ՇԱԽՄԱՏԸ ԿՈՓՈՒՄ Է ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ 


- Իսկական շախմատիստը պետք է լինի կամքի ուժով, նպատակասլացությամբ և չափազանց աշխատասիրությամբ լեցուն,- համոզված է «ՆարՎա» շախմատի դպրոցի հիմնադիր տնօրեն Նարեկ ՎԱՐԱԶԴԱՏՅԱՆԸ:

Հայաստանում շախմատը հայտնի է դեռ վաղ միջնադարից, սակայն լայն ճանաչում է ստացել ԽՍՀՄ տարիներին: Մասնավորապես` 1960-ական թվականներից, երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն: Մոտ երեք միլիոն բնակչությամբ Հայաստանը համարվում է աշխարհի ամենաուժեղ շախմատային երկրներից մեկը. աշխարհում մեկ շնչի հաշվով այն ամենաշատ գրոսմայստերներ ունեցող պետություններից է: Եվ պատահական չէ, որ 2011-2012 ուսումնական տարվանից սկսած` Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատը դարձել է պարտադիր առարկա:

ՖԻԴԵ-ի ցուցակներում կան Հայաստանը ներկայացնող 26 ակտիվ գրոսմայստեր, 2 կին գրոսմայստեր: Միջազգային բարձր վարկանիշը պաշտպանելու ուղղությամբ լուրջ անելիքներ ունի շախմատի դպրոցը, որի այսօրվա սաները վաղը համալրելու են գրոսմայստերների ու չեմպիոնների շարքերը: Դպրոցում տարվող աշխատանքների, կադրերի ընտրության և այլ խնդիրների շուրջ է զրույցը «ՆարՎա» շախմատի դպրոցի հիմնադիր-տնօրեն Ն. Վարազդատյանի հետ:

- Մի քանի խոսքով կպատմե՞ք դպրոցի մասին:

- «Նարվա» շախմատի դպրոցը հիմնադրվել է 2014-ին` իմ ջանքերի շնորհիվ: Այն որևէ ֆինանսական աղբյուր չունի. այն ոչ պետական կառույց է: Ներկայումս ունենք ավելի քան 100 աշակերտ, որոնցից 70-ը սովորում է անվճար հիմունքներով: Այդ արտոնությունից օգտվում են սոցիալապես անապահով, ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող և ազատամարտիկների երեխաները: Շատ քիչ երեխաների ծնողներ են կարողանում ֆինանսապես աջակցել դպրոցին, որը շատ ծանր վիճակում է. դժվարանում ենք նույնիսկ տարածքի վարձը, հարկային և անհրաժեշտ ծախսերը վճարել:

- Իսկ ինչո՞ւ «Նարվա»:

- Իմ անուն-ազգանվան հապավումն է`

Նար-Նարեկ, Վա-Վարազդատյան:

- Ի՞նչ հաճախականությամբ եք կազմակերպում առաջնություններ և ինչպիսի բնույթ են դրանք կրում:

- Մենք մասնակցում ենք Հայաստանում անցկացվող գրեթե բոլոր մրցաշարերին, եթե, իհարկե, ֆինանսական խնդիրները չեն անհանգստացնում: Հիմնականում մասնակցում ենք Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը և Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվող, ինչպես և միջազգային մրցաշարերի:

Ընդամենը 3 ամիս առաջ Վորոնեժ քաղաքում անցկացված Ալյոխինի հուշամրցաշարում ձեր դպրոցը ներկայացնում էին 2 շախմատիստներ: Նրանցից մեկը Ստեփանակերտից էր` Ալեքս Գևորգյանը:

Ամռանն էլ դպրոցից 8 աշակերտ էլ մասնակցել է Ջերմուկ քաղաքում կայացած պատանեկան միջազգային մրցաշարին:

Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ այս ուսումնական տարվանից դպրոցն արդեն իրավունք է ստացել կազմակերպելու 4-րդ, 3-րդ և 2-րդ կարգի որակավորման մրցաշարեր: Անդրանիկ մրցաշարը անցկացրել ենք սեպտեմբերին, մյուսը նախատեսում ենք անցկացնել նոյեմբերին:

- Ինչպե՞ս եք կատարում ձեր սաների ընտրությունը

- Դպրոց ընդունվելու պարագայում հաշվի են առնվում երեխայի ընդունակությունները: Նախքան ընդունելը անց է կացվում գիտելիքների ստուգում:

- Ի՞նչ կպատմեք ձեր մոտ գործող խմբակների ու նրանց կարգավիճակի մասին

- Խմբակների բաժանումը կատարվում է ըստ երեխաների շախմատային կարգերի, իսկ անվճար խմբակները ձևավորվում են ըստ մեր սաների քանակի:

- Ձեր կարծիքով ի՞նչ նախադրյալներ են հարկավոր` շախմատային սպորտը Հայաստանում է´լ ավելի զարգացնելու համար:

- Ինչպես արդեն տեղյակ եք, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերով շախմատը դպրոցներում դարձավ հիմնական առարկա, ինչի շնորհիվ էլ, բնականաբար, աճեց սերն այդ մարզաձևի նկատմամբ: Այն նպաստում է երեխաների տրամաբանության զարգացմանը: Հպարտությամբ պետք է նշեմ, որ այսօր Հայաստանը շախմատային գերտերություն է համարվում:

- Ինչպիսի՞ հատկանիշներով պետք է օժտված լինի իսկական շախմատիստը:

- Կամքի ուժով, նպատակասլացությամբ և չափազանց մեծ աշխատասիրությամբ: Եվ երբ համադրվում են այս 3 չափանիշները, արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տալիս:

- Ունե՞ք ծրագրեր, որ չեք հասցրել իրագործել:

- Մանկուց սիրել եմ զբաղվել շախմատով, երազել եմ հիմնել շախմատի դպրոց, և կարելի է ասել` ինչ-որ չափով իրականացել է երազանքս: Ինչ խոսք, կան նաև չլուծված խնդիրներ: Այդքան էլ հեշտ չէ միայնակ զարգացնել շախմատի դպրոց, երբ չունես աջակիցներ: Հեշտ չէ նաև երեխաներին մրցաշարերի և ուսումնամարզական հավաքների չուղարկել` ֆինանսների սղության պատճառով:

- Ո՞րն է Ձեր հորդորը սկսնակ շախմատիստներին և շախմատասեր երիտասարդությանը:

- Սովորելը երբեք ուշ չէ ոչ մեկի համար. այն ոչ տարիք է հարցնում, ոչ էլ` հանգամանք: Խորհուրդ կտայի գոնե սովորել շախմատ խաղալ. Չէ որ մեր երկիրը շախմատային գերտերություն է համարվում, իսկ շախմատ խաղալ չիմանալը պատիվ չի բերի ոչ մի հայի: Միշտ հիշեք. շախմատին տիրապետելն օգնում է ճիշտ և արագ կողմնորոշվել, զարգացնում է մտածողությունը, տրամաբանությունը: 

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ