Թույլ տվեք հիանալ


 

Ուրեմն դեռ աշխարհում կուսակցություն կա, որը շարքերից վտարում է ոչ վայելուչ պահվածքի համար: Վտարում ու պատասխանատվության է ենթարկում այն պաշտոնյաներին, ովքեր իրենց ճիշտ չեն դրսևորում հասարակական վայրերում` ստվերում են կուսակցության հեղինակությունը: Ո՞նց չհիանաս` եթե նույնիսկ դա կոմկուսն է, որը մինչ օրս իշխում է օրավուր հզորացող Չինաստանում:

Բարձրաստիճան մի քանի պաշտոնյա խայտառակ ձևով վռնդվել են ՉԺՀ Կոմկուսից` երբ համացանցում հայտնվել են նրանց լուսանկարները` խմբակային սեքսով զբաղվելու պահին (գրել է The HerΖld Sun-ը): Նրանց անբարո զեխությունների պատկերներով ավելի քան 100 լուսանկար է տեղադրվել Weibo ցանցում և բոլոր ցանկացողները հնարավորություն են ունեցել տեսնել ու ճանաչել անառակաբարո այդ 3 տղամարդկանց և 2 կանանց: Որոշ տվյալներով` մերկացած տղամարդկանցից մեկը Անհոյ գավառի Կոմկուսի քարտուղար Վան Մինշենն է, մյուսը` նրա տեղակալ Ցզյան Դաբինը, երրորդը` Հեֆել համալսարանի կուսակցության երիտասարդական թեմի ղեկավար Վան Կույը: Երեքն էլ կասկածվում են անբարոյականության մեջ, ինչը չինական օրենսդրությամբ քրեորեն պատժելի հանցագործություն է: Վան Մինշենը կտրականապես հերքել է իր մասնակցությունը` պնդելով, որ դա կազմակերպել են իր քաղաքական մրցակիցները:

Վան Կույնը խոստովանել է իր մասնակցությունը և «հուշել», որ կանանցից մեկն իր դպրոցական ուսուցչի կինն է եղել:

Ի դեպ, պաշտոնյաների հանդեպ այսօրինակ պահանջկոտությունը միայն Չինաստանին չէ բնորոշ: Օրինակ` հարևան Հնդկաստանում փետրվարին 3 նախարարներ պաշտոնանկ են արվել` խորհրդարանի նիստերի ժամանակ բջջային հեռախոսով պոռնոհոլովակ նայելու համար: Իսկ երբ 2 շաբաթ անց նույն արարքը կրկնել էին Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ երկու ուրիշ պատգամավորներ` որոշվել էր ստուգել ժողովրդի ընտրյալներին: