Թղթադրամները` պատառաքաղով


 

Քաղաքակրթությունը հանցագործների կողքով էլ չի անցնում: Պարզունակ գրպանահատները «գլուխները քարով են տվել»` համակարգիչներով բանկային հաշիվներ թալանողների, բանկոմատ կոչվող խելացի սարքերին մոլորեցնող-թալանողների կողքին:

Նորագույն տեխնոլոգիաներով այս կողոպուտը, բնականաբար, սկզբնավորվել ու առայժմ տարածվում է զարգացած երկրներում: Մինչ Միացյալ Նահանգներում սոցքարտերից դրանց տերերի ունեցվածքին ծանոթանալով` նրանց բանկային հաշիվներն են թալանում, Ֆրանսիայում հանցագործների նոր խմբավորում է ի հայտ եկել, որը վերջին չորս շաբաթների ընթացքում հասցրել է «սրբել» մի քանի բանկոմատներ: Ընդհանուր հաշվով նրանք հափշտակել են մոտ 1 միլիոն եվրո (գրել է EuroΗΖg-ը):

Տեսահսկողության սարքերն ամրագրել են, թե ինչ կերպ են գործել կողոպտիչները: Սկզբում նրանք բանկոմատից փոքր գումար են «խնդրել»: Ու երբ սարքը տվել է այդ գումարը, հնարամիտ գողերը բարալիկ պատառաքաղի 2 ատամները մտցրել են թղթադրամ բերող բացված ճեղքի մեջ: Հետո խոշոր գումար են «պահանջել»` արդեն իրենց հանցակից պատառաքաղի օգնությամբ: Ընդ որում, այդ փողերը նրանք ստացել են, բայց հաշվեհամարից գումար չի պակասել:

Ոստիկաններն ասել են, որ հանցագործների այդ ցանցը տարածվել է Ֆրանսիայի ողջ տարածքում: Երկրի տարբեր մասերից այս առնչությամբ ահազանգեր են հնչեցրել գանձնման (ինկասացիոն) ծառայությունները: Տեխնոգողերից 4-ն արդեն ձերբակալվել են: