ԲԵԿՈՐԸ


 

Նրա անվան շուրջ բազմաթիվ լեգենդներ են հյուսվել, ու հաճախ դժվար է եղել զատել իրականի ու անիրականի... սահմանը: Հավատալ, որ անհավատալին իրական է, շոշափելի...…

Աշոտ ՂՈՒԼՅԱՆ (Բեկոր)` Արցախի հերոս, հրամանատար, զինագործ, զինվոր, լեգենդ...…

20 տարի առաջ` այս օրը, Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման մարտերում ընկավ անպարտելի Բեկորը, ով վիրավորվել էր 11 անգամ, մարմնի մեջ բազմաթիվ բեկորներ ուներ: Այդ անգամ, սակայն, մահացու էր խոցվել:

Ու արդեն 20 տարի շարունակ Բեկորն ուղեկցում է մեզ` իր մշտական ներկայությամբ, հերոսական նկարագրով:

Նա այն եզակի անհատներից էր, ով շարժման առաջին իսկ օրվանից գիտակցեց, որ միայն զենքի ուժով ենք վերանվաճելու մեր իրավունքները: Եվ մարտական ընկերների աջակցությամբ ձեռնամուխ եղավ ինքնաշեն զենք պատրաստելու աշխատանքներին:

1991 թ. Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատարն էր, ու նրա առաջնորդությամբ վաշտն անօրինակ սխրանքներ էր գործում պատերազմի ամենաթեժ ճակատներում, ամենավտան գավոր կետերում:

Հերոսը մասնակցել է Ասկերանի, Հադրութի, Շահումյանի, Խոջալուի, Կրկժանի, Լեսնոյի, Քարինտակի, Լաչինի, Մարտակերտի, Սրխավենդի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին: Սխրանքների պսակն, անշուշտ, Շուշիի ազատագրման ռազմագործողությունն էր: Մայիսի 7-ի գիշերը Բեկորի վաշտն առաջինը մոտեցավ բերդի մատույցներին, լուսաբացին առաջինը մտավ բերդաքաղաք:

Մեր խնդրանքով հերոսի մասին իր հուշերը պատմեց Արցախյան գոյապայքարի մասնակից Արթուր ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ, ով թեպետ կարճ ժամանակով, սակայն ճանաչել է Բեկորին.

- Հիշում եմ Աշոտ Ղուլյանին` նիհարակազմ, բարակ ձայնով և կրակոտ հայացքով: Մինչ իրեն անձամբ ճանաչելը լսել էի նրա մասին ու երևակայությանս մեջ նա մի հսկա` հաղթանդամ մարդ էր պատկերվում:

Առաջին անգամ հանդիպեցի 1992-ի հունիսին: ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ընկերներիցս մեկի` Արտաշես Տոռոզյանի հետ Շուշիում վարժարան էինք ուզում հիմնել, բայց մի քանի օր անց սկսվեց Շահումյանի անկումը: Արտաշեսը վերադարձավ Երևան, իսկ ես մտա ՀՅԴ հայաստանյան առաջին վաշտ, որի հրամանատարը Ժիրայր Սեֆիլյանն էր, իսկ փոխհրամանա տարը` Պռոշյանցի Պետոն: Հենց սկզբից ուզում էի մեկնել ճակատ, բայց Պետոն թույլ չտվեց, ասաց` դեռ մարզվել է պետք: Ու, հիմնական ծառայությունս այդ օրերին` մեր ստորաբաժանման ժամապահային ծառայություն էր, քանի որ բոլոր փորձառու տղերքն արդեն մեկնել էին Արցախի հյուսիսային թեժ գիծ:

Հերթապահության ժամանակ արագընթաց մի մոտոցիկլետ մոտեցավ դարպասներին, որոնք այդ ժամանակ բաց էին: Հասկացա, որ ուզում է նույն վարգով զորամաս մտնել, վազեցի և զենքն ուսիցս իջեցնելով` փակեցի ճանապարհը: Հարցրեցի` ու՞ր, ասաց` Ժիրոյի մոտ: Ասացի` այստեղ սպասեք, հիմա կտեղեկացնեմ: Մի քանի քայլ անելուց հետո հիշեցի, որ չեմ ճշտել իր ով լինելը: Ասաց` փոխանցիր, որ Աշոտն է: Հարցրեցի` ինչպե՞ս իմանա` ո՞ր Աշոտը: Ասաց` Ղուլյան: Ես դեռ չգիտեի, որ Բեկորի ազգանունը Ղուլյան է: Մի որոշ ժամանակ անց, երբ դուրս եկան զորանոցից, մեր հրամանատարն ինձ նկատելով, կանչեց: Ապա իր արևմտահայկական առոգանությամբ հարցրեց` դու Աշոտին չե՞ս ճանաչում: Ասացի` արդեն մի ժամ է` դեմքով ճանաչեցի: Ծիծաղեցին, ապա շարունակեց` դու Ասկոլկայի մասին չե՞ս լսել: Ասացի` լսել եմ, բայց չեմ տեսել: Ասաց` դե տես: Իսկ ես զարմացած ասացի` այսքան նիհար Ասկոլկա՞: Կրկին ծիծաղեցին ու այս անգամ ինքը` Բեկորը պատասխանեց` Արթուր ջան, որ ասկոլկաները հաստ լինեին, Ասկոլկան հիմա չէր լինի: Նկատի ուներ բոլոր այն բեկորները, որ կային մարմնի մեջ:

Ասում են` երազում էր պատերազմից հետո տղերքի հետ նավով շրջել բոլոր ծովերով, տեսնել, թե ինչպես են ապրում տարագիր հայերը: Երազանքն անկատար մնաց, անցնելիք ծովեր մնացին...

Հերոսի կրտսեր որդին, ով ծնվել է հոր զոհվելուց հետո, Բեկոր անունն է կրում...

Դեռ նոր Բեկորներ են ծնվելու:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ