ՀԱՐԵՄ


Մահմեդական մեծահարուստների կանանոցը երազանքն է եղել շատ աղջիկների ծնողների համար, ովքեր վաճառել են իրենց գեղեցիկ դուստրերին: Եվ հատուկ փաստաթուղթ են ստորագրել, որ հրաժարվում են իրենց ծնողական իրավունքից:

Ու եթե այդ եղանակով գնված հարճը ֆիզիկական թերություն, վատ պահվածք կամ այլ թերություն էր ունենում, նրա գինը կտրուկ իջնում էր. ծնողներն ակնկալվածից քիչ փող էին ստանում:

Հարեմներն իրենց կարգուկանոնն ունեին, և հարճը սոսկ սուլթանի սեռական հաճույքները բավարարելու համար չէր: Ահավասիկ.

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԷԻՆ ՍՏԱՆՈՒՄ.Կանանոցը նման է կրթական կենտրոնի, ուր հարճերը գրագիտություն էին ստանում, սովորում աստվածաբանություն, պարեր, նվագել: Սովորում էին էթիկայի կանոնները, ծանոթանում պերճախոսության արվեստի, զարգացնում զրույց վարելու ունակությունը: Այս և այլ «մանրուքների» շարքում նրանց ուսուցանվում էր նաև տղամարդուն վայելքներ պարգևելու արվեստը:

Ամենագեղեցիկ ստրկուհիները, որոնց սուլթանը կարող էր ընտրել որպես կին, ստիպված էին շատ ավելի ջանադրաբար սովորել: Սուլթանների կանանց պահպանված նամակները վկայում են նրանց բարձր կրթվածության մասին: Կնոջ կարգավիճակ ստանալուց հետո նրանք հիմնում էին բարեգործական հիմնարկներ և նույնիսկ ղեկավարում մզկիթների շինարարությունը:

ՍՈՒԼԹԱՆԻ ՀԵՏ ՍԵՔՍԸ ՀԱԶՎԱԴԵՊ ԵՐԵՎՈՒՅԹ ԷՐ.Հարճերի մեծամասնությունն ամբողջ կյանքն անցկացնում էր հարեմում` նույնիսկ չտեսնելով իր տիրակալին: Չնայած սուլթանի տղամարդկային ուժի մասին լեգենդներ էին պատմում պալատականները, բայց, բնականաբար, ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ նա գերմարդ չէր և չէր կարող բավարարել անհամար կանանց: Պատահում էր, որ սուլթանն ընդհանրապես հետաքրքրություն չէր տածում կանանց հանդեպ: Այդժամ արդեն ամբողջ հարեմը դատապարտվում էր հարկադիր կուսակրոնության:

ՀԱՐԵՄՈՒՄ ԿՅԱՆՔԸ ԽԻՍՏ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՒՄ ԷՐ.Խստագույն պաշտոնակարգմանը և կարգապահությանը ենթարկվում էին բոլորը: Հարճերն ամեն օր հավելավճար-ընծա էին ստանում: Նրանց հանդեպ մեծ հոգատարություն կար, բայց նաև խստագույն պատժվում էին` զանցանքի համար:

Դատելով պաշտոնների ցուցակից` հարեմն ավելի շատ նման էր բյուրոկրատական հաստատության. այնտեղ կային արձանագրային ծառայության ղեկավար, գանձարանի բանալիների և սուլթանի կնիքի պահապաններ, գինու մառանի պատասխանատու: 18-րդ դարում հարեմի «տնտեսական» պաշտոններում հաշվվել է 320 կին և ընդամենը` 15 հարճ:

ՈՒՐԲԱԹ ՕՐԵՐԸ` ՄԻԱՅՆ ԿՆՈՋ ՀԵՏ.Ձևամոլությունն այնքան տարածված էր, որ նույնիսկ անկողնային հարաբերությունների էին հասել: Ինչ խոսք, սուլթանը կարող էր զվարճանալ` երբ ուզենար և ում հետ ցանկանար (իհարկե` պահպանելով որոշակի բյուրոկրատական արարողակարգեր)` բացառությամբ` ուրբաթ օրերի: Լույս շաբաթ օրվա գիշերը սուլթանները պարտավոր էին անցկացնել իրենց կանանցից մեկի հետ: Եվ, եթե երեք իրարահաջորդ ուրբաթների ընթացքում փադիշահը անտեսում էր իր պարտականությունները, կանայք կարող էին դատարան դիմել:

Ու քանի որ սուլթանն օրենքով կարող էր 4-ից մինչև 8 կին ունենալ, վրիպումներից խուսափելու համար հարճերից մեկը հերթապահում էր հարկաբաժիններում և «հաշվառման մատյանում» գրանցում փադիշահի բոլոր հանդիպումներն իր կանանց հետ:

ԿԱՐԵԼԻ ԷՐ ԱԶԱՏՎԵԼ ՀԱՐԵՄԻՑ.Այն հարճերը, որոնց սուլթանը որպես կին չէր ընտրում, հարեմում 9 տարի ծառայելուց հետո իրավունք ունեին դիմել` սեփական ցանկու-թյամբ կանանոցը լքելու: Սուլթանը նրան օժիտ ու տուն էր տալիս, օգնում էր ամուսին գտնել և փաստաթուղթ էր հանձնում, որը հաստատում էր այդ կնոջ` ազատ մարդ լինելու կարգա-վիճակը:

Այսուհանդերձ, շատերը չէին օգտվում իրենց այս իրավունքից` հարեմի բարեկեցությունը նախընտրելով ազատ կյանքի դժվարություններից:

Ոմանք էլ, ազատության մեջ ամուսնանալուց հետո, շուտով բաժանվում էին ամուսիններից` պատճառաբանելով, թե վարժվել են ավելի մեծ բավականություն ստանալ հարեմի սևամորթ ներքինիներից:

ԿԱՆԱՆՈՑԸ` ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ.Թեպետ ոչ պաշտոնապես, բայց կարևոր պետական մարմին էր հարեմը: Հայտնի է, որ երբեմն դրա տիրուհիները սուլթանների վրա այնպիսի ազդեցություն ունեին, որ նույնիսկ միջամտում էին պետական գործերին: 1550-1656 թթ. ժամանակահատվածը հայտնի է «կանացի սուլթանատ» անվամբ: Այդ ընթացքում կանանց մի ամբողջ հերթափոխ մեծ ազդեցություն է ունեցել Օսմանյան կայսրության պետական գործերի վրա: Այդ ժամանակաշրջանը նշանավորվել է պետության աստիճանական անկմամբ, սակայն ասում են, թե դա պատահական զուգադիպություն է:

ՀԱՐԵՄՈՒՄ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԹԵԼԱԴՐՈՒՄ ԷՐ ՍՈՒԼԹԱՆԸ.Օրինակ, Իբրահիմ սուլթանը (1640-1648 թթ.) թուլություն ուներ պարարտ կանանց նկատմամբ: Ամբողջ կայսրությունում որոնում և սուլթանական հարեմ էին բերում խոշոր չափեր ունեցող կանանց: Այստեղ էլ նրանց ստիպում էին նստակյաց կյանք վարել և չափից ավելի քաղցրավենիք ուտել, որպեսզի ավելի գիրանան: Իբրահիմի հարեմում բոլոր գեղեցկուհիները կշռում էին 114-200 կգ: Սուլթանի սիրելի հարճը` Շեքեր Փառան («շաքարիկ»), շատ ազդեցիկ էր` հատկապես իր 230 կիլոգրամանոց մարմնով: (google.coΗ):