հետ չի շփոթում: Սակայն գործող իշխանությունն էլ այնքան զգույշ պիտի լինի, որ տեղիք չտա նույնիսկ զազրախոսության: Իշխանությունը կարող է սխալվել (անսխալական իշխանություններ աշխարհում ընդհանրապես չեն լինում), սակայն իշխանության ղեկավարը պարզապես իրավունք չունի զբաղվել պարզ-մարդկային ստախոսությամբ, իրավունք չունի բերնից թռցնել այնպիսի անհեթեթություններ, որոնք տեսանելի և հասկանալի են ամբողջ ժողովրդին, ապացույցի կարիք չեն զգում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդար-օղլին մեկ անգամ չի ապացուցել, որ ինքն այս տարրական ճշմարտությունը… չի հասկանում: Քիչ է, թե ստախոս է, ինչն ընդհանրապես անպատվաբեր և անհամատեղելի է մի ամբողջ պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցնողի համար, այլև կատարելապես անպատասխանատու է սեփական ժողովրդի հանդեպ, նրան դնում է հիմարի տեղ և երբեմն-երբեմն այնպիսի ցնդաբանություններ է դուրս տալիս, որոնք մերկացնելը ամենևին դժվար չէ: Ահա, օրերս Իլհամ Հեյդար-օղլին այդպիսի հերթական ցնդաբանությունն է դուրս տվել: Հայտարարել է, թե եթե ղարաբաղյան պատերազմի ժամանակ իր սիրասուն հայրիկ` Հեյդար Բաբան Ադրբեջանի նախագահը լիներ, ապա «Ադրբեջանը տարածքներ չէր կորցնի»: Ադրբեջանական ընդդիմության ղեկավար Ալի Քերիմլին անմիջապես օգտվեց գործող նախագահի այդ սայթաքումից և «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջաներեն հաղորդումների խմբագրության եթերից ասաց, թե «Ադրբեջանի նախագահը ստում է…Բոլորը գիտեն, որ Ղարաբաղի շրջակա տարածքների մեծ մասն Ադրբեջանը կորցրել է Հեյդար Ալիևի նախագահության օրոք…Ալիևի իշխանության առաջին 5 ամիսներին, ավելի ճիշտ` մինչև 1993 թ. դեկտեմբերը, Ադրբեջանն իրար ետևից կորցրել է 5 շրջան…Պատ մությունը կեղծելու ջանքերը, հատկապես` երբ դա արվում է պետության ղեկավարի մակարդակով, դժվար թե հաջողություն ունենան…»: Քերիմլին նույնպես մի բարի պտուղ չէ, սակայն տվյալ դեպքում նրա շուրթերով ճշմարտությունն է բարբառում: Նա իրավացի է, երբ ոչ միայն ի լուր սեփական ժողովրդի, այլև ի գիտություն համաշխարհային հանրության հայտարարում է, թե Ադրբեջանի նախագահի համար դա «պատմությունը կեղծելու հերթական անհաջող փորձն է»: Այսինքն, բաց տեքստով ասում է, թե նման ստախոսության դեպքեր Ալիև-կրտսերի պրակտիկայում էլի են նկատվել. դա, համենայն դեպս իրենց համար, ամենևին նորություն չէ: Սիրասուն հայրիկի բազկաթոռին իբրև թագաժառանգ հայտնվելուց ի վեր, Իլհամ Հեյդար-օղլին ձգտել ու ձգտում է Ադրբեջանում ստեղծել Հեյդար Բաբայի պաշտամունքը: Որդու համար, միգուցե, նման ձգտումը այնքան էլ դատապարտելի չէ, սակայն պետության ղեկավարի համար այդպիսի գործելակերպն ուղղակի խայտառակություն է: Օրինակ, ինչի՞ նման է, երբ այսօր Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը փորձում է Հեյդար Բաբային ներկայացնել որպես «Ադրբեջանի անկախ պետականության հիմնադիր», ադրբեջանական ժողովրդի «հայր»: Մինչդեռ ամբողջ աշխարհի աչքի առաջ Ադրբեջանի անկախությունը հռչակել է Աբուլֆազ Էլչիբեյը, իսկ Հեյդար Բաբան իշխանությունը հափռել է, անփառունակ գնդապես Սուրեթ Հուսեյնովի միջոցով պետական հեղաշրջում կազմակերպելով: Ընդսմին, ծեր աղվեսն ուղղակի խաբեց Հուսեյնովին, կոկորդիլոսի արցունքներ թափեց, թե «ես ծեր ու հիվանդ մարդ եմ, այսօր կամ, վաղը չկամ, արի համաձայնիր` ես դառնամ նախագահ, քեզ նշանակեմ վարչապետ»: Հուսեյնովը խաբվեց, համաձայնեց, իսկ դրանից կարճ ժամանակ անց ծեր աղվեսն իր իսկ հրամանագրով վարչապետ նշանակված Հուսեյնովին մեղադրեց պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ ու բանտ նետեց: Որովհետև Հեյդար Բաբայի նպատակը Սուրեթ Հուսեյնովին իր ժառանգորդը դարձնելը չէր: Նա ուներ սեփական «թագաժառանգը»: Քանի դեռ Իլհամը գահի վրա է, իսկ նա, անկասկած, դեռ երկար կմնա այդ գահին (քանզի անցյալ տարի անցկացված հանրաքվեի միջոցով սահմանադրությունը փոխել և իր համար ապահովել է ցմահ նախագահ մնալու հնարավորություն), երկիրը գործնականում վերածելով սուլթանաթի, նա դեռ շատ ու շատ ձեռնածություններ կանի: Էլ ի՞նչ սուլթանաթ, եթե այնտեղ անհատի պաշտամունք չլինի, մեկ անհատը մի ամբողջ ժողովրդի «հայր» չհռչակվի: Հենց այդ «տիտղոսն» է հոր համար ապահովել Հեյդար-օղլին. իսկ դրանից չափազանց ուժեղ ստալինիզմի հոտ է փչում: Ժամանակին բեղավոր հրեշ Իոսիֆ Ստալինին նույնպես հռչակել էին «խորհրդային ժողովրդի հոգատար հայր»: Միլիոններով մարդկանց խժռում էր, ու այդքանից հետո դեռ «հոգատա¯ր» էր: Դա առաջնորդամոլություն էր, «վոժդիզմ», որը հատուկ է բացառապես հետամնաց ժողովուրդներին: Հարևան Թուրքիայում էլ Քեմալ Մուստաֆային են Աթաթուրք, այսինքն բոլոր թուրքերի հայր հռչակել: Մինչդեռ այդ միջնադարյան բարբարոսի խղճին է ծանրացած երիտթուրքերի ձեռնարկած Հայոց ցեղասպանության շարունակումը: Նրա օրոք էլ, 1918-ից մինչև 1922 թվականը, Թուրքիայում ոչնչացվել է ևս 300 հազար հայ` հավելումն այն մեկևկես միլիոնի, որոնց բորենու վայրագությամբ խժռեցին սուլթանական Թուրքիայի մարդակերները: Դե, եթե մարդակերը կարող է «բոլոր թուրքերի հայրը» կոչվել, հապա ինչու՞ նրանց կրտսեր եղբայր ադրբեջանցիները չեն կարող իրենց «պետության հիմնադիր» ու «ժողովրդի հայր» հռչակել մի մարդու, ով իրականում ոչ` մեկն է, ոչ մյուսը, ամենևին չի եղել «անպարտելի առաջնորդ», ինչպես փորձում է հորը հետին թվով սրբացնել որդին: Իլհամ Հեյդար-օղլու ստախոսության հոգսը, իհարկե, մեզ չեն տվել: Ինչքան ուզում է` թող Ալի Քերիմլին նրան մերկացնի ու աշխարհով մեկ խայտառակի: Մենք սրանից ընդամենը պետք է մեկ եզրակացություն անենք` հալած յուղի տեղ չընդունենք Ադրբեջանի ստախոս նախագահի նաև այլ ստահոդ հայտարարությունները: Կոնկրետ, երբ Իլհամը Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը սեփական ժողովրդին հրամցնում է որպես «Ադրբեջանի գրավյալ շրջանները վերադարձնելու հարցի քննարկում» և պնդում է, թե իբր արդեն իսկ «հայկական կողմը համաձայնել է 7 շրջան վերադարձնել», իսկ Սերժ Սարգսյանն ի պատասխան հայտարարում է, թե «բանակցությունների ընթացքում քննարկվող միակ հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, տարածքների վերադարձի խնդիր չի քննարկվում», մեզանում գտնվում են մարդիկ, ովքեր ականջ են կախում ստախոս Ալիև-կրտսերի բարբաջանքին: Ստախոսությունը պաթոլոգիա է. ստի սովոր բերանը ճիշտ խոսել չի° կարող:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ