ԳՐԵԹԵ ԸՍՏ ՖՅՈՒՐԵՐԻ


 

Այն, որ Սամվել Բալասանյանն այդպես էլ չկարողացավ թոթափել գավառականությունն ու 13 տարիների ընթացքում` ապրելով Երևանում և ունեցվածք կուտակելով նաև Հայաստանի սահմաններից դուրս, ձգտում է դառնալ քաղաքակրթված գործիչ, երևում է գյումրեցիներին հղած նրա հայտարարություն-ուղերձից: Այստեղ իրեն արդեն նշանակված քաղաքապետ զգացողը ասել է.

- Լինելով կայացած քաղաքական գործիչ, ով բազմիցս ընդունել է որոշումներ և համակարգել դրանց իրականացումը, որոնք ենթարկվել են ժամանակի փորձությանը և արժանացել դրական գնահատականի, գիտակցելով խնդրի ողջ բարդությունը և ունենալով դրանց հաղթահարման համար անհրաժեշտ և հիմնավորված լուծումներ` իմ պարտքն եմ համարում ներդնել իմ անձնական փորձը և ունակությունները իմ հարազատ քաղաքի և մեծ ընտանիքի վերածննդի և բարգավաճման գործում: Իմ անցած կյանքի ուղին և կուտակած փորձս գնահատում եմ բավարար` ղեկավարի և կազմակերպչի պարտականությունները ստանձնելու համար, և իմ ու իմ նվիրյալների թիմի հետևողական և համակարգված աշխատանքի շնորհիվ` հասնելու ցանկալի արդյունքների: Իմ նվիրյալնե րի թիմը Գյումրի քաղաքի ողջ բնակչությունն է, որոնցից յուրաքանչյուրը իր անձնական մասնակցությամբ ըստ ունակությունների և հնարավորության, ընտրած մասնագիտության և աշխատանքի` հավասար հնարավորություններով պետք է ներգրավվի իր մեծ ընտանիքի կենսապահովման և ծաղկեցման գործընթացին:

Մի կողմ թողնենք քերականական կոպիտ սխալները, որոնք վկայում են, որ անգամ Բալասանյանի ռեֆերենտներն առանձնապես չեն փայլում գրագիտությամբ:

- Լինելով կայացած քաղաքական գործիչ, ով բազմիցս ընդունել է որոշումներ և համակարգել դրանց իրականացումը,- իր մասին ասում է Սամվել Բալասանյանը: Այսպես միայն Ադոլֆ Հիտլերն էր խոսում իր մասին, մինչդեռ կայացած քաղաքական գործիչները, այդ թվում մեծանուն Չերչիլը, հայտարարում էին, որ իրենք դեռ քաղաքականության մեջ աշակերտներ են…

Հարցնենք «կայացած քաղաքական գործչին», թե այդ ի՞նչ որոշումներ է ընդունել 13 տարվա ընթացքում և ինչպե՞ս է հետևել դրանց իրականացմանը: Կամ էլ իր քաղաքն այդքան սիրող մարդը որտե՞ղ էր այսքան ժամանակ և ինչո՞ւ որպես ԱԺ պատգամավոր իր սերը չէր արտահայտում…