«Պահանջկոտ» աշխատակիցը


Գործատուից աշխատակիցների հիմնական պահանջները սովորաբար երկուսն են` աշխատանքային լավ պայմաններ և լավ աշխատավարձ: Այս մի ֆրանսիացուն, սակայն զայրացրել է գործի ձանձրալիությունը, և նա հայց է ներկայացրել դատարան` որպես ձանձրույթի հատուցում գործատուից պահանջելով 360 հազար եվրո:

Փարիզաբնակ 44-ամյա Ֆրեդերիկ Դեզնարդը հայտարարել է.

- «Ինտերպարֆյում» ընկերության ղեկավարությունն ինձ զրկել է կարգին պաշտոնից և ամբողջ 4 տարի ես կատարել եմ անտանելի ձանձրալի հանձնարարություններ:

Աշխատանքային խնդիրները խաթարել են Դեզնարդի առողջությունը` նրան «պարգևելով» ընկճախտ, խոցեր, ընկնավորություն և անքնություն:

Նրբանկատ ֆրանսիացին գանգատվում է, թե ինքն ամաչում է աշխատավարձ ստանալ` ոչինչ չանելով:

Բայց նա հազիվ թե դատարան հասներ, եթե «ձանձրալի» այդ աշխատանքից էլ չզրկվեր: Ձանձրույթից հիվանդացել է և հիվանդանոցում 7 ամիս ստացիոնար բուժումներ ստանալուց հետո` հեռացվել աշխատանքից: Հիմա նա պահանջում է արձակուրդային վճարներ և ֆինանսական փոխհատուցում` աշխատավայրում կորցրած ժամանակի ու առողջության դիմաց: