Բուդդայի հետ կզվարճանա՞ք


 

Չէ˜, դրա հետևանքները շա˜տ լուրջ կարող են լինել, եթե նույնիսկ զբոսաշրջիկ եք և ձեզ հյուրընկալած երկրում կատակախառն լուսանկարվել եք: Չե՞ք պատկերացնում: Բայց փաստը համառ հանգամանք է:

Շրի- Լանկայի դատարանը ֆրանսիացի երեք զբոսաշրջիկների 6-ամսյա պայմանական ազատազրկման և տուգանքի է ենթարկել` Բուդդայի արձանն անարգելու համար: Ֆրանսիացիները` 2 կին և 1 տղամարդ, բուդդիստական կղզի-պետության կենտրոնական մասում` Քանդի քաղաքում, որոշել են լուսանկարվել Բուդդայի արձանի հետ: Տղամարդը փորձել է կրկնօրինակել Բուդդայի դիրքը, իսկ կանանցից մեկը համբուրել է արձանի շուրթերը: Հետո Շրի-Լանկայի հարավ-արևմտյան Գալլե քաղաք գալով, նրանք լուսանկարչատուն են մտել և խնդրել են տպագրել նկարները: Բայց արի ու տես` այդ լուսանկարները վիրավորել են հավատացյալ աշխատակիցների զգացմունքները (տեղեկացրել է «Ֆրանս Պրես» գործակալությունը):

Ֆոտոստուդիայի աշխատակիցը տեսել է լուսանկարներն ու դիմել Գալլեի ոստիկանություն, որը երկուշաբթի ձերբակալել է զբոսաշրջիկներին: Գործի հետաքննությունն ավարտվել է երեկ` երբ ֆրանսիացիներն իրենց մեղավոր են ճանաչել: Ճիշտ է, կալանքը պայմանական է, և ամբաստանյալները ճաղերի հետևում չեն հայտնվի: 1,5 հազարական ռուփի (11 դոլար) տուգանքն էլ չի թեթևացնի նրանց քսակները: Փոխարենը` ողջ կյանքում նրանք չեն մոռանա այս ուղևորությունը: Մանավանդ` դատարանը հյուրընկալ տանտիրոջ հանգույն` ֆրանսիացիներին չի արտաքսել երկրից, այլ թույլատրել է մինչև իրենց արձակուրդի վերջը մնալ Շրի-Լանկայում: Ափսոս, որ նրանք այլևս այնտեղ նոր արկածներ չեն որոնի: