Հիշողության ծիսակամուրջ

Հայ մշակույթի երախտավորը. Հովհաննես Շարամբեյան

ՀՀ մշակույթի նախարարության Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի կարգավիճակով այսօր ակտիվ գործունեություն ծավալող երբեմնի Ժողարվեստի թանգարանում, ի նշանավորումն թանգարանի հիմնադիր տնօրեն (1978-1986 թթ.), ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ և արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես (Վանիկ) ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻ (1926-1986թթ.) ծննդյան 90-ամյա տարեդարձի, ս.թ. օգոստոսի 20-ին բացվեց «Հիշողության ծիսակամուրջ» խորագրով գիտաժողով-ցուցահանդեսը:

Դիլիջանի մասնաճյուղում ևս բացվել է ցուցահանդես, որտեղ ներկայացվել է Հ. Շարամբեյանի սաների` Համլետ Մակվեցյանի, Սամվել Ֆրանգուլյանի գեղանկարչա կան աշխատանքները, ինչպես նաև ժանեկագործ Աղավնի Տոտոսզյանի ստեղծագործությունները:

Խաչատուր Աբովյանի անունը կրող պուրակի հարևանությամբ, հայ մեծ լուսավորչի արձանին թիկնադարձ կիսաշրջանում է բազմած մշակութային այս օջախը: Մոտ 4 տասնամյակ այն հարազատացել է բնատուր շնորհներով օժտված հատկապես այն ստեղծագործողներին, ովքեր արժանի են և կարոտ են հանրահռչակման: Ժողովրդի ծոցից ելած քանի˜-քանի ինքնուս վարպետներ են հանրաճանաչում գտել այս հարկի ներքո: ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հովհաննես Շարամբեյանի անմիջական ջանադրությամբ հայաստանյան մշակութային կյանքում 1979-ից կարևորագույն դերակատարություն ձեռք բերած Հայաստանի ժողովրդական արվեստի պետական հինավուրց թանգարանն այժմ հյուրընկալում է ոչ միայն ժողովրդական վարպետներին, այլև ինքնարտահայտման նորանոր հարթակներ ու սրահներ որոնող պրոֆեսիոնալներին: Սակայն արդի սերնդի կերպարվեստասերներից քչերին է հայտնի հետպատերազմյան շրջանի դժվարին ժամանակներում իր ժողովրդին հոգևոր առողջ սնունդով գոտեպնդող, նրա ինքնատիպ արվեստի պահպանման և զարգացման ջահակիր արվեստագետի ծանրակշիռ ավանդը, նույնիսկ` անունը: Մինչդեռ, Մեծ Հայրենականի ծանր հարվածներից չսթափված ԽՍՀՄ փոքրիկ հանրապետությունում դեռևս 1947 թվին նկարչական ստուդիա է հիմնել հեռավոր Դիլիջանում, գլխավորել տեղի Կուլտուրայի և արվեստի ժողովրդական համալսարանն ու անգնահատելի խորհրդատվությամբ նպաստել պատմամշակութային արգելոց-թանգարանի գործունեությանը: Դիլիջանի հնաբնակները ակնածանքով են մտաբերում իրենց հին փողոցի կոլորիտային վերականգնմանը Հովհաննես Շարամբեյանի նվիրաբերած 30-ամյա տքնանքը:

Հիշեցնենք, որ Ժողովրդական ստեղծագործության ներկայիս կենտրոնը ստեղծվել է 2011-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի և Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոնի վերակազմավորմամբ: Հայ ժողովրդի գեղարվեստական ստեղծագործության տարբեր ժանրերի նմուշների ձեռքբերման, պահպանման, վերականգնման, ուսումնասիրման և հանրահռչակման աշխատանքներով բազմազբաղ` կենտրոնը կազմակերպում է նաև գորգագործութ յան, ասեղնագործության և պարի դասընթացներ: Շուրջ 10.000 նմուշ ընդգրկող հավաքածուն (փայտի փորագրության, մետաղի գեղարվեստական մշակման, արծաթագոր ծության, քարարվեստի, խեցեգործության, գորգի ու կարպետի, ասեղնագործության ու ժանյակի, գեղանկարչության և ժողովրդական արվեստի այլ ոլորտներին վերաբերող աշխատանքներ) հիմնականում բարձրարժեք ստեղծագործություններ է ամփոփում, որոնք ներկայացնում են Հայաստանի ազգագրական արվեստի զարգացման գրեթե բոլոր պատմական փուլերը:

Այս սրտաբաց հաստատության ներկայիս աշխատակիցների երախտագետ նախաձեռնությամբ, բովանդակային ուշագրավ անցումներով է ձևավորվել առաջիկա «Հիշողության ծիսակամուրջը»: Հիմնականում նատյուրմորտի և բնա-նկարի ժանրերում մտերմիկ քնարական շնչով ստեղծված գեղանկարչական աշխատանքների ընտրանու ցուցադրությամբ ծանոթանալով Շարամբեյանի վրձնի փայլատակումներին` այցելուներն այնուհետև իրազեկվեցին «Պատվո նշան» շքանշանակիր արվեստագետի կյանքին ու գործունեությանը` անվանի արվեստաբանների վերարժևորող զեկուցումներով: Խոսքաշեն տպավորություններն այնուհետև կենդանի թրթիռներով հագեցան «Հրաշք Վանիկը» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությամբ և Հովհաննես Շարամբեյանին նվիրված կայքէջի ներկայացմամբ:

Կարծում ենք` անկարելի է անտարբեր մնալ «Անուշ» ֆիլմի (1983 թ.) գլխավոր նկարչի հեղինակած «Կոմիտաս», «Դիլիջան», «Նվիրում խաչքարին», «Գյուղական բակ Լճաշենում», «Խոր Վիրապ», «Վանի կարպետ», «Հեթանոսական տաճարի ավերակները», «Էջմիածնի հին տները» և այլ կտավների հանդեպ: Նրա արվեստի որակական բարձր հատկանիշների մասին է վկայում այն փաստը, որ լավագույն գեղանկարները խնամքով պահպանվում են Տրետյակովյան պետական պատկերասրահում, Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, բազմաթիվ մասնավոր հավաքածուներում:

Ազգային մնայուն արժեքների գնահատությունն ու պատշաճ հանրայնացումը անվերապահորեն կարող է նպաստավոր լինել ամբոխացման դեմ ազնիվ պայքարում: Եվ` ոչ միայն կասեցնել պատմական հիշողության համակողմանի մթագնումը, այլև էապես հզորացնել պատերազմական թոհուբոհում հյուծվող մեր նորանկախ հայրենիքի խոցոտվող սահմանները: Այս տեսակետից դրվատելի է հայ մշակույթի երախտավորներից ևս մեկին նորովի ապրեցնելու միտված «Հիշողության ծիսակամուրջը»:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ