Երրորդ կարգի երկրներից շատ ավելի վատ


Լրագրողներին հաջողվել է պարզել, որ նախկին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանն իր կնոջ` Մարիամ Գինոսյանի, որդու` Գագիկ Այվազյանի և Չարենցավանից երկու այլ անձանց անունով հիմնադրված «Նագին» ՍՊԸ-ին 2007թ. հունվարի 26-ին հանքի շահագործման լիցենզիա է տվել: Այդ ՍՊԸ-ն էլ չինական Fortune Oil ընկերությանն է վաճառել հանքի շահագործման իր իրավունքը: Այս գործարքում անօրինական ոչինչ չկա կարծես: Բայց բավական է հիշատակել, որ խոսքը Հրազդանի` այսօր աղմկահարույց երկաթի հանքի մասին է, և պատասխաններից խուսափող հարցադրումների շարքը վերջ չի ունենա: Հանքարդյունաբերությանն առնչվող խնդիրների շուրջ է զրույցը Կանաչների միության նախագահ Հակոբ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ հետ: - Այսօր առավել չափով հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել մեր հանրապետության հանքարդյունաբերության ոլորտը: Առիթը Հրազդան քաղաքին հարող տարածքում երկաթի հանքը շահագործելու պատրաստություններն են: Որքանո՞վ են հիմնավոր այդ առնչությամբ հրազդանցիների անհանգստությունը, և ընդհանրապես մեր տնտեսության այդ կարևոր ճյուղից քաղաքացիների բողոքները: - Առաջին հերթին պետք է ասել, որ հրազդանցիները իրոք արժանապատվության գիտակցության տեր մարդիկ են և իրենց տեր են զգում: Հայաստանի Հանրապետությունում բնական պաշարները, հողը Հայաստանի քաղաքացիների սեփականությունն են: Եվ հանկարծ ստեղծվեց այնպիսի իրավիճակ, երբ առանց երկրի սեփականատիրոջից` Հայաստանի քաղաքացուց թույլտվություն ստանալու, երկիրը կամ դրա տարածքից ինչ-որ հատված տալիս են որևէ մեկին, այն էլ` օտարերկրացիների: Նրանք էլ գալիս են, քանդում ու վերցնում են օգտակար ինչ կա, իսկ մնացած թափոններն, ասում են, վերցրեք` էս ձեզ նվեր: - Մարդիկ ասում են, թե հանքավայրի շահագործումը կարող է սպառնալ բնակչության առողջությունը: - Մենք գործ ունենք հանքավերամշակման հետ: Խնդրո առարկա բլուրի անմիջապես ստորոտով հոսում է Հրազդան գետը, մյուս կողմից անցնում է ոռոգող ջրանցքը: Այնտեղ կան հզոր աղբյուրներ, որոնցից խմելու ջուր է մատակարարվում Հրազդան, Չարենցավան, Աբովյան քաղաքներին, մոտակա գյուղերին, նաև` Երևանի որոշ թաղամասերին: Անհնար է, որ հանքաhանումից հետո այդ աղբյուրների ջրի որակը չփոփոխվի դեպի վատը: Մյուս կողմից` հանքում գոյություն ունեցող ծանր մետաղների միացություններն անձրևներին, ձյանը խառնվելով, կտեղափոխվեն Արարատյան հարթավայր: Հանքանյութը հանելու տեղում մոտ 300 մ խորությամբ խոռոչ է առաջանալու, որտեղ տեղումներից առաջացած ջուրն իր մեջ լուծելով` այդտեղ ակտիվացած տարրերը կարող են ընդերքի ջրերն աղտոտել: Բացի այդ, հանքահանումները կուղեկցվեն պայթեցումներով, դրանցից առաջացող վիբրացիաներով: Այդ ընթացքում նաև օգտագործվում են նյութեր, որոնք արտանետում են ծծմբի, ազոտի օքսիդներ, մուր, փոշի: Պատկերացրեք` այդ ամեն ինչը հանգստի գոտի Ծաղկաձորին, Հանքավանին շատ մոտ: Ընդորում, մթնոլորտային արտանետումները երբեմն տասնյակ կիլոմետրերով են տարածվում: Փաստորեն, այսօր հարվածի տակ է դրվում Ծաղկաձորի ամբողջ տարածքը` առողջարանային իր համակարգով: Այս ամենը վտանգվում է, որպեսզի մի կամ մի քանի ընտանիք շատ մեծ շահույթ ստանան: - Հասկանալի է, բայց մեդալը նաև մյուս կողմ էլ ունի: Չենք կարող ընդհանրապես հրաժարվել հանքարդյունաբերությունից, որովհետև այդ ոլորտը նախ աշխատատեղեր է ապահովում և մեծ եկամուտներ է բերում հանրապետությանը: Ո՞րն է լուծումը: - Իհարկե, պետք է տնտեսությունը զարգացնենք, ինչն առնչվում է երկրի անվտանգությանը` նաև պետք է բանակի հոգսերը հոգանք: Բայց եթե ուսումնասիրեք հանքարդյունաբերության ոլորտը, կհամոզվեք, որ այն չի տալիս հանրապետությանն ակնկալվող օգուտը: Նույնիսկ կարող եմ ասել` աննշան փշրանքներ է հասնում պետությանը: Հանքահանողները և հանքավերամշակողները թափոնների համար հարկեր չեն վճարում: Ընդերքի մասին օրենսգրքում գրված է` յուրաքանչյուր 1 տոննայի համար 0 դրամ: Այս արտոնությունը ջարդում է պետության ողնաշարը: Հանքարդյունաբերության ամենասոսկալի վնասը թափոններն են: Հանքանյութի վերամշակման ընթացքում առաջացող փոշին հարյուր հազարավոր տարիներ վտանգ է սպառնում շրջակա միջավայրին, մարդկանց .առողջությանը, կենդանական ու բուսական աշխարհին: Ծանր մետաղներն իրենց վտանգավոր հատկությունը երբեք չեն կորցնում, չեն քայքայվում, մնում են հավերժորեն: Հանքարդյունաբերությունը պետք է լինի պետական մենաշնորհ, քանի որ պետությունն ինքը գիտի, թե ինչ քանակությամբ հանքը վերամշակի, որպեսզի կարողանա երկրի կարիքները հոգալ: Հանքահանողները, վերամշակողները անհասկանալիորեն կարծես թե Խորհրդային Սոցիալիստական Հայաստանի Հանրապետության իրավահաջորդները լինեն: - Այսի՞նքն: - Ինչպես ԽՍՀՄ-ը հանքը հանելիս չէր վճարում, քանի որ իր սեփական տարածքն էր, այսօր էլ մասնավոր հանքհանողները նույնպես չեն վճարում: Հանքահանող բոլոր ընկերությունները, որոնք վերջին տասը տարում սկսեցին շահագործել մեր հանքերը, պետք է նաև պատասխան տան իրենց արտադրած թափոնների համար: Առաջին կարգի թափոնների (պոչանքներ` ծանր մետաղներ և այլն) համար պետք է վճարեն 48 հազար դրամ: Թվում է` դա շատ մեծ թիվ է: Բայց բնական համակարգում այդ ծանր մետաղները հազարավոր տարիներ լցված են լինելու, և պահանջվում է, որ ամեն տարի դրանք շրջակա միջավայրից մեկուսացվեն: Պաշտոնյաներն այսօր նույնպես հանքերի սեփականատեր են և չեն ուզում, որ դրանք մտնեն հարկային դաշտ: Եթե հարկեր վճարվի, Հայաստանի բնությունը չի ավերվի այսօրվա ծավալներով: Միայն մեկ համեմատությունը բավական է` պատկերացնելու համար, թե ինչպիսի թալանի է ենթարկվում մեր երկիրը: Բնավճարները Հայաստանում շատ ցածր են` 1,3 տոկոս, իսկ Կանադայում այն 16 տոկոս է: - Դուք խոսում եք բիզնեսի և իշխանության սերտաճմա՞ն մասին: - Իհարկե: Տնտեսական գործունեությունն ու պետական կառավարման պաշտոնյաների գործառույթներն արդեն չեն տարանջատվում: Միայն հանքարդյունաբերության ոլորտում Թեղուտի խնդիրն ունենալով, GeoProMiningGold և մյուս ընկերությունների ապօրինությունների դեմ պայքարից մենք տեսանք, որ իշխանական համակարգը նրանց հովանավորում է: Այսինքն, այնպիսի օրենքներ են ընդունում, որի արդյունքում պետությունն աղքատանում է, իսկ առանձին ընտանիքներ գերհարստանում են: Նույնիսկ դաժան կապիտալիզմի օրենքներ ունեցող երկրներում այսպիսի կարգ, այս աստիճանի այլանդակություններ գոյություն չունեն: - Հիմա կարծես այդ առնչությամբ սկսել են մտահոգվել: Շատ է խոսվում այն մասին, թե արվում է ամեն ինչ, որպեսզի հաջորդ խորհրդարանում գործարարներ չլինեն: - Այո, բայց պետք է օրենքն իսկապես սկսի գործել: Պետական պաշտոններ զբաղեցնող հանքատերերն այսօր էլ իրենց սեփականությունը ձևակերպում են ընտանիքի անդամների անունով: Ասում է` տղայիս կամ կնոջս սեփականությունն է, ես ի˜նչ կապ ունեմ: Իսկ եթե օրենքն ասի, որ քո և տղայիդ գործունեություններն ուղիղ կապի մեջ են, այդ դեպքում հիշատակված մոտեցումն օգտակար կլինի: - Իսկ դուք չե՞ք նկատել, որ վերջին շրջանում կարծես սկսել են հաշվի նստել հասարակական կարծիքի հետ: Դա արդյո՞ք հույսեր չի արթնացնում, որ վերջ ի վերջո կարող է ինչ-որ բան շտկվել մեր երկրում: - Ես շատ կերազեի, որ դա ճիշտ լիներ, բայց դեռ չեմ տեսնում: - Թռչկանը դրա վկայությունը չէ՞: - Այդ ջրվեժն իրենց համար միլիարդներ բերող օբյեկտ չէր: Երկրորդը` տերերը հավանաբար իշխանական վերին աստիճանների կողմից հովանավորված չէին: Եթե ժողովրդի ձայնն են ուզում լսել, Թեղուտի անտառային ողջ համակարգի` իրականում պետության, ժողովրդի ունեցվածքի բնաջնջումը թող դադարեցնեն: Թռչկանի դեպքը հաճելի մի փոքրիկ դրվագ էր, բայց ժողովրդի ձայնը լսելու առումով` աննշան մի բան է: Իրականում, եթե դիտարկեք տնտեսության զարգացումը, կտեսնեք, որ ժողովրդի ձայնն արհամարհված է: Հանքարդյունաբերությունն այսօր զրկում է իր միջավայրում ապրելու հնարավորությունից: - Բայց զարգացած երկրներում նույնպես հանքարդյունաբերության ոլորտը պետական մենաշնորհ չէ: - Օրինակ, Միացյալ Նահանգներում էլ են ասում` եկեք մեր հանքերը շահագործեք: Բայց պայման են դնում` հարկերը վճարում եք, բնության համակարգը բերում եք հնարավորինս նախնական տեսքի: Հնարավոր ներդնողը հաշվում, տեսնում է, որ ակնկալվող շահույթը դժվար թե իր ներդրածի չափ լինի: Այդ պատճառով էլ նրանք գալիս են Հայաստան, որտեղ արդեն ասացի, թե ինչ վիճակ է հարկային առումով: Ո՞վ է գժվել` գնա Գերմանիայում, ԱՄՆ-ում կամ Անգլիայում հանքեր մշակի, որտեղ օրենքներ կան ու գործում են: Մեզ մոտ ասում են` եկեք գողացեք մեր ունեցվածքը և մեզ` պաշտոնյաներիս էլ բաժին հասցրեք: - Այսինքն, երրորդ երկրների կագավիճա՞կ ունենք: - Շատ ավելի վատ: Ես չեմ հանդիպել մի երկիր, որտեղ հանքարդյունաբերության ոլորտում այսպիսի դժոխային վիճակ ստեղծվի պետության ու ժողովրդի, և դրախտային պայման ստեղծվի հանքարդյունաբերողների համար:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ