Ղողանջներ սիրո և բարության


Արտաշես Քալանթարյանի «Վաճառքի ենթակա չէ» դրաման Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում Ներկայացումն այսօր իրավամբ կարելի է համարել մեր թատերարվեստում առկա լուսավոր կետերից մեկը: Պրեմիերայից հետո գտնվեցին մարդիկ, (ցավոք` թատրոնի), ովքեր կարծում են, թե պիեսը, որն այստեղ առաջին անգամ բեմադրվել է 21 տարի առաջ, հնաբույր է: Թույլ տվեք` չհամաձայնել: Պիեսի հեղինակ Արտաշես Քալանթարյանը ավանդապաշտ, բայց, միաժամանակ, խիստ արդիական, ինքնատիպ մտածողությամբ մտավորական էր: Ասվածի հավաստումն է նրա ողջ գրականությունը` սկսած հրապարակախոսական հոդվածներից, հեռուստահաղորդաշարերից մինչև դրամատուրգիան: «Վաճառքի ենթակա չէ» պիեսի հիմքում դրված են հավերժական թեմաներ` սեր, ընտանիք, հայրենասիրություն, ծնողների և որդիների հարաբերություններ… Այս ամենին ավելացել է ազգապահպան մեծ ներուժ ունեցող գյուղի պահպանության խնդիրը: Բեմական ներկա տարբերակը թատերագետ Լևոն Մութաֆյանը հարստացրել է ժամանակակից որոշ բաղադրիչներով` ավելի արդիական հնչողություն հաղորդելով: Ինչպես նկատում է վերջինս. «Վահե Շահվերդյանը պատկանում է բեմադրիչների այն տեսակին, որը սիրում է հետևողականորեն աշխատել նույն ստեղծագործութ յան տիրույթներում, մինչև վերջինիս ու իր ամբողջական միաձուլումը»: Պիեսի նոր ընթերցման արդյունքում Վահե Շահվերդյանը ստեղծել է սիմֆոնիկ պոեմին բնորոշ բարձրակետերով և դրանց հաջորդող հանդարտ մեղեդայնությամբ ընթացող նոր ներկայացում: Ինչպես գրեթե բոլոր ներկայացումներում, այստեղ ևս աչքի է ընկնում նրա ռեժիսորական դրամատուրգիան: Նա կարողանում է սինթեզել գաղափարականն ու հոգեբանականը` ստեղծելով վառ, նովելային տեսարաններ: Ինչո՞վ նովել չէ, ասենք, Եվայի և Վարդանի «հանդիպման» տեսարանը… …Վարդանը առողջական խնդիրներ ուներ£ Կամավոր բանակ գնաց£ «Դրժելով» հարսնացուին` Եվային տված խոստումը` զոհվեց, չվերադարձավ: Հիմա գիշերները, հենց Եվան մենակ է մնում, «գալիս է», երկուսով նստում, մասուրով թեյ են խմում… Այնքա¯ն լիրիկական, այնքա¯ն հուզիչ է տեսարանը: Խառնվել են պատանեկան թովիչ սիրո հուշն ու պատերազմի արհավիրքները… ՀՀ վաստակավոր արտիստուհի Ալլա Հովհաննիսյանը այս տեսարանում գերազանցում է ինքն իրեն. երաժշտական մեղմ, մինորային գամմաներում նա երևակում է ներքին կուտակումները: Մտերմիկ զեղումներով հագեցած զրույցը ողջ ողբերգականությամբ արտացոլում է պատերազմի հետևանքով խեղված ճակատագրերը… Այս տեսարանը կարծես նաև լակմուս է Եվայի` մարդկանց նկատմամբ երբեմն չարության հասնող դրսևորումները (օրինակ, Սաթենիկի հետ զրույցները) հասկանալու: Հաջողված է նաև Թեմուր Աճինյանի Վարդանի դերակատարումը` զուսպ` զինվորավարի, ջերմ ու սիրառատ` որպես նեցուկ սիրած աղջկան: Իսկ տեսարանի ավարտին ետնավարագույրին երևացող հարսանեկան հեզաճկուն պարը երիտասարդ Եվայի` պարզապես մի հիանալի ռեժիսորական գյուտ է: Եվս մեկ նովել` Լևոնի և որդու` Կամոյի հանդիպման տեսարանը: Կանգնել են հայր և որդի դեմ-դիմաց` տղան փոստատան վերին հարթակում, հայրը` ցածրում: Լռությունը երկարում է. ալեկոծ են Լևոնի և Կամոյի սրտերը, ալեկոծ է նաև հանդիսատեսը` ինչո՞վ կավարտվի այս հանդիպումը: Եվ ալեբախումների մեջ ժամանակը հոսում է աննկատ, երկարող պաուզան թվում է ընդամենը մեկ ակնթարթ: Հետո հայր ու որդի ողջագուրվում են` ոչ մի սենտիմենտալիզմ: Ու էպիկական հանդարտությամբ Լևոնը պատմում է իր ոդիսականը: Որդու առաջ չի արդարանում քսաներկուամյա լռության համար: Ո¯չ, արդարանալու խնդիր չունի: Ինքը ազնիվ է ապրել և ապրում է իր կյանքի յուրաքանչյուր օրը: Վրույր Հարությունյանը (Լևոն) և Էդգար Քոչարյանը (Կամո) իրենց արտիստական ողջ ներուժն են ներդրել այս տեսարանում: Տեսարանի, ինչո՞ւ չէ` նաև ներկայացման բարձրակետերից է Լևոնի կնոջ` Վարսենիկի մուտքը: Մինչ փոստատանը հավաքված գյուղի կանայք վիճում են, թե ո՞ւմ տանը պիտի հյուրընկալվի կամ մշտական բնակություն հաստատի հեռավոր Լեհաստանից եկած Կամոն, բեմ է ներխուժում Վարսենիկը (Սոֆա Սողոմոնյան): Թվում է, հիմա փոթորիկ կպայթի, խանդից կուրացած կինը «ներկայացում» կսարքի, բայց դերասանուհու հոգուց ժայթքած խոսքը հնչում է որպես հիմն հայ կնոջը. «Էս դուք ի՞նչ եք իրար խառնվել, էդ տղան և° հայր ունի, և° մայր: Արի, տղա ջան, արի գնանք տուն…»£ Նովել-տեսարանները միջարկվում են ուսուցչուհի Արուսի (ՀՀ վաստակավոր արտիստուհի` Էլինե Աղամյան) հեռախոսային «մենախոսությամբ», մենախոսություն, որի թեման հիմնականներից մեկն է ներկայացման մեջ` ծնողների և որդիների փոխհարաբերությունները: Մայրը հպարտանում է ակադեմիկոս որդով, հիշում մանկության օրերը: Գյուղը պատրաստվում է հյուրընկալել աշխարհահռչակ համերկրացուն, բայց տղան… «ժամանակ չունի» այցելելու հայրենակիցներին, հոր գերեզմանին£ Արուսի այդ ծանր հոգեվիճակը ժլատ, բայց խիստ արտահայտիչ շարժուձևով ու խոսքի բեկբեկուն ելևէջներով կարողանում է հանդիսատեսին փոխանցել բազմաշնորհ արտիստուհին: Ե°վ պիեսում, և° ներկայացման մեջ առավել ցայտուն է Սաթենիկի և որդիների` Սամվելի և Մանվելի փոխհարաբերությունը: Սա արդեն նովելային ամենաուժեղ տեսարանն է: …Սաթենիկը ամուսնու նորակառույց տանը մենակ է մնացել: Տղաները գնացել են Երևան և մոռացել վերադարձի մասին: Ահա հեռաձայնել են` գալիս են, գյո°ւղ են գալիս. «Թող բոլորը գան, տեսնեն, որ նորից լցվել է Մարկոսի տունը, կենդանություն առել: Նորից խորովածի ծուխ է բարձրանում էս տնից, ու տղերքս մոր գցած պճպճան մաճառն են խմում»: Մանվելի և Սամվելի առանձնազրույցից պարզվում է, որ նրանց, հատկապես Մանվելին, բոլորովին էլ մորը պահել-խնամելու խնդիրը չի անհանգստացնում, այլ շահը. տան վաճառքից ակնկալվող գումարը: Սաթենիկը, հասկանալով, մեծ ցավ է ապրում. ինչքա¯ն են փոխվել տղաները, օտարացել, դարձել շահամոլ: Իսկ քիչ առաջ (տեսարանի սկզբում) ձեռքից ձեռք էին խլում մանկական հեծանիվը, որը պահպանվել էր տան անկյուններից մեկում: Քշում, վայր ընկնում, անհոգ ծիծաղում£ Ի դեպ, հեծանիվի դրվագը, որ ներմուծված է բեմադրիչի կողմից, մանկական անմիջականությամբ են ներկայացնում ճանաչված դերասաններ Շահեն Ոսկանյանը (Սամվել) և Հայկ Թորոսյանը (Մանվել): Սաթենիկն էլ (ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռոզա Մխիթարյան) որդիների հետ մանկանում է, գլորվում հատակին, ու սկիզբ է առնում անցած օրերի վերհուշը… Երբ հոգի խոցոտող զրույցից նրա համար պարզ է դառնում, որ որդիները կարող են անգամ դատարանի միջոցով խլել «հորական տան իրենց բաժինը», ամպամած երկնքում պայթում է ամպրոպը. «Այս տունը վաճառքի ենթակա չէ°»: Զարմանում ես` որտեղի՞ց այսքան հզոր ձայն փոքրամարմին դերասանուհու մեջ, որն այս ներկայացման մեջ հարափոփոխ է: Իրավիճակից ելնելով` նա մեկ «փշոտ» է (Եվայի հետ զրույցներում), մեկ սիրով առլեցուն (տղաների հետ հեռախոսազրույցներում ու հանդիպման առաջին տեսարանում), մեկ հաստատակամ ու վճռական (տունը մանկատուն դարձնելու որոշման պահը): Ներկայացումը հասնում է իր բարձրակետին: Պատահական չէ, որ պրեմիերայից հետո կարծիքներ հնչեցին, թե այն հենց այստեղ էլ ավարտվում է: Կրկին դիտելով, հասկացա` բեմադրիչի ասելիքը դեռ չի ավարտվել: Հաջորդում են գյուղական հոգսերին վերաբերող խիստ կարևոր տեսարանները` ներկայացման ավարտը պսակելով տոնական հրավառությամբ (Նազիկի և Արայիկի հարսանիքի փոքրիկ դրվագը): Ճիշտ է, Նազիկը հարս գնաց Երևան, չկարողացավ Արայիկին գյուղ բերել, բայց Հոնուտը կա ու ապրում է, որովհետև գյուղում սրճարան, դիսկոտեկ են բացել, որովհետև նոր հեռախոսակայան են տեղադրել, բարելավել կապը աշխարհի հետ, որովհետև գյուղապետ Սեկոյանը լուծել է գյուղի գազիֆիկացման հարցը, կինն էլ` Գոհարը, ով Երևանի երաժշտական դպրոցներից մեկում դաշնամուր է դասավանդել, գյուղ է եկել ու ամուսնու հետ կհաստատվի այստեղ, որովհետև Կամոն, ով հորը տեսության էր եկել, հեռանալու մասին չի էլ մտածում և ոչ միայն Վարսենիկին է «մայրիկ» կոչում, այլև Սաթենիկին, Եվային, Արուսին… Բնորոշ գծերով են ներկայացված գյուղական կոլորիտը£ Գյուղացու շիտակության, աշխատասիրության ու պարզ փիլիսոփայության արտահայտիչներից մեկը Լևոնն է (Վրույր Հարությունյան). «Թող պայքարեն, որ գյուղը գյուղի նման լինի, մշտական աշխատանք լինի, ջահելները չթողնեն ու հեռանան», «Ոչ մեկը չի ուզում հիշել, որ քաղաքն էլ, պետությունն էլ պահողը գյուղն է, գյուղացին» և այլն: Գողտրիկ մի պատում է Նազիկի և Արայիկի սիրո պատմությունը, որը բեմում հյուսում են խոստումնալի երիտասարդներ Ռեբեկա Խուդանյանը (Նազիկ) և Հակոբ Դեմիրճյանը (Արայիկ): Ժամանակակից գերիշխող մռայլ գույներին` ևս մի լուսաշող երանգ: Ներկայացման հաջողությանը նպաստել է նաև Միրոն Չուլակյանի երաժշտական ձևավորումը: Ներկայացումը ավելի կատարյալ տեսնելու մտահոգությամբ` ցանկանում եմ խոսել նաև ռեժիսորի հետ իմ որոշ անհամաձայնությունների մասին: Արուսը Լևոնին հայտնում է որդու վերադարձի մասին: Լևոնը, տարված ուրիշ մտքերով, ոչինչ չի ընկալում: Իմ դիտարկմամբ` այդ տեսարանը ավելորդ է. թող որ հանդիպումը Լևոնի համար լիներ անակնկալ (ներկայացման մեջ այդպես էլ լինում է): Ճիշտ չէ մեկնաբանված նաև Գոհարի` քաղաքից գյուղ գալու, ամուսնու հետ հանդիպման տեսարանը: Հերիքնազ Բաղդասարյանը (Գոհար) անթերի է խաղում: Իր կերպի մեջ է նաև Արթուր Պապիկյանը (Սեկոյան): Սակայն հանդիսատեսի կողմից ջերմորեն ընդունվող այս տեսարանում կոմիզմը գրոտեսկի աստիճան հասցնելը բոլորովին էլ պատճառաբանված չէ: Կրքոտ գրկախառնումները հարիր չեն երաժշտության դասատուի կերպարին: Համոզիչ չէ նաև մրգահավաքին բանվորների կողմից դեղձով լի արկղերի տեղափոխման դրվագը: Ճիշտ է, բեմանկարչությունը կատարված է թատերանկարչության փորձառու մասնագետ, գեղանկարիչ Խաչիկ Ղարաբեկյանի կողմից, բայց այն, կարծում եմ, արվել է շարժական բեմի համար: Դերասանական ողջ կոլեկտիվը, անգամ մասսայական տեսարանների դերակատարները (փոստատանը լուռ նստած սպասող կանայք) արել են ամեն ինչ, որպեսզի ներկայացումը հնչի «ամբողջ ձայնով», որպես սիրո ղողանջներ` սեր առ հայրենիք, սեր առ ընտանիք, սեր` համամարդկային: Ու եթե կան այլակերպ դրսևորումներ, դրանց դեմ պետք է պայքարել դարձյա°լ սիրով: Սա է բեմադրիչի հավատամքը:

Ջանիբեկ ՂՈՒԿԱՍՅԱՆ