ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ը կարող են համագործակցել


 

Ամռան հետ ավարտվելու վրա է նաև արձակուրդների ժամանակահատվածը, և շատ շուտով քաղաքական կյանքը կարթնանա ամառային նիրհից: Իսկ որ քաղաքական հետաքրքիր զարգացումներ են սպասվում` միանշանակ է. Հանրապետության նախագահի ընտրություններ, Եվրամիության հետ ասոցացման և ազատ առևտրի համաձայնագրի ստորագրում, նաև դեռևս չկազմավոր ված Եվրասիական միությանն անդամակցելու առաջարկ...…

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ զրույցը սկսեցինք հիմնական` մեր ապագա ճանապարհի ընտրության թեմայից դուրս մեկ հարցից:

Վերջերս սոցիալական ցանցերում, չգիտես ինչու, շատ խոսվեց Վանո Սիրադեղյանի մասին: Նույնիսկ ստորագրահավաք սկսվեց նրա վերադարձի օգտին: Այս պատմությանը կարծում եմ`տեղյակ եք: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ նպատակ ունի այսքան աղմուկն այդ մարդու անվան շուրջ:

- Ես ցանկություն չունեմ խորանալու այդ ամենի մեջ: Ինձ համար դա կարևորություն չունեցող հարց է: Եթե ասելիք ունի, թող ասի, թող գրի` եթե չի կարողանում գա ու ասի: Այդ հարցը բարձրացնողները թող իրենք ասեն, թե ինչ նպատակ են հետապնդում: Այսօր շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք. այսօր ավելանում է երկիրը լքողների թիվը: Դա կանխելու համար անհրաժեշտ է, որպեսզի երկրում համակարգ փոխվի:

Այս օրերին Ծաղկաձորում, Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո ընթանում է դեռ չկայացած Եվրասիական միության երիտասարդների հավաքը: Հասարակության ներսում դիրքորոշումները բաժանվում են: Մի մասն ասում է, թե պետք է գնալ Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացման` թեկուզ սուվերենության կորստի գնով: Մյուս մասն էլ պնդում է, որ եվրաինտեգրումն է ճիշտը, այլապես առաջադեմ աշխարհից ավելի հետ կընկնենք: Ո՞րն է ելքը, Ձեր կարծիքով, արդյո՞ք արտագաղթն է´լ ավելի մեծ չափերի չի հասնի, եթե մարդիկ տեսնեն, որ սուվերենության կորուստ ենք ունենում:

Հարցադրումը շատ տարողունակ է: Ես համարում եմ, որ շատ ճիշտ կլինի, եթե հիմա առանց զգացմունքայնության քննարկվեն բոլոր այն մանրամասները, թե ինչպիսի Եվրասիական միության անդամակցության մասին է խոսքը, որպեսզի հասարակությունը փակ աչքերով չգնա այս կամ այն կողմ: Իսկ Եվրամիության ինտեգրման առնչությամբ բազմիցս եմ ասել` Եվրամիությունը ձեռքերը բացած մեզ չի սպասում, թե երբ ենք իր հետ գրկախառնվելու: Եվրամիությունն ունի իր ներքին լրջագույն խնդիրները, և այնպես չի, թե մեզ առաջարկում են մաս կազմել իրենց, մենք էլ ասում ենք` ոչ:

- Աշնանը սպասվում է Եվրամիության հետ ասոցացման և ազատ առևտրի համաձայնագրի ստորագրում: Իսկ այսօր խոսում ենք Եվրասիական միությանն անդամակցության մասին:

Ոչ ոք չի համարում, որ Եվրամիության հետ համագործակցությունը վնասարար է Հայաստանի համար: Ռուսաստանն ինքն է գնում Եվրամիության հետ համագործակցության, և այստեղ ոչ մի հակասություն չկա: Արևմտյան ժողովրդավարությունն էլ այսօր բազմաթիվ խնդիրներ ունի: Ժողովրդավարությունը լավ բան է, երբ երկրում տնտեսական, սոցիալական, բարոյական առումով կայուն իրավիճակ է: Եթե երկիրն աղքատ է, նշանակում է, որ այնտեղ ժողովրդավարություն արդեն չկա: Նշանակում է` մենք այդ մակարդակին չենք և պատրաստ չենք, ինչպես ասում են` նրանց հետ ոտք գցել: Բայց մեր գլխավոր խնդիրը հետևյալն է. մենք առաջին հերթին պետք է ապահովենք մեր ազգային անվտանգությունը: Դա միայն բանակը և սահմանները չեն. առաջին հերթին դա մեր մարդկային ռեսուրսն է:

- Դուք նկատի ունեք ժողովրդագրակա՞ն խնդիրը:

Այո: Իսկ այդ խնդիրը լուծելու համար պետք է տնտեսությունը զարգացնենք, մեծ թվով աշխատատեղեր ունենանք, մասնագիտացնենք երիտասարդներին, ապահովենք այնպիսի պայմաններ, որպեսզի գործատուն չչարաշահի իր իրավունքները... Պետք է ստեղծենք արդար երկիր, որտեղ մարդն իրեն պաշտպանված զգա: Հազար ու մի այլ հարցեր կան: Իսկ այս ամենը պահանջում է համապարփակ մոտեցում: Այս գերկարևոր, առաջնային խնդիրները թողած` մենք քննարկում ենք Եվրամիությո՞ւն, թե՞ Եվրասիական միություն մտնել-չմտնելու հարցը: Դեռ վաղը-մյուս օրը հարց կդրվի, թե այդ Եվրասիական միության մեջ մեզ ինչ պայմաններով կուզենան տեսնել: Որքան թույլ լինենք, որքան փոքր գործոն ներկայացնենք մեզնից, այնքան վատ պայմաններով կլինենք այս կամ այն միության կազմում: Իսկ ո՞վ է ասել, թե Եվրամիության կազմում մենք ինքնիշխանության կորստի խնդիր չենք ունենալու: Շատ դեպքերում կարող եք իրավունք չունենալ այս կամ այն հարցը լուծել այնպես, ինչպես կուզենայիք: Ինքնիշխանությունը ժամանակակից աշխարհում շատ հարաբերական իմաստ ունի: Կամ դուք ինքնաբավ պետություն եք, որն իր բոլոր խնդիրները կարգավորում է, կամ Եվրամիության կազմում Հունաստանն եք, որին այսօր ինքնիշխան համարել չեք կարող: Նրան այսօր պարտադրում են սոցիալական կոշտ քաղաքականություն կիրառել, հաստիքներ կրճատել. սա մի՞թե ինքնիշխանություն է: Մեխանիկական հարցադրումներ չանենք, նախ` հասկանանք, թե մեր տանն ի՞նչ ենք անում:

-Եվրամիության կողմնակիցները պնդում են, թե ինտեգրվելով այդ կառույցին, կարող ենք օգտվել զարգացման համար անհրաժեշտ հնարավորություններից:

- Այսօր մեր արտաքին պարտքը 4 մլրդ է, որտեղ մեծ թիվ են կազմում եվրոպական վարկերը: Տեսեք, թե ինչի համար են վարկ տրամադրել Հայաստանին: Այդ վարկերը տնտեսության զարգացման առումով որևէ իմաստ չունեն:

Եվրամիությո՞ւն, թե՞ Եվրասիական միություն բանավեճում կա նաև երրորդ կողմ, որը գտնում է, որ այդ երկուսից ոչ մեկը Հայաստանին պետք չեն: Նկատի ունեմ «Սարդարապատ» շարժումը, ըստ որի` Հայաստանին հարկավոր է ունենալ զարգացման իր` հայկական մոդելը:

- Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունն առաջարկել է այդ` դեմոկրատական սոցիալիզմի հայկական մոդելը: Դա քսան տարի առաջ ենք առաջարկել: Բայց դուք չեք կարող ձեզ մեկուսացնել աշխարհից: Իսկ այդ պայմաններում եթե Եվրասիական միությունը ճիշտ ձևավորվի, Եվրամիության հետ համագործակցության հնարավորություն կապահովի, ոչ թե հակամարտություն: Այսօր չի ստացվում, որովհետև այդ երկու կողմերը համազոր չեն: Եվրամիությունը Եվրոպայի հիմնական մասն է, իսկ Ռուսաստանն ու անգամ Չինաստանը միասին համազոր չեն նրան: Իսկ երբ ձևավորվի Եվրասիական միություն` իր նաև պաշտպանական կարողություններով կհամապատասխանի Եվրամիությանը, և նրանք արդեն կկարողանան համագործակցել: ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ը կարող են համագործակցել, որպեսզի ողջ Եվրասիան լինի անվտանգության գոտի: Ինչո՞ւ չեք ցանկանում այդպիսի հեռանկար տեսնել:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ