Դատապարտյալին փոխել են


 

Մոտ երկու շաբաթ առաջ չինական Հեյֆեյ դատարանում դատախազության նախաքննական մարմինները հիմնավորել էին, որ շնորհազրկված կուսգործիչ Բո Սիլայի կինն ու որդին «տնտեսական հետաքրքրությունների» շրջանակներում բախվել են բրիտանացի Նիլ Հեյվուդի հետ: Չինուհի Հու Կայլայը անհանգստացել է, որ Հեյվուդը կարող է վտանգել իր որդու` Բո Գուագուայի անվտանգությունը և Չժան Սյաոցզյուի հետ թունավորել է բրիտանացուն: Անցյալ աշնան վերջին 41-ամյա Նիլ Հեյվուդին մեռած էին գտել Չունցին քաղաքի հյուրանոցում: Սկզբում սրտի նոպան էր համարվել նրա մահվան պատճառը, բայց հետո պարզվել էր, որ գործարարին թունավորել են: Հու Կայլայի նկատմամբ դատարանը մահապատժի վճիռ է կայացրել` սպանության մեղադրանքով: Մահապատժի ի կատար ածումը, սակայն, հետաձգվել է 2 տարով (գրել է Правда.ру-ն): Իսկ դա նշանակում է, որ դատապարտյալը կարող է խուսափել դրանից, եթե այդ ընթացքում որևէ այլ հանցանք չգործի: Այդ դեպքում դատավճիռը կփոխվի ցմահ բանտարկության:

Առաջին հայացքից հանցանք-բացահայտում-պատիժ շղթան կարելի էր փակված համարել` դրանում արտառոց ոչինչ չնշմարելով: Բայց ահա FinΖnciΖl TiΗes-ի լրագրողների ամենատես հայացքից չի վրիպել մի «մանրամասն». եթերում ցուցադրված ամբաստանյալի արտաքինը տարբերվել է իրական Հու Կայլայի արտաքինից: Բացի այդ, անվտանգության հարցերով փորձագետները թերթում հայտարարել էին, թե ՉԺՀ պետական հեռուստաընկերություններով ցուցադրված` դատարանի դահլիճ մտնող կինը բնավ Հու Կայլայը չէր. իշխանությունները հրավիրել էին Կայլային շատ նման մեկ այլ կնոջ: Ու հիմա ակտիվ քննարկվում է այդ փոխանակման թեման:

Եթե իսկապես հեղինակազրկված կուսգործիչը ինչ-ինչ պարտադրանքով կամ մեծ ֆինանսներով իր կնոջ փոխարեն ցմահ պատժախուց (լավագույն դեպքում) է ուղարկում ուրիշ մեկին` դա չէր կարող անել առանց իշխանավորների գիտության: Բայց որքա˜ն կարճամիտ պետք էր լինել գոնե դատարանում իրական հանցագործին չներկայացնելու: