Հարգում են իրենց լեզուն


Տաջիկստանի լեզվի և տերմինաբանության կոմիտեն այսուհետ տուգանելու է մայրենի լեզուն աղավաղողներին: Տուգանքը կազմելու է 75-100 դոլար` ֆիզիկական անձանց և 150-200 դոլար` պաշտոնյաների համար (տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն):

Աստվա˜ծ իմ, ինչպիսի˜ մուտքեր կունենար մեր բյուջեն, եթե նման տուգանք կիրառվեր մեր պաշտոնյաների, ազգընտիրների, որոշ լրատվամիջոցների` հատկապես հեռուստաընկերությունների նկատմամբ: Բայց մեզանում երկրորդված է այդ առաջնահերթությունը, և առայժմ ստիպված ենք ուրիշների նախանձախնդրության մասին խոսել:

Տաջիկստանում ստեղծվել է հատուկ խումբ, որը պետք է դիտի և ունկնդրի բոլոր հեռուստա-ռադիոհաղորդումները, կարդա թերթերը, ինչի մասին լրացուցիչ տեղեկացվելու են թերթերի խմբագիրներն ու լրագրողները, լրատվական գործակալությունները, հեռուստատեսային և ռադիոընկերությունները:

Լեզվի և տերմինաբանության կոմիտեի ղեկավարը հայտարարել է, որ լրագրողները հաճախ են օգտագործում շարքային քաղաքացիներին անհասկանալի բառեր` տաջիկերեն լեզվի կոպիտ խախտումներով:

Ինքնահարգանքը վերագտած Տաջիկստանում ծրագրել են արգելել նաև օտարազգի անունները, առարկաների, սննդամթերքների, կենդանիների և թռչունների օտարահունչ անվանումները: Երկրի իշխանությունները որոշել են թույլ տալ միայն տաջիկական վերջավորությամբ ազգանուններ և հայրանուններ: Որոշվել է «տաջիկացնել» ռուսական ազգանունները: Արդարադատության նախարարությունն էլ պարզաբանել է, որ խոսքը ոչ թե արգելելու, այլ խորհուրդ տալու մասին է: Բայց եթե իշխանություն ներն արդեն որոշել են, ուրեմն իշխանության խորհուրդը, սովորաբար, ենթակա է պարտադիր կատարման: