Շորթում չէ, բա ի՞նչ է

ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԻ ՀԱՄԱՐ


 

Վերջերս մեր թերթն անդրադարձել էր «Ղարաբաղ Տելեկոմի»` ԼՂՀ-ում հաստատած որոշ սկզբունքներին, նշել, որ Յիրիկյանն իր մի շարք բարեգործություններն անում է ի հաշիվ ղարաբաղցի ների: Նրա գլխավորած ընկերությունից զանգահարեցին մեր թերթի խմբագրություն, հուզված խոսեցին «աղավաղված փաստերի» մասին` պահանջելով նյութը հանել կայքից: Ինչպես նման բոլոր դեպքերում` մենք առաջարկեցինք ներկայացնել «աղավաղված փաստերը»` հերքում կամ ուղղում տպագրելու պատրաստակամությամբ: Հերքում այդպես էլ չստացանք: Անկեղծ ասած` չէինք էլ սպասում, որովհետև գիտեինք, որ փաստ չենք աղավաղել: Բացի այդ, ընկերությունը չէր կամենա վերստին ուշադրություն սևեռել իր գործունեությանը, այն ամենին, ինչը վաղուց արդեն հոգնեցրել ու զզվեցրել է բաժանորդներին:

Ընկերության փոխարեն, մեզ նոր փաստեր ուղարկեցին Լեռնային Ղարաբաղից, որոնք ստուգելուց հետո էլ` ներկայացնում ենք մեր ընթերցողներին: Ամեն տարի «Ղ. Տելեկոմը» ԼՂՀ-ում որպես գերշահույթ` ստանում է 430 մլն դրամ: Յուրաքանչյուր ամիս, բաժանորդավճարը կազմում է 1200 դրամ, որին գումարվում է նաև րոպեավճարը, որն այստեղ հաշվարկվում է «առեղծվածային չափումներով»: Անկախ այն բանից` անձն օգտվել է բջջային ծառայությունից, թե՞ ոչ, նա պարտավոր է բաժանորդավճար մուծել, ինչը նախատեսված չի եղել մրցութային փաթեթում: Բացի տարեկան 14 հազար 400 դրամ բաժանորդավճարից, ղարաբաղցիներն ընկերությանը վճարում են նաև 43 հազար 200 դրամ: Իսկ րոպեավճարի թանկ լինելու խնդրին մենք արդեն անդրադարձել ենք: