Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ


Ադրբեջանն աստիճանաբար տարածաշրջանային քաղաքականության մեջ հայտնվում է խաղից դուրս վիճակում: Սա ոչ թե մեր բարի ցանկությունն է, այլ` քաղաքական և պատմական իրողություն, որն էլ ստիպում է` արդեն միանգամայն նոր հայացքով դիտարկել այս պետությանն ու քննարկել նրա քայլերը: Մասնավորաբար` սահմանային գծում, ուր վերջին շրջանում ակտիվացել են դիպուկահարները: Բնականաբար, սրանց կրակոցները թելադրված են ադրբեջանական զինվորական բարձրագույն հրամանատարութ յան կողմից և Բաքվի ռազմատենչ քաղաքականության մաս են կազմում: Ուրեմն, Ադրբեջանն ամեն կերպ ձգտում է պատերազմի` չունենալով պատերազմում հաղթելու երաշխիքներ և համապատասխան ներուժ: Ավելի ճիշտ, Ադրբեջանին հետաքրքրում է ոչ այնքան բուն պատերազմը, որքան` պատերազմի պատրանքը, որպեսզի համաշխարհային հանրությունը կարևորի նրա դերը` հնարավորություն տալով ինչ-որ բաներ «պոկել» միջազգային հանրությունից: Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունների ջերմացումը, նոր տնտեսական պայմանագրերի կնքումը, միջազգային ասպարեզում Իրանին ցուցաբերվող ՌԴ աջակցությունն արդեն փաստում են մի նոր իրողություն: Եթե Ադրբեջանը ստեղծել էր այն պատրանքը, թե ինքը կարևոր դերակատարություն ունի վառելիքաէներգետիկ համակարգում, ապա Ռուսաստան-Իրան ջերմացող հարաբերությունների համատեքստում նա ամբողջապես կորցնում է իր նշանակությունը: Ավելին, վերածվում է ընդամենը մի երկրի, որի նավթային պաշարները կարող են շատ շուտով պետք չգալ տարածաշրջանում և կորցնել այլընտրանքայնության նշանակությունը: Սա արդեն դարձել է առաջատար մի շարք տերությունների տեսակետը, որոնք այլևս հետաքրքրություն չեն ցուցաբերում Ադրբեջանի հանդեպ` նրան վերածելով որոշ կորպորացիաների «ստնտուի»: Հենց սա էլ մտահոգում և կատաղեցնում է Բաքվին, ստիպում դիմել ծայրահեղ քայլերի` խնդրել Թուրքիայի աջակցությունը: Օրերս Ադրբեջանում գտնվող Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վոլքան Բոզքըրը Ադրբեջանի ԱԺ նախագահ Օքթայ Էսեդովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե հայ-թուրքական արձանագրությունները մեջլիսի օրակարգ չեն բերվի: - Այս արձանագրությունները օրակարգ բերել-չբերելու իրավասությունն իմն է, և ես վճռել եմ դրանք օրակարգ չմտցնել,- ասել է Բոզքըրը: Եվ այս հայտարարությունը Թուրքիայի օրենսդիր մարմնի ղեկավարն անում է այն ժամանակ, երբ գերտերությունները Թուրքիայից պահանջում են վավերացնել արձանագրությունները: Թուրքիան լավ գիտի, որ ինքն անպայմանորեն կատարելու է այդ պահանջը, քանի որ վավերացմամբ են պայմանավորված իր համար կենսական նշանակության մի շարք խնդիրների լուծումներ: Բայց դիմելով յուրատեսակ քաղաքական պոպուլիզմի` հերթական անգամ փորձում է ուշադրություն ձևավորել Բաքվի հանդեպ, որտեղ օրավուր նվազում է Ալիևների տան ազդեցությունը: Մեհրիբան Ալիևան ամեն կերպ թուլացնում է Ալիևների ազդեցության ոլորտը և հզորացնում իր հայրական կողմի ազդեցությունները: - Ադրբեջանը հայտնվել է բավական բարդ կացության մեջ, երբ այլևս կորցրել է իր տնտեսական նշանակությունը. Վրաստանը ևս աստիճանաբար հեռանում է նրանից և փնտրում նոր գործընկերներ: Իրանը երբեք չի կամենա Ադրբեջանի հետ գործընկերություն հաստատել, իսկ Ռուսաստանի համար այն այլևս հետաքրքիր չէ: Մանավանդ հիմա, երբ դե ֆակտո երկրի կառավարումը ստանձնել է Վլադիմիր Պուտինը, ով երբեք պրոադրբեջանական դիրքորոշում չի ունեցել: Պուտինին անհրաժեշտ է հզորացնել Ռուսաստանը, Իրանի հետ ձևավորել կամուրջ և դուրս մղել Ադրբեջանին` իր նավթը դարձնելով կարևոր քաղաքական և տնտեսական գործոն: Բաքվում նաև կանխազգում են մոտալուտ այլ վտանգը. Արևելքում «սանիտարական» զտումներ կատարելուց հետո` Արևմուտքն անպայմանորեն հայացքը կսևեռի նաև Ադրբեջանին` այստեղ ճշմարիտ ժողովրդավարություն հաստատելու խոստումներով… Արտաքին ճնշումներից, ներքին պառակտումներից զատ` լուրջ պառակտում է առաջացել նաև Ալիևների ընտանիքում: Իլհամի քույրը յուրատեսակ պատերազմ է հայտարարել եղբորը. այլևս դադարեցնելով նրա հետ շփումները, սկսել է ձևավորել մի նոր թիմ, որի ակունքները սկիզբ են առնում Ռուսաստանից: Հասկանալի է, որ Իլհամի քույրն այլևս չի կամենում, որպեսզի երկիրն իշխի եղբայրը, գուցեև ունի ինչ-որ ցանկություններ և նկրտումներ` մասնակցելու նախագահական ընտրություններին: Վտարանդի ադրբեջանցիները սա համարում են Իլհամի ձայները փոշիացնելու պահուստային տարբերակ: Նրանք համոզված են, որ ադրբեջանցիները կնախընտրեն քվեարկել ոչ թե եղբոր, այլ` քրոջ օգտին… Նման իրավիճակ, իհարկե, Իլհամ Ալիևը չէր կարող գուշակել, սակայն այն արդեն գոյություն ունի և քաղաքական կացությունը դարձնում է պայթյունավտանգ: Այն հանգամանքը, որ Բարաք Օբաման պաշտպանում է Բրայզայի թեկնածությունը, իսկ ամերիկյան հայկական լոբբին այժմ կարծես թե համակերպվում է Բրայզայի վերանշանակման փաստի հետ` նշանակում է, որ տեղի են ունեցել դիրքորոշումների վերադասավորումներ: ԱՄՆ-ը հենց Բրայզայի ձեռքերով կամենում է այստեղ հրահրել մի նոր գունավոր հեղափոխություն` Ռուսաստան-Իրան հարաբերություններին հակակշիռ ստեղծելու համար… Իսկ այդ հակակշիռն անհրաժեշտ է, որպեսզի տարածաշրջանում Ռուսաստանը չունենա մեծ ազդեցություններ, Ռուսաստան-Իրան տանդեմը չդառնա վտանգահարույց Արևմուտքի համար: Ալիևն, իհարկե, զարգացումների ոգուն համահունչ` կձգտի կատարել Պուտինի բոլոր հրահանգները` Ռուսաստանի աջակցությունը ստանալու համար: Իսկ Ռուսաստանն էլ, հանուն իր շահերի` Ադրբեջանին կվերածի վասալի: Սա ցանկալի չի լինի Արևմուտքի համար, քանի որ կարող է կորցնել ազդեցությունն այստեղ: Ուստի գունավոր հեղափոխության հրահրմամբ` Վաշինգտոնն ամբողջապես իրեն կհպատակեցնի Ադրբեջանն ու պլացդարմ կստեղծի Իրանի սահմանին մոտ… Ադրբեջանում այս ամենն, իհարկե, հասկանում են, ուստի ղարաբաղաադրբեջանական շփման գծում անընդհատ պատերազմավտանգ իրավիճակ ստեղծելով` կամենում են այլ ուղղությամբ տանել հնարավոր զարգացումները: Այսպես թե այնպես` մեր զինվորները սպանվում են` հանուն ադրբեջանական շահերի…